Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը:

Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարելիք առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ղարաբաղյան խնդիրը:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում արտգործնախարարները հիմնականում խոսեցին ղարաբաղյան հակամարտությունից և անդրադարձան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` վաղը Վիեննայում կայանալիք հանդիպումանը, հույս հայտնելով, որ այն` «նոր իմաստ կտա բանակցային գործընթացին»:

Սերգեյ Լավրովը, մասնավորապես, ասաց, թե միայն այն փաստը, որ երկու տարվա ընդմիջումից հետո երկու նախագահների միջև նոր հանդիպում է անցկացվում, հույս է ներշնչում, որ գործընթացն առաջ կընթանա: Սերգեյ Լավրովը նաև ընդգծեց, որ խաղաղ բանակցային գործընթացն այլընտրանք չունի:

«Նախագահների ուղիղ շփումը առանցքային է բանակցությունները շարունակելու համար»,- ասաց Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

«Եթե ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի, հնարավոր կլինի մոտենալ խնդրի կարգավորմանը»,- իր հերթին ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը նաև հույս հայտնեց, որ Հայաստանը կլինի Եվրասիական միության հիմնադիրներից մեկը: Իսկ Ռուսաստանի արտգործնարարը ընդգծեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը շատ արագ է առաջ գնում, և բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել Ռուսաստանի և Հայաստանի նախագահները շատ արագ իրականացվում են:

Հանդիպման մասին տեղեկատվություն է տարածել նաև Հայաստանի արտգործնախարարությունը։ Մասնավորապես, ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջի համաձայն, Նալբանդյանը կարևորել է Լավրովի և իր հանդիպումը դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստման առումով։

«Սա լավ հնարավորություն է նաև քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, քննարկել երկկողմ նոր պայմանագրերի համաձայնեցման գործընթացը, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպման ընթացքում:

Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել ղարաբաղյան բանակցային գործընթացում Ռուսաստանի՝ մյուս համանախագահ երկրների հետ միասին, շարունակական ջանքերի համար, որոնք ուղղված են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ մեկ ամբողջություն ներկայացնող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։

Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG