Մատչելիության հղումներ

Փորձագետները ՄՄ մտնելու դեպքում մամուլի ազատության սահմանափակում են կանխատեսում


Ըստ Երևանի մամուլի ակումբի դիտարկման՝ Հայաստանը Արևելյան գործընկերության երկրների շարքում մամուլի ազատության տեսանկյունից երրորդն է: Առաջինը Մոլդովան է, վերջինը՝ Բելառուսը:

Բելառուսական ընդդիմադիր ամենահայտնի ինտերնետային պարբերականի՝ «Խարտիա 97»-ի խմբագիր Նատալյա Ռազինան, Մինսկում բանտարկվելուց, այնուհետև տնային կալանքի տակ գտնվելուց հետո ստիպված էր լքել երկիրը, քանի որ վստահ էր՝ եթե շարունակի հոդվածներ հրապարակել բռնապետ Լուկաշենկոյի իշխանավարության մասին, կարժանանա գործընկերոջ՝ Օլեգ Բաբենինի ճակատագրին, ով սպանվեց նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Գնահատելով մամուլի ազատությունը Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բելառուսում, Երևանի մամուլի ակումբը պարզել է, որ մամուլի ազատության տեսանկյունից Բելառուսը վերջին հորիզոնականում է, թե մամուլի ազատությունն ապահովող օրենսդրության, թե առավել ևս՝ դրա կիրառման առումով:

«Ադրբեջանը և Բելառուսը եզրափակում են ցուցակը: Այս երկրներում դեպքեր կան, երբ բլոգերներին կամ «Ֆեյսբուքում պարզապես ստատուս գրած մարդկանց դատել են», - ասաց Երևանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանը:

Միջազգային տարբեր ուսումնասիրությունների համաձայն, խոսքի ազատության ոլորտում Բելառուսից բացի բռնապետական վարքագծով են աչքի ընկնում նաև Մաքսային միության անդամ մյուս երկու երկրները՝ Ղազախստանը և Ռուսաստանը. բելառուս Օլեգ Բաբենինին վերագրվեց ինքնասպանություն, ռուսաստանցի լրագրող Աննա Պոլիտկովսկայան սպանվեց յոթ տարի առաջ և գործը դեռ բացահայտված չէ: Ղազախստանում մոտ մեկ ամիս առաջ մահացավ իշխանությունների հասցեին քննադատական հոդվածներով հանդես եկող Իգոր Լարրան, ում դաժանաբար ծեծել էին 2013-ի օգոստոսին:

Մինչդեռ Հայաստանում վերջին տարիներին փորձագետները որոշակի առաջընթաց էին արձանագրում: Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա մամուլի ազատության վրա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը արձագանքեց.- «Չնայած այս ինդեքսը իր մեթոդաբանությունն ունի, բայց այն սկզբունքորեն չի տարբերվում Freedom Housе-ի կիրառած մեթոդաբանույթունից, ըստ որի Ռուսաստանը Բելառուսից բարձր է, բայց Ադրբեջանի հետ մոտավորապես նույն դիրքերում է: Եթե Մաքսային Միություն մտնելիս մերձեցում լինի նաև ԶԼՄ օրենսդրական դաշտերի դեպքում, ապա կունենաք ցուցանիշների վատթարացում»:

Եթե նախկինում համեմատվում էինք Արևելյան գործընկերության երկրների հետ, որտեղ մամուլի ազատությանը վերաբերող չափանիշները բավականին բարձր են, և Հայաստանը 3-4-րդ տեղերում է, ապա Մաքսային միության երկրների հետ համեմատվելու դեպքում Հայաստանը գուցե առաջին տեղը գրավեր, նշում են փորձագետները:

Ըստ այս վերջին դիտարկման, առնվազն դիտարկման ժամանակահատվածում, Հայաստանում մեծ հաշվով լրագրողների գործողությունների սահմանափակում չի նկատվել:
XS
SM
MD
LG