Մատչելիության հղումներ

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի բարեկամները ստորագրահավաք են նախաձեռնել՝ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով:

Հայտնի արվեստագետը երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում և ունի կրկնակի՝ հայկական և ֆրանսիական քաղաքացիություն, հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կալանավորված էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:

«Մենք շատ հուզված ենք, քանի որ մարդու մահ կա, և ցավակցություններս ենք հայտնում: Ամեն պարագայում, քանի որ ֆրանսիայի անձնագրի տեր լինելով, վախենում են, որ նա կարող է փախչել, մտածում ենք, թե ինչպե՞ս կարող են մարդիկ կասկածել, որ այսքան մեծ պատասխանատվությունից նա կարող է փախչել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ստորագրահավաքի նախաձեռնողը՝ փարիզահայ բեմադրիչ Գրիգոր Ամելը, ով Վարդան Պետրոսյանի կնոջ՝ Անի Ամելի եղբայրն է:

Գրիգոր Ամելի խոսքով, դերասանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան պահել քրեակատարողական հիմնարկում:

«Ձերբակալման պայմանները շատ դաժան վիճակում են կատարվել, քանի որ հիվանդ վիճակի մեջ, 12 ժամ հաց չուտելով, սպասել է դատարանում, շտապօգնությամբ է տարվել հիվանդանոց: Բողոքարկում ենք Հայաստանի դատախազությանը՝ այսօր 5 հազար հոգի ստորագրեց 24 ժամում: Վարդան Պետրոսյանը պետք է բանտից դուրս հանվի և իր ձերբակալության որոշումը հանվի: Մինչև այդ ժամանակը պետք է ստորագրենք՝ ազատ, բայց քաղաքացիական հիվանդանոցի մեջ բուժվելու պայմանով», - հավելեց նա:

Նա հավելեց, որ իր քույրը միայն այսօր է հնարավորություն ունեցել տեսակցել դերասանի հետ, երբ Վարդան Պետրոսյանը մեկ օրով՝ հավանաբար քննություն անցնելու համար, տեղափոխվել է սրտաբուժական քաղաքացիական հիվանդանոց և այնտեղ Անին հնարավորություն է ստացել տեսակցել նրա հետ:
XS
SM
MD
LG