Մատչելիության հղումներ

Թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը


Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան

Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան

Թատերական գործիչներին միության 15-րդ համագումարն այսօր բաց քվեարկությամբ չորրորդ անգամ միության նախագահ վերընտրեց Հակոբ Ղազանչյանին։ Այսօր տեղի ունեցավ նաև վերստուգիչ հանձնաժողովի և միության վարչության անդամների ընտրությունը։

Միության 660 անդամներից ընտրված 137 պատվիրակներից համագումարին մասնակցում էին 122-ը, և նրանցից միայն մեկը՝ Մուրադ Ջանիբեկյանը դեմ քվեարկեց Հակոբ Ղազանչյանին։ Թե ինքը, թե համագումարի մասնակիցները նրա այս քայլը հումորով ընդունեցին՝ «գոնե մեկը պիտի դեմ լինի՞» սկզբունքով։

Հակոբ Ղազանչյանն, իր երախտագիտությունը հայտնելով միության անդամներին վստահության համար, խոստացավ, որ սա կլինի իր վերջին ընտրությունը, եթե Ազգային ժողովն ի վերջո չընդունի ստեղծագործական միությունների մասին օրենքը, որը հնարավորություն կտա միություններին հասարակական կազմակերպություններից կրկին վերածվել ստեղծագործական միությունների։ Դա շատ ավելի լայն հնարավորություններ ընձեռել գործունեության համար և նախագահն էլ ներկայիս երկուսի փոխարեն կընտրվի 4 կամ հինգ տարով։

Այսօր համագումար օրակարգում բացի նոր ընտրություններից ընդգրկված էր միության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, որը վերաբերում էր, մասնավորապես, միության սփյուռքահայ անդամներին առավել մեծ լիազորությաններով և արտոնություններով օժտելը։

Թե միության նախագահ Հակոբ Ղազանչյանը իր հաշվետու զեկույցում, թե թատերական գործիչներ համագումարի ընթացքում իրենց հուզող բազմաթիվ ցավոտ հարցեր բարձրացրեցին՝ կապված թե թատերական գործիչների շատ ցածր՝ 45-50 հազար դրամ աշխատավարձերի, թե արվեստի և մշակույթի, հատկապես թատերարվեստի նկատմամբ անտարբերության հետ, Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի վիճակի մասին խոսեցին, թատրոնի մասին օրենքի բացակայության, մարզային թատրոնների ցավալի վիճակի մասին և այլն։

«Ազատության» հետ զրույցում Հակոբ Ղազանչյանը շեշտեց, որ միությունը այսօր լծակներ չունի այդ խնդիրները լուծելու։

«Միայն կարող է բարձրաձայնել... եթե պետությունը մի քիչ ավելի խելոք լիներ և տարբեր շանտաժների չգնար, ես կարծում եմ, որ պետությունը բավականին լուրջ ուշադրություն կդարձներ միություններին, կօգներ, որ միությունները ֆինանսական խնդիրները ավելի թեթև տանեին, նաև միության ձայնը մի քիչ ավելի լսելի կդարձներ»,- ասաց Ղազանչյանը՝ մանրամասնելով. - «Շանտաժ ասելով նկատի ունեմ կողքից խոսակցությունները, որ միությունները բրեժնևյան կառույցներ են»։
XS
SM
MD
LG