Մատչելիության հղումներ

Հալեպում իրավիճակը ավելի է սրվել


Սիրիա - Ավերակների վերածված շենքեր Հալեպի փողոցներից մեկում, հուլիս, 2013թ․

Սիրիա - Ավերակների վերածված շենքեր Հալեպի փողոցներից մեկում, հուլիս, 2013թ․

Կառավարական զորքերի առաջխաղացմանն ի պատասխան՝ ընդդիմադիրները ակտիվացել են ու թիրախ ընտրել խաղաղ բնակչությանը, փոխանցում է հալեպահայ լրագրողը:

Վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքում իրավիճակը ավելի է սրվել՝ կառավարության դեմ պատերազմող զինյալ խմբավորումների կողմից ավելացել են ռմբակոծությունները խաղաղ բնակչության դեմ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը փոխանցեց, որ արդեն մի քանի օր է՝ հայկական ու նաև արաբական դպրոցները հարկադիր արձակուրդում են, և եթե վիճակը չփոխվի, դասերը հավանաբար առաջիկա երկուշաբթի էլ չեն վերսկսվի։

«Այսինքն, Հալեպում գործում են հինգ ազգային դպրոցներ, կան հինգ թեմական, միութենական, տասը դպրոցներ կան, որոնք գործում էին շատ բնականոն ձևով, մի շարք դպրոցների վայրերը տեղափոխվել են, սակայն բոլորն էլ օրինական կերպով գործում էին: Այս անցնող մի քանի օրերին արձակուրդ հայտարարեցին բոլորը անխտիր, արաբական դպրոցներ էլ կան, որոնք արձակուրդ հայտարարեցին՝ այն մտավախությամբ, որ այդ արկերի և այլն կարող են դպրոցներ, աշակերտները թիրախ դառնան, ինչպես որ պատահեց Դամասկոսում», - ասաց Պողիկյանը:

Հալեպահայ լրագրողի կարծիքով՝ վերջին սրացումների պատճառը կառավարական զորքերի առաջխաղացումն է, ինչին ի պատասխան՝ ընդդիմադիրները ակտիվացել են ու թիրախ ընտրել խաղաղ բնակչությանը։

Պողիկյանը հիշատակում է երկու օր առաջ Հալեպի Մուշիե թաղամասում տեղի ունեցած ուժգին պայթյունները, որոնց արդյունքում զոհվել է շուրջ վեց տասնյակ մարդ, այդ թվում ՝ ազգությամբ հայ 47-ամյա Գևորգ Պողոսյանը։ «Մուշիեում որ վերջինը պայթեց՝ շատ սրտաճմլիկ պատկեր էր», - փոխանցեց հալեպահայ լրագրողը: «Այսպիսի անապահով վիճակի մեջ ենք», - ընդգծեց նա:

Պողիկյանը մեկ այլ օրինակ բերեց՝ անցած շաբաթ Վիլլաներ կոչվող թաղամասում արկ է պայթել, ինչի հետևանքով վիրավորվել են հինգ հայեր։ Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ռումբերի, արկերի ու հրթիռների պայթյունների տակ ավելի քան երկու տարի կյանքը շարունակող սիրիահայերը վախով են դուրս գալիս փողոց։ Հալեպից չհեռացած ընտանիքները ստիպված են գոյատևել առանց էլեկտրականության, ջրի ու սննդի։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Տիգրանուհի Պարոնյանը պատմում է, որ հիմնականում ապրում են կալանավորների պես ու հազվադեպ՝ մեծ անհրաժեշտության դեպքում են տնից դուրս գալիս։ «Այո, շատ վտանգավոր է: Չգիտես՝ որտեղ, երբ, ինչ պետք է լինի», - ասաց նա:

Զինյալների ակտիվացման պատճառով վերջին շրջանում էլեկտրականության և ջրի խնդիրն ավելի է սրվել։ Նրանց հարձակումներից վնասվել են էլեկտրալարերը։ Կինն ասում է, որ օրվա մեջ կես ժամ է էլեկտրականություն լինում, ջուր քիչ կա։

Հալեպահայ լրագրող Զարմիկ Պողիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ նաև սննդի խնդրին։ Հատկապես սուղ է կաթնամթերքի ու մսամթերքի հարցը: Եղածն էլ տասնյակ անգամ թանկ է ու շատերի համար անհասանելի։

Սփյուռքի երբեմնի ամենակազմակերպված համայնքում այսօր մնացել են հիմնականում նրանք, ովքեր ուղղակի հնարավորություն չունեն երկրից դուրս գալու, նշեց լրագրողը։ Հատկապես մեծահարուստ հայերն են լքել Սիրիան, ասաց նա:

«Մեծահարուստներ, օրինակ՝ գործատերեր, որոնք մեծ դրամագլուխներով են աշխատում, վախեցան, որ կարող են առևանգվել, այդ պատճառով նրանց 60 տոկոսը, կարող եմ ասել, որ արդեն Հալեպը լքել են, մեկնել են տարբեր երկրներ՝ Հայաստան և Լիբանան կամ Եվրոպա», - փոխանցեց Պողոսյանը:

Ավելի քան երկու տարի շարունակվող սիրիական հակամարտության հետևանքով հայկական համայնքի կորուստներն անցնում են հինգ տասնյակը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրում զոհերի թիվը գերազանցում է 100 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG