Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարը կշարունակվի


Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ, 15-ը նոյեմբերի, 2013թ․
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ, 15-ը նոյեմբերի, 2013թ․

Համակարգին դեմ դուրս եկած քաղաքացիները մտադիր են օգտագործել բոլոր իրավական միջոցները՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

Արդեն այսօրվանից քաղաքով կշրջեն մեքենաներ, որոնց վրա փակցված թղթիկների միջոցով հանրության լայն զանգվածները կտեղեկանան, թե ինչ բացասական հետևանքներ իր հետ կբերի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Չնայած ուրբաթ օրը խորհրդարանում արտահերթ նիստը տապալվեց, այդուհանդերձ, համակարգին դեմ դուրս եկած քաղաքացիները շարունակելու են պայքարը՝ օգտագործելով բոլոր իրավական միջոցները ցանկալի արդյունքի հասնելու համար:

Շաբաթ օրը այս համակարգի ընդդիմախոսները հավաքվել էին Մաշտոցի պուրակում և քննարկում հետագա քայլերը:

Մասնակիցներից Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ առաջին հերթին պետք է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք իրավական, տնտեսական, կազմակերպչական հարցերով կզբաղվեն:

«Օրինակ, արհմիություններ ստեղծելու առաջարկ կա, աշխատողների շահերը պաշտպանելու գործառույթը նաև կվերցնի իր վրա: Դա նաև կարող է հետագայում պետք գալ գործադուլներ կազմակերպելու համար», - նշեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Facebook-ում ձևավորված ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների նախաձեռնությունը մի շարք ատյանների նամակ էր ուղարկել՝ ներկայացնելով մտահոգիչ հարցերը, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Հաջորդ նամակի հասցեատերը պետք է լինի Սահմանադրական դատարանը:

Մասնագիտությամբ իրավաբան Մերի Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ Փաստաբանների պալատին են դիմել՝ որպես երրորդ, չեզոք կողմ միանալու համար: Բացի այդ, երկուշաբթի օրը պատրաստվում են ևս մեկ նամակ հանձնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ արտահերթ զեկույցով հանդես գալու առաջարկով:

«Գոնե զեկույցով հանդես գա, արձագանքի հանրության այս ստվար զանգվածի դժգոհության վերաբերյալ իր՝ որպես օմբուդսմեն երկրի, տեսակետը: Որովհետև օրենքը ամբողջովին ինքը կասկածանքի տակ է դնում իր հիմնավորվածությունն ու օրինականությունը», - ասաց իրավաբանը:

Իրազեկման աշխատանքներ նույնպես տարվելու են՝ թիրախային կետ են բուհերը: Ըստ ակտիվիստների՝ այսօր արդեն պետք է ուսանողներին հասկացնել, որ խնդիրը նաև իրենց է վերաբերում, քանզի շուտով նրանք նույնպես մտնելու են աշխատաշուկա:

Եթե նույնիսկ մինչև հունվարի 1-ը խնդրին որևէ լուծում չտրվի, ակտիվիստները կոչ են անում 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին՝ պարզապես բոյկոտել օրենքը և չվճարել:

«Ուղղակի բոյկոտել և խնդրել գործատուներին, որ իրենց հաշվից վճարում չկատարեն: Օրինակ, ես պատրաստվում եմ այդպես անել՝ խնդրելու եմ իմ գործատուին, որ այդ պարտավորությունը չկատարի, և գրավոր տեղեկացնելու եմ գործատուին՝ չկատարելու դեպքում ես քայլեր եմ ձեռնարկելու դատական կարգով վիճարկել այն», - հայտարարեց Մերի Խաչատրյանը:

Ընդդիմախոսների շրջանում կան իրավաբաններ, որոնք ուսումնասիրում են՝ չվճարելու, բոյկոտելու դեպքում ինչ պատասխանատվության կենթարկվի քաղաքացին: «Կարծում եմ, որ ճանապարհներ կլինեն, իրավաբանությունը այնպիսի ճկուն մասնագիտություն է, որ կարող ես ամեն հնար գտնել՝ դատական կարգով այն վիճարկելու և փորձել քո խախտված իրավունքները վերականգնելու», - ընդգծեց Խաչատրյանը:

Մինչ այդ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողները չեն դադարեցնելու իրենց պայքարը, չի բացառվում, որ ցույցերը հասնեն մինչև Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր: «Նախագահից պահանջել, որպեսզի այս օրենքը ունենա դրական լուծում», - ասացին նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG