Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 16-ի մամուլ


Այսօրվա մամուլը հիմնականում անդրադառնում է կենսաթոշակային կուտակային նոր համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Չորրորդ իշխանություն»-ը «Թոշակները կուտակում եք, որ ի՞նչ անեք» վերնագրի ներքո գրում է․ - «Կենսաթոշակների կուտակային համակարգը լավ է, թե ոչ՝ Հայաստանի դեպքում բացարձակապես նշանակություն չունի: Մարդիկ դրա դեմ պայքարում են ոչ այն պատճառով, որ համակարգը լավը չէ: Մարդիկ պայքարում են, որովհետև հասկանում են՝ այդ համակարգը չի գործելու, և իրենք զոռով իրենցից խլվող գումարները 30-35 տարի հետո չեն ստանալու»: «Հիմա դուրս եկեք փողոց և այդ նույն երիտասարդներին հարցրեք՝ իրենցից քանի՞սն է հավատում, որ մինչև կենսաթոշակային տարիքը ապրելու է Հայաստանում: Հավատացնում ենք՝ առավելագույնը 10-15 տոկոսը: Պարզ ասած՝ մարդիկ չեն ուզում իրենց աշխատավարձի մի մասը տալ կուտակային հիմնադրամին, որովհետև հավատացած են՝ առաջիկայում ստիպված են լինելու արտագաղթել, այսինքն՝ թոշակի անցնել այլ պետությունում», - նկատում է թերթը:

Թեման շարունակում է «Ժամանակ»-ը: Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում այս հարցը քննարկելու համար հրավիրված արտահերթ նիստի՝ Հանրապետական խմբակցության կողմից բոյկոտին, թերթը գրում է․ - «Իրականում, իհարկե, զավեշտի ժամանակը չէ, որովհետև այս իրողությունը վկայում է Հայաստանում լրջագույն ճգնաժամի մասին: Բոյկոտը հուսահատության դրսևորում է, և եթե հուսահատություն է տիրում նույնիսկ իշխանական մեծամասնության շարքերում, ապա կարելի է ուղղակի պատկերացնել, թե ինչպիսին է վիճակը երկրում: Իսկ վիճակը իսկապես շատ լուրջ է: Այս իրողությունը վկայում է, որ երկրում պարզապես իշխանություն չկա, և նույնիսկ ավտոպիլոտն էլ միացված չէ»:

Նույն թեմայով «Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է․ - «Սրա դեմն առնելու միակ տարբերակը Ազգային ժողովի ընտրություններին մատների արանքով նայելու սովորույթից հրաժարվելն է: Որ հանրությունը հասկանա՝ միայն մեկ անձից՝ ՀՀ նախագահից չի կախված այս երկրում կատարվող ամեն ինչ, այլ նաև օրենսդիր մարմնից, որը լայն լիազորություններ ունի և հսկայական լծակներ: Եվ երբ այդ լծակները գործի դնողները նորմալ մարդիկ լինեն՝ ոչ կոճակ սեղմողներ, մեր կյանքում կարող է շատ բան փոխվել: Բազում նորմալ օրենքներ կընդունվեն, իսկ աննորմալները կհաջողվի կասեցնել: Ուստի պատի տակ, խոհանոցներում նվնվալու, սրան-նրան մեղադրելու, դաժան ճակատագրից բողոքելու փոխարեն պետք է ընտրությունների ժամանակ աչալուրջ լինել և քվեները չվաճառել»:

«Ժողովուրդ»-ը, իր հերթին, գրում է․ - «Այս քայլով ՀՀ իշխանությունները երեկ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք մտադիր չեն որևէ հարցում գնալ որևէ զիջման: Իսկ այդ գործելակերպը, թերևս, կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Այս տարիների ընթացքում հասարակությունը գնալով համոզվում է, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով իշխանափոխությունը գործնականում անհնար է, որ իշխանությունները, ի սկզբանե մերժելով զիջումների գնալու ճանապարհը, մարդկանց դրդում են ապստամբության ու կոշտ մեթոդների: Առավել ևս, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է․ - «Անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որ նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ»: Հիմա ՀՀ քաղաքացին կանգնած է ընդվզման շեմին: Իշխանության նկատմամբ վստահության չափաբաժինն արդեն սպառվել է»:

«168 ժամ»-ի հարցերին է պատասխանել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Անդրադառնալով իր առանձնատան հետ կապված պատմությանը՝ Զաքարյանը ասել է, որ առանձնատան կառուցման ֆինանսավորումը կատարել է ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանը, ով իր երկարամյա ընկերն է: «Ալբերտ Բոյաջյանն իմ լավագույն ընկերներից է: Հիանալի մարդ, ընտանիքիս բարեկամ, ով, արդեն մի քանի տարի է, Հայաստան ժամանելուց ոչ թե հյուրանոց է գնում, այլ ապրում է մեր տանը, քանզի մեր բարեկամական հարաբերություններն ավելի քան 15 տարվա պատմություն ունեն: Իմիջիայլոց՝ այն տանը, որը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի իսկ աջակցությամբ: ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առանձնատան թեմայով պարբերաբար հնչեցվող հարցին բազմիցս պատասխանել եմ, ում հետաքրքրում է այդ հարցը, կարող է կարդալ 2011թ․ «Իրավունք» պարբերականին Ալբերտ Բոյաջյանի տված հարցազրույցը»: «Լրացուցիչ ուզում եմ ներկայացնել երկու փաստաթուղթ ևս՝ իրավիճակն ավելի հստակեցնելու համար․ տան կառուցման հետ կապված հիմնական ծախսերն արվել են Ալբերտ Բոյաջյանի անձնական հաշիվներից: Այս մասին շատերը գիտեն․ և՛ իմ բարեկամները, և՛ իմ ծանոթները, և՛ իմ ընկերները», - ասել է Վերահսկիչ պալատի նախագահը՝ ներկայացնելով լիազորագրեր, որտեղ ասված է, որ Ալբերտ Բոյաջյանը Իշխան Զաքարյանին թույլատրում է կառավարել իր բանկային հաշիվները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG