Մատչելիության հղումներ

Մկրտիչ Մինասյանը վերընտրվեց Ճարտարապետների միության նախագահ


Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ելույթ է ունենում միության համագումարում, Երևան, 16-ը նոյեմբերի, 2013թ․

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ելույթ է ունենում միության համագումարում, Երևան, 16-ը նոյեմբերի, 2013թ․

Ի տարբերություն Հայաստանի Գրողների և Կոմպոզիտորների միություններում վերջերս տեղի ունեցած համագումարների՝ շաբաթ օրը կայացած Ճարտարապետների միության 18-րդ համագումարը անցավ բոլորովին խաղաղ ու հանդարտ:

Համագումարի օրակարգում միության գործող նախագահ Մկրտիչ Մինասյանի, միության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետու զեկույցներն էին, նաև՝ միության նախագահի և վարչության նոր կազմի ընտրությունները:

Միությունն ունի 670 անդամ, որոնցից միայն 172-ը Հայաստանում չեն բնակվում այսօր, 32-ի բնակության վայրն ընդհանրապես անհայտ է, 18 ճարտարապետ էլ հիվանդության պատճառով չէր կարող մասնակցել համագումարին:

Ընդհանուր առմամբ, քվորումն ապահովված էր, և համագումարն սկսեց աշխատանքը:

Առաջինը ողջույնի խոսքը տրվեց ամենատարեց ճարտարապետին՝ Ջիմ Թորոսյանին, հետո ճարտարապետների, Երևանի քաղաքապետի և իր անունից ողջույնի խոսք ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ելույթ ունեցան Նկարիչների, նաև Շինարարների միությունների նախագահները, հետո էլ հնչեցին հաշվետու զեկույցները: Դրանց հաջորդեցին արդեն ընտրությունները:

Փաստորեն, միության նախագահի մեկ թեկնածու կար․ միության գործող նախագահ Մկրտիչ Մինասյանի թեկնածությունն առաջադրվեց համագումարի տարբեր մասնակիցների կողմից:

Եղան նաև այլ թեկնածուների առաջադրումներ, մասնավորապես՝ Ալեքսանդր Բադալյանի, Սաշուր Քալաշյանի, Նունե Չիլինգարյանի թեկնածությունները, բայց նրանք անմիջապես ինքնաբացարկ հայտնեցին:

Համագումարը վարող՝ միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն էլ առաջարկեց․ - «Եթե մեկ թեկնածություն է առաջադրվում, գուցե ոչ թե փակ գաղտնի, այլ բաց քվեարկությամբ ընտրություն կատարենք»:

Համագումարի մասնակիցները կողմ քվեարկեցին այդ առաջարկին և բաց քվեարկությամբ գրեթե միաձայն վերընտրեցին միության գործող նախագահ Մկրտիչ Մինասյանին:

Միայն մեկ ճարտարապետ էր դեմ, նա էլ տեղից ասաց, որ դեմ է ընտրության այս ձևին և ոչ թե անձին:

Հաշվետու զեկույցում Մկրտիչ Մինասյանը անդրադարձավ առհասարակ միությունների գոյության նպատակահարմարության՝ վերջերս կրկին շրջանառվող հարցին, շեշտելով միությունների կարևոր դերը արվեստի և մշակույթի ոլորտում:

Նա ասաց, որ վերջին տարիներին ասես միությունն իր խեղճ վիճակից փոքր-ինչ դուրս է եկել, թեև ճարտարապետության մասին օրենքի բացակայությունը շատ է կաշկանդում իրենց գործունեությունը, և իրենք շատ հաճախ չեն կարողանում որոշակի խնդիրներ լուծել, ինչպես, օրինակ, Փակ շուկայի խնդիրը, որը Մինասյանը որակեց այսպես․ - «Մեր խայտառակությունն է, և մենք պետական ողջ կառույցներով չկարողացանք այն պահպանել»:

Մինչ համագումարի բացումը Մկրտիչ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ի պատասխան հարցի, թե վերընտրվելուց հետո իր ամենակարևոր, հրատապ քայլը որն է լինելու, ասաց․ - «Նախ և առաջ, եթե մենք ճարտարապետական գործունեության մասին օրենքը կարողանանք հաղթահարենք և դուրս բերենք, շրջանառության մեջ դնենք, դա կլինի ամենալավ աշխատանքը»:

Ճարտարապետության ոլորտում ամենամեծ հիմնախնդրին և դրա լուծման գործում միության դերին վերաբերող հարցին Մինասյանը արձագանքեց․ - «Ես ասացի, որ եթե մենք ունենանք էդ լծակը, այսպես կոչված, օրենքը, մենք դրանով կկարողանանք կարգավորել թե՛ ճարտարապետների խնդիրները՝ իհարկե, ոչ բոլորը միանգամից, թե՛ քաղաքաշինական խնդիրների մեջ պարզություն և հստակություն կմտցվի, և դրանից բխող դրական բոլոր բաները»:

Իսկ թե ինչու այդ օրենքը մինչև հիմա չեն ընդունում՝ Ճարտարապետների միության նախագահը այդ կապակցությամբ ասաց․ - «Չեն ընդունում, որովհետև երևի թե մենք չենք հասել, որովհետև ոչ միայն մեր մոտ ընդունված չէ, այլև հետխորհրդային բոլոր երկրներում այդպիսի խնդիր ունեն»:

Ճարտարապետ Սերգեյ Ամիրղանյանը միայն լավատեսական սպասումներ ուներ համագումարից: «Միայն լավ, շատ լավատեսական սպասումներ ունեմ, կարծում եմ՝ այս համագումարը կօգնի մեզ՝ ավելի միավորվենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Ճարտարապետ Աշոտ Պապոյանն էլ շեշտում էր․ - «Միության դերը շատ կարևոր է, լծակները կառավարությունից վերև՝ պրեզիդենտի մակարդակով պիտի լուծվի»: Ամենակարևոր հիմնախնդիրը ճարտարապետության ոլորտում, ըստ նրա, այն է, «որ չփչացնեն քաղաքը»:

Ճարտարապետներից մեկն էլ ասում էր․ - «Շատ խեղճ ենք ահա: Մենք ձայն չունենք: Էդքան [Փակ] շուկան ասում են, ասում են՝ դա նշանակում է, որ մեզ բանի տեղ դնող չկա, այսինքն՝ արվեստագետի ձայնը, ճարտարապետի ձայնը ոչ մի տեղ չի հասնում: Չէ որ մենք ենք՝ ճարտարապետներն ենք տոն տալիս քաղաքին, կառուցում ենք և այլն, բայց բոլորը՝ իշխանական թևը, օլիգարխները, ինչ ուզում՝ սարքում են»:
XS
SM
MD
LG