Մատչելիության հղումներ

45 միլիոն դրամ տուգանք՝ 130 միլիոն դրամի վնասի դիմաց


ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մանկապարտեզներին, ծերանոցներին ու մանկատներին սնունդ մատակարարող երեք ընկերությունների տուգանեց 45 միլիոն դրամով՝ յուրաքանչյուրին 15 միլիոնով։

«Ամարաս Յուս», «Երեքնուկ» և «Սեար գրուպ» ընկերությունները պետական գնումների մրցույթների ժամանակ գործել են փոխհամաձայնեցված սկզբունքով, արդյունքում հաղթել և շուկայականից ավելի բարձր գներով սննդամթերք են վաճառել պետությանը՝ միայն 2012 թվականին պետությանը պատճառելով 130 միլիոն դրամի վնաս։

«Ընկերությունները փոխադարձաբար հաղթել են տարբեր մրցույթներում, շուկան կիսել են իրենց միջև և դա էլ հենց հնարավորություն է տվել ապրանքների մատակարարումն իրականացնել շատ ավելի բարձր գներով, քան հնարավոր էլ ձեռք բերել»,- ասաց մրցակցության գնահատման բաժնի պետ Մանուկ Միքայելյանը:

Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունները մեկ այլ խորամանկության էլ են դիմել. նրանցից մեկը ցածր գնով շահել է մրցույթն, այնուհետև հրաժարվել ու տեղը զիջել հաջորդ՝ կրկնակի, եռակի բարձր գնով մրցույթին մասնակցած և երկրորդ տեղը զբաղեցրած ընկերությանը, որը փաստացի նույն ընկերությունն է եղել։

«Խտացրած կաթ ապրանքատեսակի գծով ներկայացրել է թիվ 47 մանկապարտեզում 450 դրամ գնային առաջարկ, ճանաչվել է հաղթող, սակայն մեկ այլ մրցույթում «Ամարաս Յուս» ընկերությունը նույն ապրանքի համար ներկայացրել է արդեն 1100 դրամի գնային առաջարկ, պարտվել է և հաղթող է ճանաչվել նրա հետ համաձայնության եկած «Երեքնուկ» ընկերությունն՝ խտացրած կաթի գծով ներկայացնելով արդեն 895 դրամ գնային առաջարկ»,-նշեց Միքայելյանը։

Մրցակցության գնահատման բաժնի պետի խոսքով՝ նախնական տպավորությունը, թե գնումների ժամանակ պետությունը գործ է ունեցել միմյանց հետ կապ չունեցող, երեք տարբեր ընկերությունների հետ, իրականում այդպես չէ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երեքը մեկ կետից ղեկավարվող կառույցներ են։

Այսօրվա նիստին տնտեսվարողները չէին ներկայացել։ Այս տնտեսվարողներն առաջին անգամ չէ, որ հայտնվել են հանձնաժողովի տեսադաշտում։ Անցյալ տարի էլ տուգանվել են ընդհանուր առմամբ 15 միլիոն դրամով մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար։

«Համաձայն պետական գնումներ ոլորտում գործող նոր օրենսդրության՝ հանձնաժողովը ֆինանսների նախարարություն է ուղարկել բոլոր այն տնտեսվարողների ցուցակը, որոնք հակամրցակցային համաձայնության մեջ են մտել։ Ֆինանսների նախարարությունն այդ տնտեսվարողների տվյալները ներառում է սև ցուցակի մեջ, նրանք որոշակի ժամկետով զրկվում են պետական գնումներին մասնակցելու իրավունքից»,- ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

«Ամարաս Յուս» ընկերության գործադիր տնօրեն և «Սեար գրուպ»-ի հիմնադիր Յուրա Ադյանն «Ազատությանը» փոխանցեց, որ մրցույթին մասնակցել է արդար սկզբունքներով, օրենքի խախտումներ չի կատարել, այսօրվա տուգանքի մասին էլ մեզանից է տեղեկացել, այլապես նիստին կներկայանար որոշման իրավացիությունը մերժող հստակ փաստարկներով։

«Ես համամիտ չեմ այդ ապօրինի որոշման հետ, միջոցներ կձեռնարկեմ դատական կարգով այդ որոշումը վիճարկելու և իմ անմեղությունը հաստատելու համար»,- տեղեկացրեց Ադյանը։

Հարցին թե, ո՞րն է, ինչպես ինքը որակեց, ապօրինի որոշման պատճառը, Ադյանը պատասխանեց.- «Պատճառն ավելի խորքային է և իրականում իմ տնտեսական գործունեության հետ կապ չունի։ Մրցակցային ոլորտում կան ընկերություններ, որոնք որոշակի հովանավորչություններ ունեն, և նպատակը ինձ մրցակցային դաշտից դուրս հանելն է, որովհետև արդար պայքարում, ըստ երևույթին, տեսնում են, որ չեն կարողանում ինձ՝ 15 տարի ոլորտում գործունեություն ծավալողիս դուրս մղել, որոշել են այս ճանապարհով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG