Մատչելիության հղումներ

Հայաստանը «ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը»


Իվան Վոլինկինը իր հավատարմագրերն է հանձնում նախագահ Սերժ Սարգսյանին: 25-ը մայիսի, 2013թ.

Իվան Վոլինկինը իր հավատարմագրերն է հանձնում նախագահ Սերժ Սարգսյանին: 25-ը մայիսի, 2013թ.

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով`անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը:

Նման հայտարարություն Վոլինկինն արեց այսօր «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դեսպանը հավելեց, որ իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են նաև Մաքսային միության այլ անդամները՝ ներառյալ Ռուսաստանը:

Հարցին, թե ինչպես կարձագանքի Երևանում բարձրաձայնվող մտահգություններին, թե անդամակցելով Մաքսայաին միությանը՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը և այդպիսով պարզապես վերստղեծվում է Խորհրդայաին Միությունը, դեսպանը պատասխանեց. - «Իսկ մի՞թե Եվրամիության անդամ երկրները չզոհաբերեցին իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվում էին: Այդ երկրների մի մասն անգամ զոհաբերեց իրենց արդյունաբերության, գյուղատնտեսության որոշակի հատվածը: Ի դեպ, Մաքսային միությունը նման զոհողություններ չի պահանջում: Դեռ ավելին՝ Հայաստանի արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը լրացուցիչ խթան կստանան զարգացման ու եվրասիական շուկայի յուրացման համար»:

Ինչ վերաբերում է Խորհրդային Միության վերստեղծմանը վերաբերող մտահոգություններին` Վոլինկինն ասաց. - «Խորհրդային Միությունը այլևս անցյալում է, և վերադարձ դեպի ԽՍՀՄ չկա՝ նրա դրական ու բացասական կողմերով հանդերձ: Լիովին վստահ եմ, որ նոր ԽՍՀՄ չի լինելու… Մաքսային միության անդամ երկրները իրենց ինքնիշխանությունը ամբողջովին չեն կորցնի, սակայն իրենց ինքնիշխանության մի մասը, առանց որևէ կասկածի, նրանք պետք է փոխանցեն վերազգային մարմիններին: Դա տեղի է ունենում ինտեգրացիոն բոլոր միավորումներում՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում, ուր ասես»:

Հարցին, թե արդյոք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դա ի նկատի ուներ, երբ օրերս Մինսկում Մաքսային միության գագաթնաժողովում հայտարարեց, թե ինքնիշխանությունը սրբապատկեր չէ, ամեն ինչ իր գինն ունի, դեսպանը պատասխանեց. - «Կարծում եմ՝ այդ բառերը շատ ճիշտ են․ Ռուսաստանն էլ է տվել իր ինքնիշխանության մի մասը վերազգային կառույցին, բայց միևնույն ժամանակ մենք մեզ օկուպացված չենք զգում»:

Հանրահայտ է Ռուսաստանի դիրքորոշումը Եվրամիության հետ հետխորհրդային երկրների համագործակցության, այդ թվում ասոցացման ու ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Մոսկվան իր դիրքորոշումը շարունակում է հայտնել հրապարակավ: Սակայն ուշագրավն այն է, որ հետխորհրդային երկրների նախագահները՝ Հայաստանի նախագահը, ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության` նաև Ուկրաինայի նախագահը, իրենց որոշումը, հայտարարությունը՝ Մաքսային միությանը անդամակցելու կամ Ռուսաստանի շուկայի անփոխարինելիության վերաբերյալ, հայտնում են Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպումից հետո:

Դիտարկմանը, որ շատերը և' Երևանում, և' Կիևում խոսում են, թե այդ հանդիպումների ժամանակ ճնշում, այդ թվում անձնական ճնշում է գործադրվել Պուտինի կողմից, Վոլինկինն արձագանքեց. - «Գիտեք, Հայաստանի դեպքում, կրկնվեմ, հարյուր տոկոսով ոչ մի ճնշում չի եղել: Ուշադրությամբ հետևել եմ գործընթացին, արդեն երբ որ այստեղ դեսպան էի: Ես ձեզ այսպես կասեմ՝ բարձր մակարդակի յուրաքանչյուր միջոցառում պետք է պարտադիր ինչ-որ բովանդակություն ստանա: Հայաստանը հաշվարկելով Մաքսային միությանը անդամակցելու կամ Եվրամիության ասոցացված անդամ լինելու բոլոր դրական ու բացասական կողմերը ու եզրակացնելով, որ անդամակցությունը Մաքսային միությանը ավելի շատ օգուտներ կբերի… ահա, այդ ամենից հետո տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան՝ այս սեպտեմբերի 3-ին: [Հայաստանի նախագահի] հայտարարությունը ոչ թե Պուտինի ու Սարգսյանի բանակցությունների արդյունքն էր, այլ [Մաքսային միությանը միանալու Հայաստանի] որոշման արդյունքում տեղի ունեցավ երկու նախագահների հանդիպումը, և նշված հանդիպմանը ներկայացվեց Հայաստանի այդ որոշումը»:

Վոլինկինին ներկայացրինք մեր երկրում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի` օրերս արած ուշագրավ հայտարարությունը, թե իր համար անակնկալ էր Հայաստանի նախագահի որոշումը՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ: Կովալենկոն մինչև այս տարվա մարտ ամիսն էր պաշտոնական Մոսկվան ներկայացնում մեր երկրում:

Հարցին` ինչպե՞ս կբացատրեք այդ հանգամանքը, որ Ռուսաստանի դեսպանը տեղյակ չէր Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի մտադրության մասին, Իվան Վոլինկինը պատասխանեց. - «Այստեղ որոշակի թյուրըմբռնում կա: Կովալենկոյի ժամանակ Հայաստանին ցույց է տրվել, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը: Հայաստանի անդամակցության հարցը ծագել է Կովալենկոյի պաշտոնավարումից հետո: Այդ ողջ ընթացքում հայկական կողմը ուշադիր կերպով միայն ուսումնասիրում էր բոլոր տարբերակները: [Հայաստանի նախագահի] կողմից որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը, կայացվեց այս ամռան վերջին»:

Ռուսաստանի դեսպանը կրկնեց՝ Մոսկվայի կողմից որևէ ճնշում չի եղել, և Մաքսային միութանը անդամակցելու որոշումը Հայաստանի ղեկավարությունն ինքնուրույն է ընդունել՝ «հաշվի առնելով բոլոր գործոնները և մարտահրավերները». - «Որոշ վերլուծաբաններ պնդում են, թե Հայաստանը իբր վերջին րոպեին 180 աստիճանով շրջադարձ է արել: Կարծում եմ, այդ տեսակետը սխալ է, իրականությունն այդպես չէ: Հայաստանը երբե՛ք չի նահանջել Ռուսաստանի հետ առաջնային համագործակցության իր ռազմավարությունից: Ուստի խոսել ինչ-որ շրջադարձից, տեղին չէ»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում, ինչու էր Հայաստանը մոտ երեք տարի բանակցություններ վարում Եվրամիության հետ՝ ասոցացման ու ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրերի կնքման շուրջ, Իվան Վոլինկինն արձագանքեց. - «Գիտեք, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես բանակցություններ է վարում Եվրամիության հետ, ընդ որում` ավելի քան երեք տարի: Սակայն դեռևս արդյունք չկա: Մենք դեմ չենք Եվրամիության հետ համագործակցությանը, նրանց հետ պետք է բանակցություններ վարել, սակայն Հայաստանը, հավանաբար, իր համար ընտրեց այն, ինչն անհրաժեշտ է համարում»:

Ռուսաստանի դեսպանը ներկայացրեց այն տնտեսական օգուտները, որ կարող է ստանալ Հայաստանը` անդամակցելով Մաքսային միությանը: Հաշվարկն իրականացվել է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի կողմից: Ըստ այդ հաշվարկի` անդամակցությունից հետո՝ հինգ տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կարող է աճել մինչև 9 տոկոսով կամ շուրջ կես միլիարդ դոլարով:

Մինչդեռ, ըստ դեսպանի, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի եզրափակիչ զեկույցում նշված է, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտին երկարատև կտրվածքով Հայաստանի ՀՆԱ-ի համար կապահովի աճ ընդամենը 150 միլիոն դոլարի սահմաններում:

Վերադառնալով Մոսկվայի կողմից Երևանի նկատմամբ ճնշման մասին հարցին՝ Իվան Վոլինկինից հետաքրքրվեցինք` եթե ճնշում չի եղել, ապա Ուկրաինայի ու Մոլդովայի դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանը հանդես գալիս կոշտ հայտարարություններով, թե Եվրամիության ասոցացման ու ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրրեի ստորագրումից հետո ռուսական շուկան կփակվի այդ երկրների համար, արդյո՞ք նույն հեռանկարը ցույց չի տրվել Հայաստանի նախագահին սեպտեմբերի 3-ին Մոսկվայում:

Դեսպանը պատասխանեց, թե Մոսկվան պարզապես ցանկանում է ցույց տալ հետխորհրդային երկրներին, որ Եվրամիության հետ նման ինտեգրացիան կարող է հանգեցնել նրան, որ կխախտվեն հարաբերությունները այլ՝ ավանդական գործընկերների հետ, ինչից կտուժ֊են բոլոր կողմերը. - «Ուստի այստեղ խոսք չի գնում, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին վերջնագիր է ներկայացրել… Իհարկե այդպիսի բան չկա: Ուղղակի Ռուսաստանը համառորեն բացատրում է Ուկրաինայի ու Մոլդովայի իր գործընկերներին, թե ինչ կլինի հետո, որ հետո անակնկալ չլինի»:

Հարցին, թե արդյոք նման համառություն ցուցաբերվել է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը, դեսպանը պատասխանեց. - «Գիտեք, վստահ եմ, որ նման համառություն չի եղել… Հայերը շատ խելացի, պրագմատիկ ժողովուրդ են, նրանք հաշվարկել են բոլոր պլյուսները ու մինուսները և եկել են նման եզրակացության: Եվ ակնարկներ էլ չեն եղել: Խոսքը բացառապես գնացել է պրագմատիկ հարցերի մասին` ինչը ինչ օգուտ կբերի, ամեն ինչ մանրակրկիտ հաշվել են ու եկել նման եզրակացության»:
XS
SM
MD
LG