Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 15-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը անդրադարձել է պարտադիր կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգին, գրելով․ - «Եթե համակարգն այդքան լավն է, եթե կառավարությունն ունի բոլոր հարցերի պատասխանը, եթե այդ նոր համակարգի ներդրման հետ կապված բոլոր ընթացակարգերը մշակված են, եթե իրավական խնդիրներ չկան, ապա ինչո՞ւ է կառավարությունն ամեն կերպ խուսափում այդ քննարկումներից: Ինչո՞ւ բաց ճակատով չի կանգնում դեմ արտահայտվողների առաջ և իր ունեցած փաստարկներով ջախջախում նրանց: Այս հարցի պատասխանը պարզապես ակնհայտ է: Ցանկացած այդպիսի քննարկման դեպքում հենց կառավարությունն է ջախջախվելու դեմ արտահայտվողների բազմաթիվ փաստարկներից»:

«Ժամանակ»-ն անդրադառնում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Շվեյցարիա կատարած այցին` հիշեցնելով, որ այցից առաջ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Թուրքիան խնդրել է Շվեյցարիային կրկին միջնորդել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: «Այն, որ Բաղդասարյանը մեկնում է Շվեյցարիա, վկայում է, որ պաշտոնական Երևանն առնվազն դեմ չէ այս առաջարկին», -գրում է թերթն ու հավելում. - «Հայաստանի մտքով իսկ չէր կարող անցնել մերժել հայ-թուրքական կարգավորման թուրքական բլեֆները, որովհետև այսօր պաշտոնական Երևանի համար գերխնդիր է Արևմուտքին քաղաքականապես հաճոյանալն ու հարաբերությունների բարելավման եզրեր գտնելը… ոչ թե Հայաստանի շահերը կամ ինչ-որ սկզբունքային ու գաղափարական մոտեցումներ 2015-ին ընդառաջ»:

«Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանի ղեկավարած Քաղաքաշինության նախարարությունը միայն 827 հազար դրամ (կամ 2000 դոլար) ծախսել է նախարարությունը վերակահավորելու համար: «Չնայած երկրում տիրող սոցիալական ծանր վիճակին` արդեն անգամ ամենապոպուլիստական կուսակցության համբավ ունեցող ուժն է շռայլում պետական միջոցները», - ընդգծում է թերթը:

«Չորրորդ իշխանություն»-ը վերլուծում է Ազգային ժողով - կառավարություն վերջին հարցուպատասխանը, որտեղ պատգամավորի հարցին, թե հնարավոր չէ՞ր կառավարական շենքերի նորոգման համար հատկացված հսկայական գումարներով երկու դպրոց կամ մանկապարտեզ նորոգել, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել էր. - «Կարող ենք, բայց չենք անի»: Ընդհանրացնելով` թերթը գրում է. - «Պաշտոնյաները գործում են «կերած-խմած, ատամները քչփորողի» նման: Ումի՞ց պիտի վախենան, իրենց շենքերի բակերը պաշտպանող մի քանի տասնյակ բնակիչների՞ց, թե՞ խաղալիք պայթուցիկներով զինված մի քանի տասնյակ վճռականներից»:

«Այսպիսի չհիմնավորված ծախսեր մի երկրում, որտեղ գործազրկության 18 հազար դրամ նպաստը կրճատում են, չնայած աղքատության շեշտակի աճին, անբարոյականություն է», - իր հերթին կարծիք է հայտնում «Հրապարակ»-ի խմբագրականն ու ընդգծում. - «Ինչու են մեզանում պետական պաշտոնը, պատգամավորի մանդատն ընկալվում որպես փող դիզելու, բիզնես դնելու, կապեր հաստատելու, օրենքից ու հարկերից խուսափելու, արտերկրում ֆռֆռալու հնարավորություն, այլ ոչ թե աշխատելու, ինչ-որ բան ստեղծելու պարտականություն»:

«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է մամուլի վերջին հրապարակումներին, ըստ որոնց` Մայր աթոռը կառավարության աջակցությամբ պատրաստվում է Երևանի կենտրոնում հերթական եկեղեցին կառուցել: «Քանի որ մեր բարձրաստիճան հոգևորականների, ճիշտ այնպես, ինչպես աշխարհիկ իշխանավորների համար նյութականը, արտաքինը, մակերեսայինը, ցուցադրականը ավելի կարևոր է, քան ներքինը, նրանք կարծում են, որ Երևանում ամեն քայլափոխի եկեղեցի կառուցելով՝ կատարում են իրենց պարտականությունը», - գրում է Արամ Աբրահամյանն ու ընդգծում. - «Հիմա ասացեք խնդրեմ՝ ի՞նչն է ավելի ազդեցիկ՝ 100 տաճա՞րը՝ այդ բառի նյութական, «շենքային» իմաստով, թե՞ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ այլանդակված մաշկով մարդուն ուղղված համբույրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG