Մատչելիության հղումներ

Ազատամարտիկներն անցկացրին հերթական հանրահավաքը


Իշխանություններին քաղաքական պահանջներ ներկայացնող ազատամարտիկներն այսօր հերթական հանրահավաքն անցկացրին Ազատության հրապարակում:

Նրանք նախ իրենց դժգոհությունը հայտնեցին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, որն առաջարկել է ևս երկու ամսով երկարաձգել իրենց մարտական ընկերոջ` Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը:

Երկու ամիս առաջ խարդախության մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով քննչական ծառայությունը կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու համար դիմել է դատարան։ Վաղը, հավանաբար, դատարանը որոշում կկայացնի։

Ավետիսյանի մարտական ընկերներն այսօր հայտարարեցին, որ շարունակելու են նրա գործը։

«Ո՞վ է Վոլոդյան. մարդասպա՞ն, թե՞ բանկեր թալանող: Ո'չ: Հասարակ հայ մարդ է, ով ըմբոստացավ այս ռեժիմի դեմ`տեսնելով իր եղբայր ազատամարտիկների անիրավ կեցությունը և փորձեց արդարության հասնել այդ ասպարեզում: Եվ ահա կոնցլագերի տերերը որոշեցին նրան փակել` հույս ունենալով հանգցնել բողոքի ալիքը: Ազատամարտիկները, շարունակելով Վոլոդյայի գործը շատ ավելի լայն ծավալով, հասել են մեծ ժողովրդական ալիքի բարձրացմանը, որը կազատի այս կոնցլագերային ռեժիմից ինչպես Վոլոդյային, այնպես էլ ողջ հայ ժողովրդին», - իր ելույթում ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:

Նա հայտարարեց, թե «իշխանափոխությունն այլընտրանք չունի». - «Մեր անմիջական մասնակցությամբ իշխանափոխությունը այլընտրանք չունի, և այդ է պատճառը, որ յուրաքանչյուր մեր հանրահավաքում կոչ ենք անում ձեզ, համայնք հայությանը, յուրաքանչյուր հայի, Հայաստանի քաղաքացու` միայն մեր համախմբով մենք կարող ենք հասնել մեր փրկությանը: Թող յուրաքանչյուր հայ հանի իր ներսից այդ անտարբերությունը, այդ հուսահատությունը, վախը, և գա այստեղ, համախմբվենք այստեղ միասին: Այս իշխանություններն այսօր վախեցած են, վախեցած են` ինչպես երբեք»:

Հանրահավաքի հարթակում էր նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Այս տարրական միտքը բոլորս հասկանանք, հստակ կազմակերպվենք և մեկ օրում, մեկ օրում ոտքի կանգնենք: Այդ օրը ինչ կորոշենք. ով է իշխանության ղեկին մնալու, ով է հեռանալու, ինչ ենք անելու և ինչ չենք անելու, ում ենք պատժելու և ով բանտում է հայտնվելու: Այդ ամենը մենք կարող ենք անել մեկ օրում, երբ որ իշխանավորը, իշխանությունը լինի ժողովուրդը»:

Ազատամարտիկների պայքարին միացել են նաև քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունները։ Մի քանի անգամ հավաքվելով կլոր սեղանի շուրջը՝ այս քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել նրանց պայքարին։ Այժմ քննարկվում են հետագա գործողությունները։

Հաջորդ հանարահավաքը ազատամարտիկները կանցկացնեն հաջորդ հինգշաբթի։
XS
SM
MD
LG