Մատչելիության հղումներ

Հայաստանը կրկին կդիմի «Հազարամյակի մարտահրավեր»-ին


Հայաստանը կրկին դիմելու է ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային՝ նոր ծրագրի ֆինանսավորում ստանալու համար: Այսօր կառավարության նիստում այդ մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ կորպորացիան դրական է գնահատել Հայաստանում 2006-2011թթ․ իրականացված ծրագրի արդյունքները։

«Նախապայմանն այդ ծրագրից օգտվելու ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին և որոնց գծով մենք պետք է ունենայինք դրական արդյունքներ: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ: Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր»,- ասաց վարչապետը։

Ըստ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի, նախորդ հինգ տարիներին Հայաստանը ընդհանուր առմամբ դրական տեղաշարժ է արձանագրել տնտեսական ազատությունների, մարդկանց բարեկեցությանն ուղղված ներդրումների և արդար կառավարման ուղղություններում:

«Հանձնարարվում է ֆինանսների նախարարին՝ այս հարցը բարձրացնել Միացյալ Նահանգներում մեր միջկառավարական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև դիմել «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին նոր հայտով, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու նոր ֆինանսավորում»,- հայտարարեց վարչապետը։

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանը պարտավոր է այդ հնարավորությունից օգտվել, չնայած, ինչպես ընդգծեց վարչապետը, «պետք է գիտակցենք, որ հավանականությունը այնքան էլ մեծ չէ [նոր ծրագրի ֆինանսավորում ստանալու համար], որովհետև դիմող երկրների քանակը, որոնք ունեն հավակնություն ստանալու այդ ֆինանսավորումը, բավականին մեծ է, և մրցակցությունը բավականին սուր է լինելու»:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան Միացյալ Նահանգների կառավարության կողմից ստեղծվել է 2004 թվականին՝ նպատակ հռչակելով աշխարհի աղքատ երկրներում իրականացնել «կայուն տնտեսական աճին» միտված ծրագրեր, որոնք էլ իրենց հերթին պետք է կրճատեն աղքատությունը:

2006-ի մարտին Հայաստանի կառավարության և կորպորացիայի միջև ստորագրվեց հնգամյա աջակցության ծրագիր, ըստ որի ամերիկյան կողմը 235.6 միլիոն դոլարի աշխատանքներ էր իրականացնելու Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում (վերանորոգել գյուղական ճանապարհները, ոռոգման ենթակառուցվածքները, ֆինանսական ու տեխնիկան աջակցություն ցուցաբերել ֆերմերներին) կրճատելու գյուղական աղքատությունը: Ծրագիրը սկսվեց 2006-ի սեպտեմբերին, սակայն 2008-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից և մարտի 1-ի հայտնի արյունալի դեպքերից հետո, կորպորացիան մասամբ դադարեցրեց ֆինանսավորումը, և մեր երկիրը զրկվեց 67 միլիոն դոլարից, որով նախատեսվում էր վերանորոգել 350 կիլոմետր գյուղական ճանապարհ: Ծրագիրը ավարտվեց 2011-ի սեպտեմբերին և, ըստ արդյունքների, ծրագրից օգտվեցին 358 համայքներ:

Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ իրո՞ք նախորդ տարիներին Հայաստանում կոռուպցիան նվազե՞լ է, ինչպես իր խոսում նշել էր վարչապետը։

«Մի բան է, որ դրանք իրականում նվազել են, մեկ այլ բան է հասարակության ընկալումը։ Մենք այստեղ խնդիր ունենք. Եթե դու կարող ես իրավաբանական անձի գրանցումը 15 րոպեում անել ու ոչ ոքի չտեսնել, ամենամեծ ցանկության դեպքում էլ դու չես կարող ինչ-որ մեկին կաշառք տալ, մենք չենք կարող չնկատել դա ու չասել, որ կոռուպցիոն ռիսկերը նվազել են։ Ասել, որ կոռուպցիա չկա, այդպիսի բան ոչ ոք չի կարող ասել, կարծում եմ, նվազել է»,- ասաց նախարարը.- «Կառավարության այն ծրագիրը, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում պետության կողմից մատուցվող ծառայությունների 80 տոկոսը հնարավոր է լինելու ստանալ առցանց կամ «մեկ պատուհան» մեկ օր հաճախելու միջոցով, ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկերի նվազման միջոց է։ Մարդիկ չեն նկատում սա նաև այն պատճառով, որ այո, լրագրությանը պետք է սենսացիա, պետք է բացասական բաներ, և սա էլ իր նշանակությունը ունի։ Հայ ժողովուրդը մի ունիկալ առանձնահատկություն ունի. բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք իրենց»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով ժամանակին եղել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» հայաստանյան ծրագրի շահառուների խորհրդի անդամ, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում նախարար Հրայր Թովմասյանի խոսքերը, որ կոռուպցիան մեր երկրում նվազել է, ուստի առնվազն կասկածելի են նաև «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի դրական գնահատականները Հայաստանի վերաբերյալ:

«Ավելին՝ կոռուպցիան հանդիսանում է Հայաստանում քաղաքական իշխանության գործառույթների իրականացման միակ մեխանիզմը, և դրա վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան՝ թե պաշտպանության, թե պետական բյուջեի տիրապետման բոլոր բնագավառներում»,- ասաց իրավապաշտպանը։
XS
SM
MD
LG