Մատչելիության հղումներ

Ըստ վիճակագրության՝ այսօր Հայաստանում կա 66 000 շաքարախտով հիվանդ, մոտ 400-ը երեխաներ են։

13 տարի շաքարային դիաբետով հիվանդ ու արդեն 3 տարի ինսուլինից կախված Գայանե Գասպարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում է, որ հիվանդության արդյունքում առողջական խնդիրների թիվը տարեցտարի ավելանում է, պետության աջակցությունը՝ նվազում։ Ապրում է անապահով պայմաններում բանակից նոր զորացրված որդու հետ, 15 հազար դրամ հիվանդության թոշակ է ստանում, որի մոտ կեսը ծախսում է միայն ներարկիչների վրա։ Ծայրը ծայրին հազիվ է հասցնում, մինչդեռ առաջիկայում հնարավոր է զրկվի անգամ նվազագույն 15 հազար դրամից, քանի որ վերջին հետազոտման արդյունքում բժիշկները որոշել են ընդհանրապես զրկել նրան հաշմանդամության կարգից։

«6 տարի ես թոշակավորվել եմ, բայց այս տարի չգիտեմ ինչու, որ 66 միավոր ինսուլինի եմ անցել ու դեղից կախման մեջ եմ, իրենք ուզում են կարգը հանեն ու ես դեղից զրկվեմ։ Շաքարի արդյունքում ունեմ երիկամների, աչքի, նույնիսկ ոսկրային հիվանդություններ, որոնց բուժման համար ամսական նվազագույնը 30-40 հազար դրամ տալիս եմ միայն դեղերին, էլ չհաշված որ տարին մի քանի անգամ պառկում եմ հիվանդանոց ու նորից բուժման համար ստիպված եմ վճարել»,- ասում է Գայանեն, ու հավելում, որ այսօր անորոշության մեջ է և հաշմանդամության կարգից զրկվելու դեպքում հնարավորություն չի ունենա նույնիսկ կենսական կարևորություն ունեցող ինսուլինը գնել։

«Ոտքերիս վերքեր ունեմ, ասում են՝ ոտքերիդ վերքերը դեռ քեզ պահում է, կտրվածքներ չունես, ինֆակտ չես տարել, ինսուլտ չես տարել, դու ի վիճակի ես աշխատելու, ապրելու։ Իմ 20 տարեկան երեխային ուղարկեմ հանցագործության, ինչ ա իմ դեղերն ապահովի՞»,- ասաց Գայանեն։

Գայանեն նշում է, որ նման խնդրի առաջ միայն ինքը չէ, որ կանգնել է, և որ շաքարով հիվանդ հարևաններ ու ծանոթներ ունի, ովքեր նույն իրավիճակում են հայտնվել։ Հիվանդները մտահոգված են, ասում են՝ քիչ չէ ստիպված են վճարել բուժման համար, հիմա էլ պետությունն իրենց ձեռքի գումարն է կտրում։

Թե տարեկան պետբյուջեից որքան գումար է հատկացվում ոլորտին, Երևանի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանը միանշանակ չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ մեկ թիվ ասել՝ ոլորտին տրամադրվող միջոցները մի քանի ուղղությամբ են բաշխվում։

«Որոշակի մասը գնում է շաքարախտի դեղամիջոցներ գնելուն, ինչ-որ մասը գնում է հիվանդանոցային պայմաններում նրանց ձրի սպասարկելուն, ինչ-որ մասը գնում է անաշխատունակներին թոշակով ապահովելուն։ Այսինքն դա մի թիվ չի, որ ես կարողանամ կոնկրետ ասել»,- ասաց Երևանի գլխավոր էնդոկրինոլոգը։

Հայրապետյանը հստակ պատասխան չտվեց նաև հարցին, թե եթե ստացիոնար բուժումն անվճար է, ապա ինչո՞ւ են հիվանդանոցներում հիվանդներից գումար գանձում։ Փոխարենը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից ընդունված նոր օրենքով արդեն երկրորդ, երրորդ խմբի համար ստացիոներ բուժումը մասամբ վճարովի է դարձել։

«Վճարվում է համավճար, ոչ թե ամբողջ գումարը։ Մի մասը պետությունն է վճարում, մյուս մասը հիվանդը»,- տեղեկացրեց Հայրապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG