Մատչելիության հղումներ

Զոհրաբյանը վարչապետին է ուղարկել նրա իսկ ստորագրած հուշագիրը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանում, 6-ը նոյեմբերի, 2013.

Վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանում, 6-ը նոյեմբերի, 2013.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր ծրարով վարչապետ Տիգրան Սարգսյանին է ուղարկել վարչապետի իսկ կողմից ստորագրված հուշագիրը:

Հաղորդակցության այս եղանակի պատճառն այն է, որ երեկ Նաիրա Զոհրաբյանը այդ հուշագրի մասին հարց էր ուղղել Տիգրան Սարգսյանին, որին ի պատասխան վարչապետն ասել էր, թե ծանոթ չէ փաստաթղթին:

Խոսքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման հուշագրի մասին է։ Անցած ամիս Մինսկում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որտեղ հաստատվեցին Մաքսային միությանը անդամակցելու շուրջ երեք փաստաթղթեր: Դրանցից մեկն էլ հենց հուշագիրն է, որով Հայաստանը պարտավորվել է չանել այնպիսի հայտարարություններ և գործողություններ, որոնք կհակասեն Մաքսային միության շահերին:

Մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետը անձամբ է ստորագրել այդ փաստաթուղթը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենոկոյի Երևան կատարած այցի ժամանակ: Սակայն երեկ, երբ ԲՀԿ պատգամավորը հարց տվեց այդ հուշագրի մասին, պարզվեց, որ վարչապետը տեղյակ չէ մանրամասներից: Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարցրել էր, թե այդ ով է որոշելու՝ Հայաստանի ո՞ր հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին և ընդհանրապես ո՞րն է այդ միության շահը: Եվ երբ միության անդամ Ղազախստանի նախագահը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, արդյոք դրան Հայաստանը հակադարձելու իրավունք չի ունենալո՞ւ։

«Ամբողջական փաստաթղթի հետ կծանոթանամ և ձեզ կտամ լրացուցիչ պարզաբանումներ»,- խոստացել էր վարչապետը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր «Ազատության» հետ զրույցում տարակուսած էր՝ ինչպե՞ս կարող է Տիգրան Սարգսյանը տեղյակ չլինել իր իսկ ստորագրած փաստաթղթին:

«Անկեղծ ասած՝ ինձ համար ուղղակի անակնկալ էր վարչապետի պատասխանը, որովհետև գուցե և շատ մեծ երևակայության դեպքում վարչապետը կարող է ասել, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ է հաստատել Սերժ Սարգսյանը Մինսկում։ Բայց որ վարչապետը, ըստ էության, տեղյակ չէ նաև, թե ինչ է ինքը ստորագրել նոյեմբերի 6-ին Վիկտոր Խրիստենկոյի հետ, ես ուղղակի չեմ կարողանում ձևակերպում գտնել սա բնորոշելու համար։ Սա հերթական անգամ խոսում է կառավարման համակարգի կերպի և ձևի մասին, այսինքն՝ ստորագրվում են փաստաթղթեր, արվում են հայտարարություններ, և առաջին դեմքերի մակարդակով ծանոթ չեն իրենց իսկ ստորագրած հայտարարությանը։ Ինչպես ասում են՝ no comment»,- ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորը հիշեցնում է Վլադիմիր Պուտինի խորհրդականի ավելի վաղ արած հայտարարությունը, որ եթե Հայաստանի վարչապետը կարդացած լիներ Եվրամիության Ասոցացման համաձայնագիրը, ապա ձեռնպահ կմնար այն ստորագրելուց: Զոհրաբյանն ասում է, թե փաստորեն Սերգեյ Գլազևը մի բան գիտեր, որ նման ակնարկ է անում՝ ասելով, թե Հայաստանի վարչապետը չի կարդում փաստաթղթերը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ՝ այն որ վարչապետը տեղյակ չէ իր իսկ ստորագրած փաստաթղթից, ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միությանը անդամակցելու բանակցային գործընթացում ոչ թե առաջնորդվում են Հայաստանի շահերով, ոչ թե փորձում են ամեն մի բառի համար պայքարել, այլ պարզապես ստիպված ստորագրում են փաստաթղթեր, որոնց բովանդակության մեջ չեն էլ խորանում:

«Եթե նրանք նման աշխատանք կատարած լինեին, իրենք չէին զարմանա այն արտահայտությունների վրա, որ իրենք էլ հենց ստորագրել են։ Դա նշանակում է, որ այդ բովանդակության վրա չեն աշխատել, այդ բովանդակությունը չեն ուսումնասիրել և քայլ են կատարել, ուղղակի որովհետև այդ քայլը պետք է կատարվեր»,- ասաց Զուրաբյանը։

Զուրաբյանի փոխանցմամբ, եթե Հայաստանը ինչ-ինչ պատճառներով որոշել է անդամակցել Մաքսային միությանը, ապա պետք է նույն այդ միության մեջ իր շահերի, իրավունքների համար պայքարի, բայց այսօրվա իշխանությունները ժողովրդի շահերի համար պայքարելու որևէ շարժառիթ չունեն, քանի որ հասկանում են, որ իրենց իշխանության լեգիտիմացման համար պարտական են ոչ թե ժողովրդին, այլ արտաքին ուժերին:

«Սա է պատճառը, որ իրենց ավելի հեշտ է ընդունել այն փաստաթղթերը, որ իրենց դեմ են տալիս, քան պայքարել այդ փաստաթղթերում մեր ժողովրդի շահերի ավելի ճիշտ արտահայտման համար»,- ասաց նա։
XS
SM
MD
LG