Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 14-ի մամուլ


«Փաստորեն, երբ Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը խորհուրդ էր տալիս Տիգրան Սարգսյանին ավելի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որ նա պատրաստվում էր ստորագրել Եվրամիության հետ, մի բան գիտեր», - գրում է «Ժողովուրդ»-ը` անդրադառնալով վարչապետի` ԱԺ-ում հնչեցրած երեկվա հայտարարությանը, թե ինքը դեռ նոր պիտի ծանոթանա Հայաստանի կողմից ստորագրված հուշագրին Մաքսային միության հետ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ. - «Փաստորեն վարչապետը ի լուր բոլորի հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության անունից Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվող փաստաթղթերը նախապես չեն քննարկվում և համաձայնեցվում անգամ վարչապետի հետ: Բացի այդ, Սարգսյանը նաև ի ցույց դրեց իր պաշտոնեական անգործությունը, քանի որ իբրև երկրի վարչապետ, նաև Ազգային անվտանգության խորհրդի անդամ, ուղղակի պարտավոր էր տեղյակ լինել նման կարևորության միջպետական փաստաթղթին, որը, ի դեպ, հրապարակվել է հենց ստորագրման օրը»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Ղարաբաղ կատարած այցին` «Ժամանակ»-ը գրում է. - « Նախագահական նստավայրի տարածած լուսանկարներում երևում է, որ լիովին համազգեստավոր կոնտինգենտին ուղեկցում է մի քաղաքացիական անձնավորություն՝ նույն ինքը Զորի Բալայանը, Պուտինին ուղղված սրտաճմլիկ նամակի հեղինակը, որը «ռուսաց ցարին» հորդորում էր հիշել Գյուլիստանի մասին և գալ տեր կանգնել 200 տարի առաջ իրեն հանձնված տարածքներին: Այս նամակին պաշտոնական Երևանն այդպես էլ չէր արձագանքել, սակայն այն, որ նման նամակից հետո Սերժ Սարգսյանը ղարաբաղյան դիրքեր է գնում Զորի Բալայանի հետ, վկայում է այն մասին, որ նա, ըստ էության, իր համաձայնությունն ու համերաշխությունն է հայտնում Պուտինին Բալայանի գրած նամակին, քանի որ, ըստ էության, ի պաշտոնե Զորի Բալայանը ոչ միայն պարտավոր չէր ուղեկցել Սերժ Սարգսյանին, այլ նույնիսկ նրա ներկայությունն այնտեղ տարօրինակ էր»:

«168 ժամ»-ը զրուցել է Հայաստանի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հետ և հետաքրքրվել, թե այս պահի դրությամբ` որն է գլխավոր խոչընդոտը ամերիկյան կողմից Հայաստանում տնտեսական ներդրումներ կատարելու համար: Ի պատասխան` դեսպանը փաստել է. - «Լուրջ ընկերությունները գալուց առաջ պետք է համոզված լինեն, որ դաշտը թափանցիկ է, որ պայմանները բոլորի համար նույնն են, որ հարկային բեռը կանխատեսելի է, առանց անակնկալների։ Եվ, իհարկե, ամենակարևոր գործոնը դատարաններն են. բիզնեսմենը պետք է համոզված լինի, որ երկրում գործում է անկախ դատաիրավական համակարգ, կա օրենքի իշխանություն, հավասարություն օրենքի առաջ: Մենք մեր կողմից նպաստում ենք, որ այս բոլոր ուղղություններով իրավիճակը բարելավվի, կառավարությունն իր հերթին՝ նույնպես քայլեր է կատարում այդ ուղղությամբ։ Սակայն ավելի մեծ ջանքեր պետք է ներդրվեն հատկապես հարկային, մաքսային և դատաիրավական ոլորտներում»։

«Հայկական ժամանակ»-ն անդրադառնում է Իրանից Հայաստան մատակարարվող գազի խնդրին` փաստելով, որ այս հարցը մութ շղարշով է պատված: Խնդիրն այն է, որ իրանական գազի 1000 խմ-ն Հայաստանը գնում է 180 դոլարով, «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով, իսկ Ռուսաստանից` ավելի թանկ գնով`1000 խմ-ն 270 դոլարով: Չյանած դրան, պարզվում է, Հայաստանը նախընտրում է թանկ գազը, և այս տարվա երրորդ եռամսյակում ռուսական գազի ծավալներն ավելացել են, իրանականինը` նվազել: «Ակնհայտ է, որ Իրանից գնվող գազի ծավալները որոշում է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը, որը Հայաստանի ողջ գազահամակարգի սեփականատերն է», - փաստում է թերթը:

«Պատերազմի մասնակիցների գումարը երկու հազար դրամով ավելացնելու համար կառավարությունում լուրջ քննարկումներ են ընթանում», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը` հիշեցնելով, որ պատգամավոր Արմեն Մխիթարյանն այս հարցը բարձրացրել է խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովում: - «Նկատենք, որ պատգամավորները չվարանեցին կողմ քվեարկել իրենց աշխատավարձերի բարձրացմանը, բայց ազատամարտիկների գումարների բարձրացումը, այն էլ ընդամենը երկու հազար դրամով, քննարկումների առարկա են դարձնում կառավարության չինովնիկների հետ, որոնց աշխատավարձը, ի դեպ, ևս հունվարի 1-ից բարձրանալու է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG