Մատչելիության հղումներ

Սայաթ-Նովայի բանաստեղծությունները ոգեշնչել են հրեա կոմպոզիտորին


Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հրեա երիտասարդ կոմպոզիտոր Աննա Սիգալի` Սայաթ-Նովայի բանաստեղծություններով ոգեշնչված «Հոգու երգեր» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան:

Ստեղծագործությունը կհնչի Երևանյան 7-րդ միջազգային փառատոնի վերջին համերգին` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, որը կղեկավարի աշխարհահռչակ դիրիժոր Լիոր Շամբադալը, և Մագդա Մկրտչյանի կատարմամբ:

Լիոր Շամբադալը մեկուկես տասնամյակից ավելի եղել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, հանդես է եկել աշխարհի ամենահռչակավոր նվագախմբերի հետ:

Երգչուհի Մագդա Մկրտչյանը վերապատրաստվել է Լուչանո Պավարոտիի ու Գալինա Վիշնևսկայայի մոտ, համերգներով հանդես է եկել աշխարհի ամենահեղինավոր բեմահարթակներում:

Այսօր Երևանում հրավիրած ասուլիսին Շամբադալն ասաց, որ վերջին տարիներին համագործակցում է երիտասարդ կոմպոզիտոր Աննա Սիգալի հետ, և առաջիկա համերգի ժամանակ կատարելու է նրա ստեղծագործություններից երեքը, այդ թվում` Սայաթ-Նովայի բանաստեղծություններով ոգեշնչված երգաշարը:

Աննա Սիգալը ծնվել է Ուկրաինայում, Սայաթ-Նովայի ստեղծագործություններին առնչվել է Փարաջանովի շնորհիվ, «Հոգու երգերը» գրել է «Նռան գույնը» ֆիլմի ազդեցությամբ:

Համերգի ծրագիրը կազմել է Լիոր Շամբադալը: Բացի Սիգալի ստեղծագործություններից, կհնչի նաև Շումանի և Վագների երաժշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG