Մատչելիության հղումներ

Խուդոյանը քանդեց բերանի կարերը և դադարեցրեց նստացույցը


Խուդոյանը քանդեց բերանի կարերը եւ դադարեցրեց նստացույցը
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ոստիկանությունը երեքշաբթի օրը բռնի ուժով հիվանդանոց, այնուհետև հոգեբուժարան էր տեղափոխել նախագահական նստավայրի դիմաց հացադուլ հայտարարած Աշոտ Խուդոյանին, ով կարել էր բերանը և բողոքում էր դատական մարմինների և սեփականության իրավունքով զբաղվող գերատեսչությունների դեմ։

Ոստիկանները, Խուդոյանին քաշքշելով, նրան «Շտապ օգնության» մեքենայով տարել են՝ փողոցում մենակ թողնելով նրա 8-ամյա դստերը, ով հոր հետ նստացույցին էր մասնակցում։

«Դա առևանգում էր, ոչ թե ոստիկանի կողմից պատշաճ քայլ։ Տանում են գժանոց, ուզում էին ինձ պահել, փառք Աստծո, երևի մամուլի [հրապարակումների շնորհիվ] դա կանխվեց»,- այսօր «Ազատությանը» պատմեց Խուդոյանը։

Խուդոյանի խոսքով՝ իրեն անգամ չեն տեղեկացրել, թե ուր են տանում։ Նրան տարել են Էջմիածնի հիվանդանոց, որտեղ առաջարկել են քանդել բերանի կարերը։ Խուդոյանը հրաժարվել է, որից հետո նրան տեղափոխել են Նուբարաշենի հոգոբուժարան, որտեղից էլ երեկոյան դուրս են թողել։

Երեկ ոստիկանությունից, «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ են Խուդոյանին հակառակ իր կամքին հիվանդանոց, այնուհետև հոգեբուժարան տարել, պատասխանեցին՝ ահազանգ են ստացել, թե քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ վտանգի է մասին է խոսքը և ում կողմից է ստացվել ահազանգը։

Այս դեպքին հետևում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որտեղ պնդում են, թե իրավապահների գործողություննեը Խուդոյանի նկատմամբ իրավաչափ չեն եղել են։ ՄԻՊ գրասենյակում շեշտում են, որ վերջին ամիսներին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ բողոք ներկայացնող քաղաքացուն իր կամքին հակառակ հոգեբուժարան են տանում։

«Պաշտպանի աշխատակազմը բարձրաձայն է, որ անձին իր կամքին հակառակ հոգեբուժարան տեղափոխել չի կարելի, նման իրավական կարգավորում չկա։ Պատճաբանել էին, որ նրան անհրաժեշտ է հրատապ բժշկական օգնություն, սակայն փաստորեն տարել էին Էջմիածնի բուժհաստատություն, մինչդեռ ավելի մոտ գտնվող բուժհաստատություններ էլ կային, որտեղ կարող էին տեղափոխել, արագ օգնել և բաց թողնել»,- ասում է օմբուդսմենի խորհրդական Աննա Սաֆարյանը։

Այնուամենայնիվ, Սաֆարյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակը այս դեպքի վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չի գալու և գործին հետագա ընթացք չի տալու, քանի որ քաղաքացին դիմում-բողոք չի ներկայացրել։

Խուդոյանը, մինչդեռ, ասում է՝ տեղյակ չէ, որ ունի նման հնարավորություն և պարզապես գումար չունի ՄԻՊ գրասենյակ հասնելու համար։

Ի դեպ, Խուդոյանը, այսօր առավոտյան գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո մեր ներկայությամբ քանդեց բերանի կարերը, դադարեցրեց հացադուլն ու նստացույցը՝ ասելով, որ գլխավոր դատախազը լսել է իրեն և խոստացել հետևել այս գործին։
XS
SM
MD
LG