Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ղարաբաղի ՊԲ զորավարժություններին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

«Հայկական երկու հանրապետությունների միջև առկա փոխգործակցության ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և բանակի հրամանատարական կազմի հետ միասին եղել է հանրապետության հյուսիսային հատվածի ՊԲ մի շարք զորամասերում ու զորամասերի պահպանության տակ գտնվող առաջնագծում», - ասված է այսօր Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է բանակաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակին, ինչից հետո ներկա է գտնվել բանակային բնագծի հյուսիսարևելյան հատվածում առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկի ներգրավվմամբ անցկացվող զորավարժությունների դիտարկմանը՝ «Գումարտակի անցումը պաշտպանությանը» թեմայով, որի ժամանակ ներկայացվել են ընթացքից պաշտպանության բնագծի գրավումը և պաշտպանական մարտի վարման տարրերը:

Հայաստանի նախագահը ներկա է գտնվել նաև զինավանում շտաբ-զորանոցի մասնաշենքի և սպաների համար ժամանցի ու հանգստի մասնաշենքի բացման արարողություններին, ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և բարեխիղճ սպաներին ու զինվորներին պարգևատրել է թանկարժեք նվերներով, զրուցել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ:

«Ցուցադրական պարապմունքից հետո, օրվա ավարտին ՊԲ շտաբում տեղի է ունեցել հայկական երկու պետությունների նախագահների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և հրամանատարական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն», - փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG