Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 13-ի մամուլ


«Առավոտ» օրաթերթն անդրադառնում է Շանթ Հարությունյանի գործին` գրելով. - «Ծայրահեղ ընդդիմադիրներն ասում են, որ այդ ակցիայի շնորհիվ թմբիրի մեջ գտնվող ժողովուրդն արթնացավ, որ դա ազգային զարթոնքի սկիզբն էր, հեղափոխության, այսպես ասած, մրրկահավը։ Այսինքն՝ նրանք գտնում են, որ այդ ակցիան կարևոր քաղաքական իրադարձություն էր մեր կյանքում, որից հետո իշխանափոխությունը անխուսափելի է դառնում։ Բայց հետաքրքիր է, որ ճիշտ հակառակ շահագրգռվածությունն ունեցող իշխանությունը նույնպես փորձում է այդ ակցիային լրջություն հաղորդել՝ ներկայացնելով այն որպես համաշխարհային դավադրության մի մաս։ Իշխանամետ քաղաքագետները դրա մեջ տեսնում են Արևմուտքի կողմից հրահրվող «նարնջագույն հեղափոխություն», որն ուղղված է Մաքսային միության և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի դեմ: Իհարկե, ո'չ մոլի ընդդիմադիրներն են հավատում, որ Շանթը հեղափոխության հիմք դրեց, ո'չ էլ իշխանություններն են այդ հեղափոխությունից առանձնապես վախենում։ Բայց առաջիններին պետք է սեփական ինքնազգացողությունը բարելավելու համար գործը ներկայացնել՝ «մե'կ էլ, մե'կ էլ մի զարկ տվեք» ոճով, իսկ երկրորդներին՝ անհրաժեշտության դեպքում «մահանա բռնել» հնարավոր բռնաճնշումների համար՝ ոչ թե չեղած հեղափոխությունը կանխելու, այլ սեփական անխռով կյանքն ապահովելու նկատառումով։ Ահա և ստացվում է, որ տրամագծորեն տարբեր նպատակներ հետապնդող, ծայրահեղ հակադիր ուժերը իրավիճակը ներկայացնում են նույն ձևով: Նույն աստիճանի խեղաթյուրված»:

«Ժամանակ» օրաթերթն անդրադառնում է Վարդան Պետրոսյանի գործին` գրելով. - «Իսկ ի՞նչ պետք է լինեն այն բոլոր քաղաքացիների գործերը, որոնք ևս մինչև Վարդան Պետրոսյանը և Վարդան Պետրոսյանից հետո կենթարկվեն անարդարադատության համակարգի անհիմն որոշումներին և կկալանավորվեն այն դեպքում, երբ լիովին կարող էր նրանց համար խափանման այլ միջոց ընտրվել: Չէ՞ որ միայն Վարդան Պետրոսյանը չէ, որ ունի այդ խնդիրը: Մինչև նա այդ խնդիրը ունենում էին հազարավոր մարդիկ, և նրանից հետո էլ կունենան հազարավորները: Եվ ինչ. Սերժ Սարգսյանը բոլորի համար մեկ առ մեկ դիմելո՞ւ է դատախազությանը` խափանման անհիմն միջոցները վերանայելու կոչով կամ հորդորով: Իսկ եթե չի դիմելու, ապա ինչո՞վ են մեղավոր այդ մարդիկ, որ հայտնի դերասան, արվեստագետ չեն, որ իրենց վերաբերյալ ֆեյսբուքը կամ մամուլը աղմուկ չի բարձրացրել, որ մտավորականներ չեն խառնվել իրար, որ ստորագրահավաքներ և այլ ակցիաներ չեն լինում: Ուրեմն այդ մարդիկ պիտի ենթարկվե՞ն անհիմն գործողությունների»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Այն հարցում, թե ի վերջո ինչպես են Հայաստանի իշխանությունները պատկերացնում Ղարաբաղյան խնդրի կարգավորումը, կատարյալ խառնաշփոթ է: Մի կողմից Հայաստանի իշխանությունները կարծես թե հույս ունեն, որ Թուրքիան չեզոքություն կպահպանի, իսկ Ռուսաստանը թույլ չի տա, որ Ադրբեջանը վերսկսի պատերազմը: Մյուս կողմից` Հայաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները զորավարժանքների ժամանակ ջարդում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների պատկերներով աղյուսներ: Ընդ որում` այդ կադրերը ցուցադրվում են թուրքական հեռուստաալիքներով: 70 միլիոնանոց Թուրքիան, ենթադրաբար, պիտի սարսափի այդ կադրերից և Հայաստանի նկատմամբ զգուշավոր չեզոքություն պահպանի: Այսինքն, հայկական բանակը, որի գլխավոր գերագույն հրամանատարը Սերժ Սարգսյանն է, մեսիջ է հղում Թուրքիային ու Ադրբեջանին` այ այսպես կջարդենք ձեզ: Ու միաժամանակ նույն Սերժ Սարգսյանը համարյա բաց տեքստով դիմում է Ռուսաստանին` հասեք-փրկեք, չէ՞ որ դուք մեր դաշնակիցներն եք: Խոսք չկա, շատ կառուցողական քաղաքականություն է: Իսկ ինչպե՞ս են Ադրբեջանի իշխանությունները պատկերացնում Ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Նրանց քաղաքականությունը շատ հստակ է: Նրանք սպասում են. կա'մ արտաքին ճնշումների արդյունքում Հայաստանն ինքնակամ զիջումների կգնա, կա'մ տնտեսական անկումն ու արտագաղթն այնքան կթուլացնեն Հայաստանն ու Ղարաբաղը, որ իրենք առանց մեծ ջանքերի կգրավեն արդեն համարյա անբնակ տարածքները: Այս պահին նրանք ի վիճակի չեն դա անել և բավարարվում են ռազմատենչ հայտարարություններով, բայց կարելի է չկասկածել` նրանք ոչ այնքան զինված ուժերի սպառազինությանն են հետևում, որքան տնտեսական ցուցանիշներին ու արտագաղթի ծավալներին»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Կենտրոնական բանկը միտումնավոր գնում է գնաճի խթանմանը: Իսկ սա արդեն ՀՀ Սահմանադրության խախտում է: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է», - սա ՀՀ Սահմանադրության 83.3 հոդվածն է և դրանով հստակ, առանց վերապահումների սահմանվում է ԿԲ-ի հիմնական գործառույթը` գների կայունությունը: Եվ ուրեմն, ինչո՞ւ է Կենտրոնական բանկը միտումնավոր գնում ընդդեմ ՀՀ Սահմանադրության խախտման: Խնդիրն այն է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կես տոկոսանոց փոփոխությունը Հայաստանի տնտեսության և գնաճի վրա որևէ ազդեցություն, մեծ հաշվով, չի թողնում: Եվ տեղի ունեցածը պետք է համարել ընդամենը բեմադրություն: Խնդիրն այն է, որ բոլոր կանխատեսումներով, այս տարեվերջին Հայաստանի տնտեսությունում կգրանցվի շատ ցածր` սիմվոլիկ աճ: Բայց կառավարությունը կանխատեսել է 4 տոկոս աճ»:

«Հայոց Աշխարհ»-ը քննադատում է ՀԱԿ խմբակցությանը` գրելով. - «ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պաշտոնապես հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու ՎՊ նախագահի ընտրությանը՝ իբր ապահովագրելով իրեն մեծամասնության հնարավոր խարդավանքներից։ Երեկվա քվեարկությունը ևս մեկ անգամ համոզիչ կերպով ցույց տվեց, որ ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիայում շունը տիրոջը չի ճանաչում։ Քվեարկությանը մասնակցելու «տաբուն» առաջինը խախտեց Հրանտ Բագրատյանը՝ վերահաստատելով, որ խմբակցության ղեկավարի ասածն իր համար եղած-չեղած։ Նախկին վարչապետը շատ հանգիստ կատարեց իր պարտքը՝ քվեարկեց, «թեթևակի» ընդհարվեց «տարածքը» վերահսկող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ, և անմիջապես հայտնվեց լրագրողների «օղակում»: Հարցին՝ ինչո՞ւ բանի տեղ չդրեց ՀԱԿ-ի որոշումը, զարմացած ասաց. «Ի՞նչ կապ ունեմ ես ՀԱԿ-ի հետ»»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG