Մատչելիության հղումներ

Բնակիչները ֆիլմով կիրազեկեն իրենց բակի անցանկալի շինարարության մասին


Սայաթ-Նովա 10-ի և հարակից երկու շենքերի բակում այսօր պրեմիերա էր. բնակիչները հավաքված դիտում էին իրենց բակի գերխնդրի՝ վերջերս սկսված շինարարության մասին նկարահանված ֆիլմը, որի հեղինակը բակի բնակիչ, երաժիշտ Անդրանիկ Մանուկյանն է։ Առաջին կինոդիտումից հետո ֆիլմի հեղինակն ու մասնակիցները խոստացան այն տարածել «հանուն արդարության»։

«Իրենց ասելով իրենք կառուցում են, իսկ մենք քանդում ենք։ Թող խոսելուց առաջ լավ զննեն, լավ քննեն, լավ ուսումնասիրեն, նոր ներկայանան», - ասաց Անդրանիկ Մանուկյանը։

Քաղաքապետարանը դեռևս այս ամռանը բակում 6 հարկանի շենք կառուցելու թույլտվություն է տվել՝ նախկին կաթսայատան ու կից ավտոտնակի տեղում։ Նորակառույցը բառի բուն իմաստով կտեղավորվի բակի կենտրոնում՝ շենքերի արանքում։ Նոր հարևանի դեմ Սայաթ-Նովայի բնակիչները բողոքում են արդեն մի քանի ամիս՝ փաստարկելով, որ շինարարության արդյունքում առանց այն էլ ծանրաբեռնված բակում ևս մի բարձրահարկ կավելանա, որը կփակվի երկու հարակից շենքերի լույսը, կտուժեն հատկապես ցածր հարկերի բնակիչները։

«Իմ լուսամուտները այս գետնին հավասար են, եթե իմ տան կողմից 4.5 մետր առաջ են գալիս ու 20 մետր էլ բարձրանում, իմ տունը մնում է ստվերում, հետագայում միայն երևի սունկ աճեցնելու տեղ, որովհետև խոնավություն կլինի, ոչ մի տեղից արև չի մտնի»,- ասաց բնակիչ Ալբերտ Սարգսյանը։

Նոր կառուցվելիք շենքի առաջին հարկը 167 քառակուսի մետր է, 2-րդ հարկում, սակայն, տարածքը գրեթե կրկնապատկվում է. արդյունքում, շինարարության ավարտին, ըստ բնակիչների, հրշեջ մեքենան անգամ կարիքի դեպքում չի կարողանա անցնել շենքի կողքով։

Ըստ բնակիչների՝ կա օրենքի կոպիտ խախտում, սեփականաշնորհվել է հանրային տարածքը։ Սեփականատերը բակի կաթսայատունը և ավտոտնակը գնել է այլ քաղաքացիներից, մյուս մասը հանրային էր.- «Քաղաքապետարանը վաճառել է տարածքը, որտեղ խաղում էին մեր երեխաները»,- վրդովված ու հիասթափված նշում է Ալբերտ Սարգսյանը։

Բնակիչները կդիմեն դատարան, ասում են՝ ավելի շուտ կդիմեին, բայց քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրենց խոստացել էին հրավիրել հանրային քննարկման, ինչպես նախատեսում է օրենքը, բայց այդպես էլ չհրավիրեցին։

Կառուցապատող «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի ներկայցուցիչ Աշոտ Աբրահամյանն ասաց, որ պատրաստ են հանդիպել դատարանում, որովհետև «որևէ օրենք չեն խախտել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG