Մատչելիության հղումներ

Իշխան Զաքարյանը ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ


Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան

Հայաստանի Ազգային ժողովը այսօրվա նիստում ձայների 88 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ Իշխան Զաքարյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ։

«Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել հանրապետության նախագահին, Ազգային ժողովին իմ թեկնածությունը ևս մեկ անգամ հաստատելու համար։ Համոզված ասում եմ, որ սա շատ ավելի պարտավորեցնող է, քան առաջին անգամ իմ ընտրվելու ժամանակ»,- իր ելույթում ասաց Զաքարյանը։

Զաքարյանի թեկնածությանը կողմ էին իշխող Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։ Դեմ էին ընդդիմադիր բոլոր խմբակցությունները, չնայած Հայ ազգային կոնգրեսը, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի և Դաշնակցությունն ամբողջ կազմով չմասնակցեցին քվեարկությանը, բայց 13 դեմ ձայներ գրանցվեցին։ Ակնհայտ էր՝ դեմ էին արտահայտվել ոչ միայն ընդդիմադիրները, այլև իշխանական պատգամավորներից ոմանք՝ օգտվելով փակ, գաղտնի քվեարկության ընձեռած հնարավորությունից։

Ընդդիմադիրները չէին հավատում, թե վերջին զեկույցի պատճառով նախագահ Սերժ Սարգսյանի սուր քննադատությանն արժանացած, ապա նրա կողմից երկրորդ անգամ առաջադրված Զաքարյանը կարող է անաչառ աշխատել այդ պաշտոնում։

«Մենք որևէ երաշխիք չունենք, որ Ձեր վերանշանակումը չի կատարվում այն պայմաններով, որ Դուք այսուհետև շատ ավելի կաշկանդված ուսումնասիրություններ անցկացնեք»,- երեկվա քննարկումների ժամանակ հայտարարել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Ընդդիմադիրների հնչեցրած քննադատություններին Իշխան Զաքարյան չցանկացավ պատասխանել, իսկ քննարկումների ընթացքում իր և իր ղեկավարած կառույցի ձեռքբերում չհամարեց միլիոնավոր դրամների չարաշահումները բացահայտելը և ի հեճուկս ընդդիմադիրների՝ շարունակեց խոսքը համեմել հայտնի խորհրդակցության օրը նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած տարբեր մտքերով։

«Եղան նաև այլ հարցադրումներ, ես կարծում եմ՝ դրանք բացարձակապես կապ չունեին ոչ օրվա թեմայի, ոչ էլ ընդհանրապես իրականության հետ»,- ասաց նա։

Իսկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ամիսներ առաջ Վերահսկիչ պալատի 2012 թվականի զեկույցում տեղ գտած բացահայտումներից այնքան էր տպավորվել, որ թերություններ թույլ տված և պետական միջոցները յուրացրած անձանց թալանչիներ էր անվանել, այսօր ասաց՝ մենք չենք այն իրավապահ մարմինը, որ պիտի որոշում կայացնենք՝ բյուջեն թալանվել է, թե՝ ոչ։

Հունիսի վերջին Աբրահամյանը գլխավոր դատախազություն էր ուղարկել ՎՊ-ի 2012 թվականի աղմկահարույց հաշվետվությունը և հետևողական լինելու կոչերով հանդես եկել։ Այսօր պարզվեց՝ իր ուղարկած նյութերի ճակատագրով չի հետքրքրվել։

«Ուղարկել եմ, մենք դեռ պատասխանը չունենք»,- ասաց նա։

Աբրահամյանը այսօր նաև ձևակերպեց ՎՊ-ի նախագահից ՀՀԿ-ի սպասումները.- «Հիմա ՎՊ-ի նախագահի և ամբողջ աշխատակազմի խնդիրն այն է, որպեսզի վեր հանեն այն խնդիրները, որոնք իրոք իրականությանը համապատասխանեն, ոչ թե ԱԺ ամբիոնից հնչեցվեն, գնահատականներ տրվեն, բայց արդյունքում իրավական որևէ խախտում չլինի։ Դա շատ կարևոր հանգամանք է»։

Ընդդիմադիրների քննադատություններին անդրադառնալով՝ ԱԺ նախագահն ասաց.- «Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք, կխճճվենք, որովհետև տեսակետները այնքան շատ են և շինծու»։

Գեներալ Սեյրան Սարոյանը ասաց՝ ընտրել է Իշխան Զաքարյանին, որովհետև նա «Երկրապահ» կամավորականների միության անդամ է։

«Երկրապահը ոչ մեկի դեմ չի խեղճանում, իրա գործը գիտի»,- ասաց նա։
XS
SM
MD
LG