Մատչելիության հղումներ

Անհատ տաքսիների վարորդները դժգոհում են «օր-օրի փոխվող» օրենքներից


Անհատ տաքսիների վարորդները Կառավարությունից պահանջում են հստակեցնել, թե ինչ կանոններով են այսուհետ աշխատելու օրինական դաշտում:

Դեռևս 3 տարի առաջ, հիշեցնենք, Կառավարությունը պարտադրեց տաքսու վարորդներին դեղին պատհամարանիներ ձեռք բերել, մտնել հարկային դաշտ, հին մեքենաները փոխարինել նորերով: Սակայն այս տարվա սկզբին նույն Կառավարությունը որոշեց, որ դեղիններն այլևս պետք է փոխարինվեն սպիտակ պետհամարանիշներով, մեքենաներում էլ տեղադրվեն ինքնակպչուն ժապավեններ:

Անհատ տաքսու վարորդ Գարիկ Սավզյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ ժամանակ առ ժամանակ փոփոխվող այս օրենքներով փաստորեն տարիներ առաջ կատարած իրենց բոլոր ծախսերը ջուրն են լցվում:

«Օրենքը փոխեցին, մենք գնում ենք, որ դա անենք, հենց անում-վերջացնում ենք, տեսնում ենք, որ էլի փոխվեց, մյուսն ենք անում, գումարներ ծախսում` էլի է փոխվում», - ասում է վարորդը:

Օրական 10 ժամից ավելի աշխատող Սարգիս Մաճկալյանը ասում է, որ Կառավարության նախորդ պահանջը կատարելու՝ նոր մեքենա ձեռք բերելու համար, ստիպված է եղել տոկոսով գումար վերցնել․ պարտքը մինչև օրս չի փակել և ոչ էլ գիտի՝ վաղը Կառավարությունը ինչ նոր պահանջ կարող է դնել իրենց առջև: Ըստ Մաճկալյանի` իրենց պարտադրում են հանձնել դեղին պետհամարանիշները․ - «Սակայն մինչ օրս հայտնի չէ՝ երբ կտրամադրեն դրանց փոխարինող ժապավենները»:

Տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը վարորդներին վստահեցրեց, որ ամեն ինչ կհարթվի, Կառավարությունը օրենքի նախագիծ է մշակել, որն այժմ գտնվում է Ազգային Ժողովում: Հաստատվելու դեպքում, ըստ պաշտոնյայի, դեղին պետհամարանիշների փոխարեն ժապավենները վարորդներին կտրամադրվեն անվճար: Վարորդները կվճարեն ամսական 12 հազար դրամ և դրանով կսահմանափակվեն:

Ընդ որում, Կառավարությունը վստահեցնում է, որ նոր փոփոխությամբ նպատակ ունի միայն վարորդների բեռը թեթեւացնել: «Նպատակ ունենք հեշտացնել մատուցվող ծառայության գործունեությունը: Դեղին համարանիշնորով ի՞նչ էր կատարվում, նախարարությունից ստանում էր տեղեկանք, երկրորդ քայլ՝ գնում էր ոստիկանություն, ստանում էր նոր տեղեկանք ու բերում նախարարություն: Կրճատեցինք բոլոր ավելորդ քայլերը», - փաստարկեց Ստեփանյանը:

Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, մինչդեռ, նշեց, որ իրենք այլևս չեն հավատում իշխանությունների խոստումներին և իրենց պահանջները այսուհետ ներկայացնելու են հանրահավաքների և երթերի ժամանակ․ - «Ամեն շաբաթ երթ ենք անելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG