Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 12-ի մամուլ


«Պարգևատրվող ամենաթողություն» վերնագրի ներքո «168 ժամ»-ը գրում է. - «Երեկ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով, ինչպես հայտնի է, հաջորդ տարվանից զգալիորեն բարձրանալու են պետական բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների աշխատավարձերը: Այս օրինագիծն անցկացնելով` իշխանությունը հասարակությանը հերթական անգամ ցույց է տալիս սեփական ամենաթողությունը: Երկիրը նման իրավիճակի հասցնելու համար ոչ միայն որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվում, առնվազն պաշտոնանկ չի արվում, այլ արժանանում է ավելի բարձր աշխատավարձի»:

«Պատմության գիրկն անցավ ևս մեկ հայկական ավանդական ընտրություն», - գրում է «Ժամանակ»-ը և մանրամասնում. - «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում իշխանությունները հավատարիմ մնացին իրենց ընտրակեղծարարական ավանդույթներին ու ոճին՝ անցկացնելով ՀՀԿ-ի թեկնածուին: Միևնույն ժամանակ, դատելով պատգամավորի հայտարարություններից, իրեն հավատարիմ մնաց նաև ԲՀԿ-ն, որը, դժգոհելով ՀՀԿ-ի ընտրակեղծիքներից, իրավական հարթությունում կամ թեկուզ քաղաքական ակցիաների հարթությունում չի բողոքարկելու ընտրությունների արդյունքը: Եվ այս տեսանկյունից կարող ենք եզրակացնել, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հավատարիմ մնացին իրենք իրենց»:

«Հայկական ժամանակ»-ի դիտարկմամբ, մինչդեռ, Սերժ Սարգսյանն իրականում Արարատի քաղաքապետի ընտրություններով ցանկանում էր համանուն մարզում թուլացնել Հովիկ Աբրահամյանի դիրքերը. - «Նախկինում Աբրահամյանին հակակշռելու Սարգսյանի բոլոր փորձերը անհաջողության են մատնվել: Արարատում Ազգային ժողովի նախագահին չեն կարողացել հակակշիռ դառնալ ո'չ նախկին մարզպետն ու ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ո'չ էլ ուրիշ որևէ մեկը: Վերջին շրջանում, ի դեպ, Սերժ Սարգսյանն անընդհատ փորձություններ է հարուցում Հովիկ Աբրահամյանի համար, որովհետև ներքուստ համոզված է կարծես, որ ինչ-որ պահի Աբրահամյանն անցում է կատարելու դեպի խնամի Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը»:

Նույն թեմային անդրադառնալով` «Հրապարակ»-ը գրում է. - «ՀՀԿ-ն մտադիր էր ապացուցել, որ իր դեմ խաղ չկա, ԲՀԿ-ն՝ որ ինքը դեռ ձիու վրա է, և ՀՀԿ-ին հաղթելու համար ընդամենը մի լավ մոբիլիզացիա է իրենց հարկավոր: Ըստ էության, սա այն սակավաթիվ դեպքերից էր, երբ երկու կողմն էլ իրենց ուզածին հասան: Բայց մեծ հաշվով ժողովուրդը՝ ընտրողը, կրկին պարտվեց»:

«Չորրորդ իշխանություն»-ը մեջբերում է ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանի վերջին հայտարարությունը, թե «Վերահսկիչ պալատի բացահայտումների մեկենասներից մեկը հենց Հանրապետական կուսակցությունն է եղել»: Վերլուծելով` թերթը գրում է. - «Հավանական է, որ Գալուստ Սահակյանն ընդամենը փորձել է հերթական անգամ փայլել ինտելեկտով և Հանրապետականի համար շատ ավելի հոգեհարազատ «կռիշ» բառը հայեցի դարձնել` մեկենաս: Հաջողվել է փայլատակումը, թե ոչ, դժվար է ասել, բայց մի բան պարզ է` Գալուստ Գրիգորիչը չի էլ գիտակցում, որ Վերահսկիչ պալատն օրենքով անկախ մարմին է, և որևէ քաղաքական ուժի «մեկենասությունը» կտրականապես արգելված է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG