Մատչելիության հղումներ

Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում ռուսական առաջին հեռուստաալիքը իր կիրակնօրյա եթերում հեռարձակել է հարցազրույց վրացի բարձրաստիճան պաշտոնյայի` երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հարցին, թե երբ երկու երկրները կվերականգնեն խաթարված հարաբերությունները, Մարգվելաշվիլին պատասխանել է. - «Այն վերքերը, որ առաջացրել են քաղաքական գործիչները, պետք է ապաքինվեն մարդկանց ջանքերով. այն մարդկանց ջանքերով, ովքեր բարիդրացիական հարաբերություններ ունենալուն են կողմ, և, իհարկե, երկու երկրների միջև առկա մշակութային կապերի շնորհիվ, պարզապես քաղաքական գործիչները չպետք է խանգարեն»:

Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իրենք արդեն իսկ լարվածությունը թուլացնելուն միտված առաջին քայլը կատարել են` հայտարարելով, որ կփորձեն երկխոսությունը ագրեսիվ վերաբերմունքից փոխել դեպի կառուցողական շրջանակ:

Որպես օրինակ Մարգվելաշվիլին նշել է վրաց-ռուսական բանակցությունները Պրահայում, ինչպես նաև իրենց պատրաստակամությունը` մասնակցել Սոչիի օլիմպիադային:

Ըստ Մարգվելաշվիլիի` այժմ իրենք սկսում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու գործընթացը շատ խնդրահարույց մի կետից. երբ արդեն շատ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել: Սակայն Վրաստանի նորընտիր նախագահի խոսքով` իրենք փորձելու են միմյանց ցավ չպատճառել և խոսել այն խնդրիների մասին, որոնք այսօր լուծելի են, ինչպես նաև` քննարկել հնարավոր հեռանկարները:

Մարգվելաշվիլիի խոսքով` Վրաստանի հեռացող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «վարկաբեկվել է պատերազմով», սակայն ռուսաստանցու համար, ասենք, տասը կամ քսան տարի անց մեծ կարևորություն չի ունենալու հարցը, թե ժամանակին ինչ-որ ինտրիգներ են եղել. - «Ռուսաստանցին ուզում է գալ Վրաստան, ուզում է, որ վրացիները գան, որ լինեն մշակութային հարաբերություններ, և միշտ էլ այդպես է եղել պատմականորեն` սկսած Պուշկինից: Իսկ որ Սաակաշվիլիի պատճառով խնդիրներ են ծագել, դա անցած տարվա ձյուն է»:

«Ռուսաստանի և Վրաստանի միջև հոգևոր և մշակութային կապերը, իհարկե, վնասվել են, սակայն դրանք հնարավոր է վերականգնել, քաղաքական գործիչների սխալները չեն կարող այդքան արագ եղածը վերացնել», - հայտարարել է Մարգվելաշվիլին` հավելելով, որ առկա են պարզապես մարդկային հարաբերություններ և կապեր, որ դեռ պահպանվում են: Այժմ է արդեն վրացական ապրանքներն են վերադառնում ռուսական շուկա, իրենք Վրաստանում են փորձում հնարավորություններ ստեղծել ռուս գործարարների համար, որ ներդրումներ անեն մի երկրում, որ Եվրոպայի հետ ազատ առևտուր անելու հնարավորություն կունենա:

Ըստ Մարգվելաշվիլիի` Եվրոպայի հետ ասոցացումը ոչ միայն չի խանգարում Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, այլև նպաստում է դրանց:

«Ռուսաստանի կայուն զարգացման համար անհրաժեշտ է, որ հարավում կայուն զարգացող մի երկիր լինի, որ ակտիվ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ և ակտիվորեն զարգացնում է իր տնտեսությունը, մշակույթը և քաղաքական կապերը Եվրամիութան հետ: Դա հաշվի է առնում նաև Ռուսաստանի շահերը», - հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG