Մատչելիության հղումներ

Կառավարությունը ԱԺ է ներկայացրել ուսման վարձի զեղչերի մասին օրինագիծ


Ուսանողների ցույցը ընդդեմ բուհերում ուսման վարձերի բարձրացման, օգոստոս, 2013թ․
Ուսանողների ցույցը ընդդեմ բուհերում ուսման վարձերի բարձրացման, օգոստոս, 2013թ․
Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել ուսման վարձի զեղչերի մասին օրինագիծը, որտեղ հստակ չափանիշներ են սահմանվում ուսման վարձերի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երիտասարդության օրվա կապակցությամբ պետական և ոչ պետական բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Աշոտյանը հորդորել է օրենքի ընդունումից հետո լինել հետևողական, որպեսզի հնարավորինս շատ ուսանողներ օգտվեն օրենքի ընձեռած հնարավորությունից:

Միաժամանակ, նախարարի փոխանցմամբ, հիմք ընդունելով կառավարության որոշումը՝ արդեն հաստատվել են սոցիալապես անապահով ուսանողների ցուցակները, ովքեր, ըստ իրենց սոցիալական անապահովության միավորի, ստացել են ուսման վարձի 50-100 տոկոս զեղչ:

«Նախարարության կողմից 1000 ուսանողի զեղչ էր նախատեսված, սակայն նախապես սահմանված առաջադիմության չափանիշներին համապատասխանում էր ընդամենը 200 ուսանող: Մենք երկու անգամ իջեցրեցինք միջին որակական գնահատականի շեմը՝ հաշվի առնելով, որ ծրագիրը մեկնարկում է առաջին տարին ու ամեն դեպքում խոսքն անապահով ընտանիքների ուսանողների մասին է», - կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ նշել է Աշոտյանը և հավելել, որ ձեռնարկված քայլերի արդյունքում ավելի քան 700 անապահով ընտանիքների ուսանողներ ստացել են ուսման վարձի փոխհատուցում պետության կողմից:

Հիշեցնենք՝ բուհերում ուսման վարձավճարները բարձրացնելու որոշումը ամիսներ առաջ ուսանողների բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG