Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ում բացասական առումով աննախադեպ են որակում Արարատի ընտրությունները


Ընտրություններ Հայաստանում, արխիվ
Ընտրություններ Հայաստանում, արխիվ

ՀՀԿ-ն, մինչդեռ, մրցակցին խորհուրդ է տալիս շնորհավորել հաղթողին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում (ԲՀԿ) աննախադեպ են որակում Արարատի քաղաքապետի երեկվա ընտրությունները՝ բացասական առումով:

Այս ընտրությունների նախնական տվյալներով, Հանրապետական կուսակցության թեկնածու Հայկ Հայկյանը 330 ձայնի առավելությամբ հաղթել է միակ մրցակցին՝ «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Սամվել Բարսեղյանին։

«Ընտրություններ, որոնք, իմ դիտարկմամբ առնվազն, աննախադեպ էին այն առումով, որ իշխանությունը կենտրոնացրել և կուտակել էր բոլոր հնարավոր և անհնարին ռեսուրսները այն ծավալով, այն մասշտաբով, որ նույնիսկ նախագահական, խորհրդարանական, համապետական ընտրությունների ժամանակ չի կիրառել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

«Հանրապետական թեկնածուի օգտին քվեատուփ նետված քվեաթերթիկների բացարձակ մեծամասնությունը, համարյա բոլորը, գեղարվեստական երկրաչափության կանոնների համաձայն ծալված անկյուններով, այս կամ այն՝ կախված տարածքից, տեղամասից, ձևերով խոսում են իրենք իրենց մասին», - ասաց Ուրիխանյանը՝ շարունակելով․ - «Կարծես թե օրենքի տառը չխախտելով ընտրողը նետել է քվեատուփ կոնկրետ նշված արդեն քվեաթերթիկներ՝ փաստը խոսում է ինքն իր փոխարեն, և դա արձանագրվել է տեսախցիկներով, հաշվարկների ժամանակ, ամբողջական պատկերը կա։ Մարդիկ, ովքեր նկարահանում էին իրենց քվեաթերթիկները և դրանից բխող քրեական հետևանքներով հանդերձ, կարծում եմ, դա անում էին ամենևին ոչ իրենց հիշողության մեջ տեղի ունեցածը վառ պահելու համար։ Այն կուտակումները, այն կազմակերպչական անհասկանալի «իրարանցումներն» ու «աշխատանքները», որոնք տեղամասից տեղամաս ընկած տարածքներում ու հատվածներում տեղի էին ունենում, տվեցին իրենց «արդյունքը»՝ համատարած ազդեցություն ընտրողի ազատ կամարտահայտման վրա»։

Ոստիկանության պաշտոնական կայքէջում նշված են ընտրությունների ընթացքում ստացված մի քանի ահազանգեր: Ըստ այդմ՝ ԲՀԿ-ի ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ահազանգել է, որ Արարատ քաղաքի Շահումյան փողոցում ոմն Նորիկ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի մեջ ընտրակաշառք է բաժանում։ Անհայտ քաղաքացուց ստացվել է ահազանգ, որ ոմն Մամիկոն թիվ 18/03 ընտրատեղամասի հարակից տարածքում քաղաքացիներին գրիչներ է բաժանում, որ նրանք նշված գրիչներով մտնեն քվեարկության։ Մեկ այլ անհայտ քաղաքացի ահազանգել է, որ Արարատ քաղաքի բնակիչ «Շտանգիստ Ռուբիկն» իր ջիփ ավտոմեքենայով շրջում է ընտրատեղամասերին հարող տարածքներում և քաղաքացիներին գումար բաժանում: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս ահազանգերը «իրականությանը չեն համապատասխանում»։ Ինչ վերաբերում է Հանրապետականի թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկը հեռախոսով նկարահանելու միջադեպին, ապա, ոստիկանության պարզաբանմամբ, քաղաքացին բացատրություն է տվել, որ ցանկացել է այն որպես «հուշ» պահել:

Այսօր ժամը 18-ին լրացավ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով բողոքներ ներկայացնելու ժամկետը. հանձնաժողովից «Ազատության»-ը հայտնեցին, որ այս պահի դրությամբ դեռևս բողոքներ չկան։

ԲՀԿ-ն այս մթնոլորտում «անիմաստ» է համարում արդյունքների բողոքարկումն ու վերահաշվարկ պահանջելը: «Բողոքարկել տեղի ունեցածը ո՞ւմ: Ո՞ւմ գործողությունների նկատմամբ, և բողոքարկել, որ ի՞նչ լինի՝ այսպես հայտնի ձևակերպումներով ասեմ», - ասաց ԲՀԿ-ի խոսնակը։

Իշխող Հանրապետական կուսակցությունը, մինչդեռ, «Բարգավաճ Հայաստան»-ին խորհուրդ է տալիս շնորհավորել իրենց՝ մրցակցային ընտրությունների կապակցությամբ, ինչը բնորոշ է ժողովրդավարական ընտրություններին:

«Կարծում եմ՝ ոչ թե պետք է գնալ այն հայտնի աղվեսի ճանապարհով, որ եթե դունչդ չի հասնում խաղողին, ասում ես՝ խակ է, այլ պետք է ուժ գտնել և շնորհավորել. սա ընդամենը մի փոքրիկ համայնքի քաղաքապետի ընտրություն է եղել», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` շարունակելով. - «Եվ եթե որևէ մեկը խոսում է ընտրախախտումների մասին, ապա պետք է փաստեր ներկայացնի»։

Հարցին, թե ինչու էր ոստիկանությունը նման քանակով, հատուկ ջոկատայիններով կենտրոնացել Արարատում, եթե դա ընդամենը համայնքապետի ընտրություն էր, ԱԺ փոխխոսնակը հակադարձեց. - «Ես կարծում եմ, որ մենք միայն պետք է ողջունենք ոստիկանության աչալրջությունը, որովհետև ոստիկանության աչալուրջ և օպերատիվ աշխատանքի արդյունքում մենք զերծ մնացինք ցանկացած պրովոկացիայից»։

Արարատի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր ուժերից միայն Հայ ազգային կոնգրեսն է հայտարարել ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու մասին։ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն որևէ դիրքորոշում չեն հայտնել։

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ առայժմ ընտրությունների վերաբերյալ գնահատականներ չեն հնչեցնի, քանի որ հանձնաժողովներում «Ժառանգության» անդամների փոխանցած տեղեկատվությունը հավաքագրման և վերլուծման փուլում է։

Նույնը տեղեկացրեցին Դաշնակցությունից` «զառանցանք» որակելով այն տեղեկատվությունը, թե ՀՅԴ-ն հանձնաժողովներում իրեն հատկացված տեղերը Հանրապետականին է զիջել։

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Արարատի քաղաքապետի ընտրությունները գնահատեց որպես «հերթական խայտառակ ընտրություն»։
XS
SM
MD
LG