Մատչելիության հղումներ

Փաշինյանը պարզաբանում է պահանջում վարչապետից և արդարադատության նախարարից


Վարչապետը և արդարադատության նախարարը պետք է պարզաբանեն, թե ինչու ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել հանդիպել Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված անձանց հետ:

Հիշեցնենք անցած շաբաթ օրը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկու անգամ այցելել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, սակայն նրան արգելել էին հանդիպել կալանավորվածներին:

Այսօր այս հարցը ընդդիմադիր պատգամավորը բարձրացրեց նաև Ազգային ժողովում ՝ ասելով, թե հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ազգային ժողովը ընդունում օրենքներ, եթե հետո այդ օրենքները չեն գործելու:

«Ասվեց արդեն, որ ինձ հնարավորություն չի տրվել մուտք գործել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, մինչդեռ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը հստակ սահմանում է Ազգային ժողովի պատգամավորի այդ իրավունքը, և ես ակնկալում եմ, որ դուք իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտեք, և պարզաբանում եմ պահանջում Կառավարության ղեկավարից և Արդարադատության նախարարից», - ասաց Փաշինյանը:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց․ - «Պարոն Փաշինյան, ես կոնկրետ հետամուտ եմ լինելու: Եթե օրենքը խախտվել է, պատգամավորին հնարավորություն չեն տվել օգտվելու իր իրավունքից, անպայման համապատասխան գերատեսչության ղեկավարին փորձելու ենք մենք հրավիրել, հասկանալ, և եթե օրենքը խախտվել է, փորձելու ենք տալ գնահատական»:

Ավելի ուշ այս հարցի շուրջ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես նաև Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ու Պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Նիկոլ Փաշինյանը՝ քննարկման ընթացքում որոշվել է, որ տեղի ունեցած ապօրինության վերաբերյալ պարզաբանումներ պետք է ստանալ վարչապետ Տիգրան Սարգսյանից և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանը առաջարկել է վաղը վարչապետի և նախարարի մասնակցությամբ այս հարցը քննարկման առարկա դարձնել և ինչպես մեզ փոխանցեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորները համաձայնել են այս առաջարկին:

Այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը թույլ չի տվել Ազգային ժողովի պատգամավորին հանդիպել կալանավորված անձանց հետ, Փաշինյանի փոխանցմամբ, թույլ է տալիս ենթադրել, որ փորձ է արվում «ավելի մեծ ապօրինություն թաքցնել»:

Հիշեցնենք` երբ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ հանդիպել էր ձերբակալված Շանթ Հարությունյանին, վերջինս տեղեկացրել էր, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է իրեն բռնությունների է ենթարկել:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ իրեն Հարությունյանին հանդիպելու թույլտվություն չտալու պատճառը հենց տեղի ունեցած ապօրինությունը թաքցնելն է, Փաշինյանն արձագանքեց. - «Եթե տեղի է ունենում ակնհայտ և աղաղակող ապօրինություն, գոյության իրավունք ունի այն վարկածը, որ դա արվում է ավելի մեծ ապօրինություն թաքցնելու համար»:

Պատգամավորը պատմեց, թե իր մուտքը քրեակատարողական հիմնարկ արգելելու տարբեր պատճառաբանություններ էին բերում: Սկզբում ասել են, թե բանալի չկա. - «Այդ պատճառաբանությունը տևեց մոտ 30-40 րոպե, գուցե ավելի շատ, որից հետո ես ֆեյսբուքյան իմ էջում գրառում կատարեցի` հարց ուղղելով Արդարադատության նախարարին. մի՞թե սա նշանակում է, որ ես, մուտք գործելով քրեակատարողական հիմնարկ, ինչ-որ աղաղակող ապօրինություն կարձանագրեմ, և դա է պատճառը, որ օրենքով հստակ իմպերատիվ դրված դրույթը հնարավորություն չի տրվում իրագործել»:

Հետո արդեն, ըստ Փաշինյանի, իրեն է մոտեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթափոխի պետը: Վերջինիս ներկայացրած պատճառաբանություններից է, մասնավորապես, այն, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հետ տեսակցելն արգելված է:

«Ես ասացի, որ դա վերաբերում է հարազատների տեսակցության իրավունքին: Նույնիսկ եթե մենք նայենք, ուսումնասիրենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու կարգի մասին» օրենքի 48-րդ հոդվածը, մենք կտեսնենք, որ Ազգային ժողովի պատգամավորի ազատ ելումուտի հնարավորությունը նույնական է դասվում Վճռաբեկ դատարանի նախագահի ելումուտի հնարավորության հետ և առաջնայնություն է տրվում Արդարադատության նախարարի նկատմամբ: Այսինքն` այստեղ ես հստակ բացատրություններ եմ ակնկալում Կառավարությունից և, մասնավորապես, Արդարադատության նախարարից», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
XS
SM
MD
LG