Մատչելիության հղումներ

logo-print

«Նոյեմբերի 5»-ի գործով կալանավորվածի փաստաբանը անհիմն է համարում մեղադրանքը


Ոստիկանները Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկում քաղաքացուն, Երևան, 5-ը նոյեմբերի, 2013թ․

Ոստիկանները Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկում քաղաքացուն, Երևան, 5-ը նոյեմբերի, 2013թ․

Արա Զաքարյանը պատրաստվում է բողոքարկել Տիգրան Պետրոսյանի կալանքի վերաբերյալ որոշումը:

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ կալանավորված 14 անձանցից մեկի՝ Տիգրան Պետրոսյանի շահերը պաշտպանող փաստաբան Արա Զաքարյանը հիմքեր չի տեսնում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի համար: Այդ մասին փաստաբանը ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Պետրոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»: Որպես պատժամիջոց այս դեպքում կիրառվում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

«Որպես էդպիսին՝ ես հիմք չեմ տեսել, և, ցավոք սրտի, դատարան ներկայացրած նյութերում էլ չկար այդպիսի օբյեկտիվ հիմքեր ենթադրելու, որ պաշտպանյալս կարող է այդ հանցանքը կատարած լինի, և որ նրա նկատմամբ անհրաժեշտ է տվյալ տեսակի խափանման միջոցի կիրառումը», - ասաց Զաքարյանը:

Հարցին, թե կոնկրետ ինչ է արել Պետրոսյանը, Զաքարյանը արձագանքեց․ - «Ըստ Տիգրանի՝ նա որևիցե անօրինական գործողություններ չի կատարել, քննչական մարմինն էլ նրան վերագրում է այն, որ Տիգրանը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններից մեկին: Իրեն վերագրվում է միայն այդ գործողությունը»:

Ի դեպ, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ ոստիկանին հենց այնպես չեն դիմադրում․ ո՞րն է սկզբնական արարքը՝ խուլիգանությո՞ւն, իշխանափոխության հրապարակային կոչե՞ր, խռովությո՞ւն, հարց էր բարձրացրել փաստաբանն ու ավելացրել, որ այս դեպքում երկու հոդված պետք է լիներ, եթե մարդուն մեղադրում են ոստիկանին դիմադրելու մեջ:

Ի պատասխան իրենց հետագա քայլերի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցի՝ Տիգրան Պետրոսյանի փաստաբանը ասաց․ - «Դե, այս պահի դրությամբ առաջինայինը, ինչ արվելու է, դա կալանքի վերաբերյալ որոշումն է բողոքարկվելու: Կան նաև մի շարք այլ գործողություններ, որոնք մենք պատրաստվելու ենք մոտակա օրերս անել, որի մասին այս պահի դրությամբ ուղղակի չէի ցանկանա ասել»:
XS
SM
MD
LG