Մատչելիության հղումներ

Փաշինյանին երկրորդ անգամ չեն թույլատրել տեսակցել կալանավորվածներին


Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 9-ին երկրորդ անգամ հնարավորություն չի տրվել մուտք գործել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Մաշտոցի պողոտայի դեպքերի հետևանքով կալանավորված անձանց։

«22.40-ի մոտակայքում ՔԿՀ բակում ինձ մոտեցավ ՔԿՀ հերթափոխի պետը և պարզաբանեց, որ չի կարող նոյեմբերի 5-ի գործով անցնողներին տեսնելու հնարավորություն տալ, քանի որ նախաքննության մարմինը արգելանք է դրել նրանց տեսակցությունների վրա»,- հայտարարում է ընդդիմադիր պատգամավորը՝ արդարադատության նախարարին հիշեցնելով, որ ԱԺ պատգամավորը օրենքով սահմանված կարգով կարող է անարգել մուտք գործել ՔԿՀ տարածք։

Փաշինյանը արդարադատության նախարարից պահանջում է իրեն անհապաղ հնարավորություն տալ այցելելու կալանավորվածներին, քանի որ նոյեմբերի 6-ին Ձերբակալվածների վայր կատարած այցելությունից հետո «նրանցից հատկապես մի քանիսի վիճակի կապակցությամբ մտահոգություններ ունի և այդ մտահոգությունները կարող են փարատվել միայն նրանց հետ զրույցից հետո»:

«Նաև մտահոգված եմ՝ տեսակցությունների և նամակագրության վրա նախաքննության մարմնի սահմանած արգելքի կապակցությամբ, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձինք հարազատների հետ տեսակցելու և նամակագրության հնարավորություն չեն ունենալու»,- ասված է պատգամավորի հայտարարությունում։

Փաշինյանին նույն օրը՝ ավելի վաղ ևս չէր թույլատրվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել կալանավորված անձանց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG