Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը 100 դրամ սակագինը հիմնավորողներին հրավիրում է երթուղիների մրցույթին


Երևանի քաղաքապետրանի շենքը

Երևանի քաղաքապետրանի շենքը

Երևանի քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտի 100 դրամ սակագինը հիմնավորող քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու երթուղիների հերթական մրցույթին, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ տարօրինակ համարելով, որ այդ քաղաքացիները չեն մասնակցել նախորդ մրցույթին։

«Բաց նամակներով և սրտացավության ամպագոռգոռ տեսակետներով ու պնդումներով էլեկտրոնային դաշտը հեղեղած բոլոր անձանց տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին Երևան քաղաքի թվով 23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար որևէ կազմակերպության կողմից հայտ չի ներկայացվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորող և գերշահույթների մասին խոսողներն այսքան անտարբեր են իրենց գնահատականով նման շահավետ մրցույթի նկատմամբ այն դեպքում, երբ կարելի էր մասնակցել, հաղթել ու բոլորին ապացուցել իրենց պնդումների իրավացիությունը»,- հայտարարում է Երևանի քաղաքապետարանը։

Առաջարկելով մասնակցել երթուղիների հերթական մրցույթին՝ քաղաքապետարանը հայտարարում է, որ դա իրապես լավ հնարավորություն է «մասնակցել մրցույթին և գործնականում հիմնավորել սրտացավությունը՝ մեր բնակիչներին 100 դրամ սակագնով որակյալ և անվտանգ ծառայություն մատուցելու տեսանկյունից»։

«Միաժամանակ ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ Երևան քաղաքին նվիրաբերված բոլոր ավտոբուսները սպասարկվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցների կողմից և հանդիսանում են համայնքային սեփականություն»,- ասված է քաղաքապետարանի հայտարարությունում։

Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոսով թանկացումը հանգեցրեց հուժկու բողոքի ակցիաների, որոնց հետևանքով քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժամանակավորապես կասեցրեց իր՝ թանկացման մասին որոշումը։ Քաղաքային իշխանությունները, սակայն, ուղեվարձի բարձրացումն անխուսափելի են համարում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG