Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ի մամուլ


«Ժամանակն» անդրադառնում է Սերժ Սարգսյանի՝ երեկվա տարածքային կառավարման նախարարություն կատարած այցին, տված հանձնարարականներին և իշխանական բուրգում ՏԻՄ դերակատարությանը.- «Ֆորմալ կան տարածքային կառավարման օղակներ, սակայն իրական կառավարումն իրականացնում են, այսպես ասած, տարածքին հարազատ օլիգարխ-ֆեոդալները։ Մի տեղ Գագիկ Ծառուկյանն է թագավորը, մի տեղ Աղվան Հովսեփյանն է դատավորը, մի տեղ Լիսկան է դահիճը, մի տեղ Հովիկ Աբրահամյանն է վարիչը։ Մարզերն այդ համակարգում, այսպես ասած, բաժնետոմսերն են, այսինքն իշխանության մեջ ամեն մեկի փակը։ Սերժ Սարգսյանը գործադիր տնօրենն է, որը եթե չբավարարեց փայատերերին, նրան կհեռացնեն և կնշանակեն նոր գործադիր տնօրեն։ Այս իրավիճակում ՏԻՄ համակարգի մասին Սերժ Սարգսյանի ցուցում-դատողությունները աշխատել չեն կարող, եթե չեն հաստատվել «բաժնետերերի» խորհրդում»։

«Հայոց աշխարհը» գրում է.- «Օրերս մեր երկիրը ևս մեկ քայլ արեց Մաքսային միությանը միանալու, «միս ու արյուն տալու» ուղղությամբ՝ ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության խորացման հուշագիր։ Քաղաքական որոշումն այլևս կայացված է, և հիմա օրակարգում անդամակցության հետ կապված «տեխնիկական խնդիրների» համաձայնեցման հարցն է», թերթի հետ զրույցում ասել է Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը։

«Պարտքը Արևմուտքին, հոգին՝ Ռուսաստանին». շարունակելով թեման՝ գրում է «Հայկական ժամանակը» և մանրամասնում.- «Երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 7-ին Համաշխարհային բանկի գործադիր խորհրդի նիստում քննարկվել և, ըստ էության, հավանության է արժանացել Հայաստանին առաջիկա չորս տարիների ընթացքում 843 միլիոն դոլարի նոր արտոնյալ վարկ տրամադրելու հարցը։ Փաստորեն Արևմուտքի լիակատար վերահսկողության տակ գտնվող Համաշխարհային բանկը նման մեծածավալ վարկ է տրամադրում մի երկրի, որն օրը ցերեկով ուղղակի դավաճանեց Արևմուտքին և անսպասելիորեն վազեց դեպի Ռուսաստան։ Առաջին հայացքից սա կարելի է նույնիսկ տարօրինակ համարել, բայց միայն առաջին հայացքից։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանի գուբերնիա դառնալու հեռանկար ունեցող Հայաստանին վերջնականապես չկորցնելու համար Արևմուտքը պետք է իր լծակները ստեղծի, իսկ ավելի հզոր լծակ, քան ֆինանսական կախվածությունն է, դժվար է պատկերացնել»։

«Առավոտի» խմբագիրն անդրադառնում է գծատերերի վերջին ցույցերին, որով նրանք պահանջում են տրանսպորտի սակագինը Երևանում սահմանել 200 դրամ.- «Դա մոտավորապես նույնն է, որ մաքսատան աշխատակիցները ցույց անեն և պահանջեն ավելացնել իրենց կաշառքների «ստավկեքը», կամ ճանապարհային ոստիկանները ցույց անեն՝ տեսանկարահանող սարքերը վերացնելու պահանջով, քանի որ այդ դեպքերում չեն կարողանում տուգանքն իրենց գրպանը դնել: Կամ նախարարները գնան Ազատության հրապարակ՝ «Պահանջում ենք ատկատը դարձնել 30 տոկոս» պաստառով: Ուղեվարձի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ գծատերերը (բնականաբար, իսկական գծատերերը) անեն այնպիսի ներդրումներ, որ հնարավոր լինի վարորդներին ազատել փող հավաքելու անհրաժեշտությունից և, հետևաբար, «պլանից», և երբ բոլոր ուղևորները կերթևեկեն նստած, ինչպես որ պահանջում է օրենքը»:

«Դավաճանության շաբաթ Ազգային ժողովում» վերտառությամբ հոդվածում «168 ժամը» նկատում է.- « Հայաստանի ընդդիմությունն առաջիկայում կրկին կանգնելու է լուրջ փորձության առաջ: Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվելու և քվեարկվելու է Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում առաջադրել է ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Հայաստանի ընդդիմությունն առաջիկայում կրկին կանգնելու է լուրջ փորձության առաջ: Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկվելու և քվեարկվելու է Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում առաջադրել է ՎՊ գործող նախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Ինչպես ցույց տվեց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քվեարկությունը, խորհրդարանական ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ այնքան էլ ընդդիմություն չէ: Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը հասկացել է «երջանկության գաղտնիքը», որը, ընդհանուր առմամբ, կայանում է լծակներ ունեցող պաշտոնյաների հետ լավ հարաբերություններ ունենալու մեջ: Այնպես որ, բացառված չէ, որ Իշխան Զաքարյանի քվեարկությունից հետո ընդդիմադիրները կրկին սկսեն իրար մեջ դավաճաններ փնտրել ու այդպես էլ չգտնել»։

«Չորրորդ իշխանությունը» հիշեցնում է դեռևս խորհրդային տարիներից հայտնի մի անեկդոտ, որի համաձայն՝ լավատեսներն ուսումնասիրում են անգլերենը, հոռետեսները՝ չինարենը, իրատեսները՝ Կալաշիկնովի ավտոմատը։ Թերթը գրում է.- «Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Լավատեսները հույս ունեն, որ Ղարաբաղյան պատերազմը այնքան էլ շուտ չի սկսվի, հոռետեսները կարծում են, որ ոչ մի պատերազմ էլ չի լինի, Հայաստանի իշխանություններն առանց պատերազմի կհանձնեն տարածքները, իսկ իրատեսները ուսումնասիրում են արևմտյան երկրների և Ռուսաստանի միգրացիոն օրենքները։ Ընդ որում, իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի իրատեսների թիվն ավելանա»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG