Մատչելիության հղումներ

Բողոքի երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների


Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013
Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013
Այսօր կեսօրին Ազատության հրապարակից մեկնարկեց երթ՝ նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և կալանավորված Շանթ Հարությունյանին և մյուս 13 քաղաքացիներին ազատ արձակելու կոչերով։

Երթի մասնակիցները Շանթ Հարությունյանին և մյուսներին համարում են քաղաքական բանտարկյալ, պահանջում են քրեական գործ հարուցել, իրենց պնդումներով, Հարությունյանին ծեծի ենթարկած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նկատմամբ։

Քաղաքացիները նախ ոստիկանության շենքի մոտ պահանջեցին գործել օրենքի շրջանակներում, ապա նույն պահանջը հասցեագրեցին գլխավոր դատախազին՝ դատախազության շենքի մոտ։

Ուշագրավ է, որ երթի մեկնարկին ոստիկանները ծալեցին պաստառներից մեկը՝ թույլ չտալով, որ դրանով երթ անցկացվի, արդյունքում՝ իրարանցում սկսվեց։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասաց, որ բարոյական չէ այդ պաստառով երթ անցկանցնել՝ չվկայակոչելով որևէ իրավական հիմք։

Երբ ավարտվեց բողոքի ակցիան, ոստիկանները շրջապատեցին մասնակիցներին մեկին՝ Մհեր Ավետիսյանին, պատճառաբանելով, որ նրա մոտ դանակ կա։ Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում չհերքեց այդ փաստը, ասաց դանակը գրպանում է եղել։ Քաղաքացուն հրավիրեցին ոստիկանության Կենտրոնի բաժին, նրա հետ ոստիկանություն գնաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Ավետիսյանը մոտ երկու ժամ անց ազատ արձակվեց։

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG