Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում ուղևորափոխադրում իրականացնող 57 ընկերություններ քաղաքապետից պահանջում են թանկացնել տրանսպորտը, սակագինը սահմանել առնվազն 200 դրամ՝ պատճառաբանելով, թե օր օրի գները աճում են։

Ավտոպահեստամասերն արդեն եռակի, քառակի են թանկացել, վառելիքը նույնպես, բայց երթուղայինի սակագինը ավելի քան 10 տարի նույն է մնացել։ Արդյունքում մեքենաները նախատեսվածից շուտ են շարքից դուրս գալիս, իսկ դրանք նորոգելու և պատշաճ սպասարկում իրականացնելու համար արդեն միջոցներ չկան, «Ազատության» հետ զրույցում ասում են ուղևորափոխադրողները։

«Մենք ասում ենք, հարգելի քաղաքապետարան, մենք պատրաստ ենք աշխատելու 150 դրամով, եթե կառավարությունը մեզ 50 դրամ դոտացիա տա՝ լրավճար։ Այսինքն եթե 100 դրամ դոտացի տա, մենք ուղևորից չենք ուզի 150 դրամ։ Մեր սպասարկման արժեքը 200 դրամ է»,- ասաց Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

Նրանք պնդում են, որ գործը շարունակելու համար հսկայական պարտքեր են կուտակել, ընդհուպ տներ գրավադրել, հետևաբար նոր վարկեր վերցնելու և ոլորտը կարգավորելու համար այլևս գումարներ չունեն։

«Կորցնելով ունեցվածք, բարեկամների, հարազատների տներ, որոնք մենք գրավադրել ենք և շարժակազմեր ենք ձեռք բերել, վարկ ենք վերցրել, ներդրել, որ մարդ տեղափոխենք։ Մեզ ինչ են ասել՝ տղերք ջան քշեք, քշեք լավ կլինի, 2008 թվականից ասում են լավ կլինի, 6 տարի չի լինում ոչ մի բան, գնում է դեպի վատը»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Ուղևորափոխադրողների միության անդամ, երկու երթուղի սպասարկող «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը։

Քաղաքապետարանը նրանց նամակին կպատասխանի երեք օրվա ընթացքում, իրենց պահանջները չբավարարելու դեպքում ընկերությունները խոստանում են կտրուկ գործողություններ։

«Եթե սեղմ ժամկետում մենք չունենանք ուղեվարձի չափը, մենք մեզ իրավունք ենք վերապահում ավելի ռադիկալ գործողություններ, ընդհուպ մինչև չաշխատել, կանգնել»,- ասաց Եղիազարյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG