Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը կալանավորվեց


Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակում, 5-ը նոյեմբերի, 2013

Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակում, 5-ը նոյեմբերի, 2013

Այսօր մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով՝ իշխանության ներկայացուցչի, տվյալ դեպքում ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։

Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: Շանթ Հարությունյանն արդեն կալանավորվել է։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված 20 անձանցից 14-ին արդեն մեղադրանք է ներկայացվել, բոլորին էլ 316-րդ հոդվածի հատկանիշներով։ 14-ի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը, 6-ն էլ ազատ են արձակել։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է կալանավորվածներից Ավետիս Ավետիսյանի քրոջ՝ Սաիդայի հետ։ Ձերբակալվածների մեջ էր նաև Սաիդայի ամուսինը՝ Արման Մխիթարյանը։

Երիտասարդ կինը պատմեց, որ ամուսինը ընդհանրապես կապ չունի այդ իրադարձությունների հետ, Արմանը դեպքի վայր է հասել այն բանից հետո, երբ ամեն ինչ ավարտվել էր, պարզապես գնացել էր Ավետիսին փնտրելու։

«Մենակ չի եղել, կան երեք վկաներ, որոնք փաստում են, որ ինքը ոչնչին մասնակից չի եղել»,- ասաց Սաիդան։

Սաիդայի կալանավորված եղբայրը 24 տարեկան է, ունի նորածին երեխա: Սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքի միակ հույսը Ավետիսն էր։

«Այո, Ավետիսը անապահով վիճակում է գտնվում, ունի ութ օրական բալիկ, ընտանիքի խնամքը ամբողջովին իր ուսերին է։ Հայրը մահացել է, մայր ունի, հիմնական աշխատանք չուներ, աշխատում էր որոշ կայքերում՝ ինֆորմացիա տեղադրելով։ Ակադեմիայի նյութերն էր տեղադրում կայքում»,- ասաց Սաիդան։

Ավետիսյանի քույրը ասաց, որ ձերբակալվածների մեջ է նաև եղբոր 24-ամյա ընկերը՝ Սևակ Մնացականյանը. նա նույնպես գնացել է դեպքի վայր՝ Ավետիսին փնտրելու և ձերբակալվել է։ Ավելի ուշ տեղեկացել են, որ նաև կալանավորված է։

«Սևակն էլ մանկավարժ է, աշխատում է դպրոցում, հուսով ենք, որ աշխատանքից չեն հանի»,- ասաց Սաիդան։

Երիտասարդ կինն այսօր մինչև ուշ երեկոյան ոստիկանության Կենտրոնի բաժնի բակում սպասում էր ամուսնուն՝ հույսով, որ նրան ազատ կարձակեն։

Ոստիկանության Կենտրոնի բաժնում հանդիպեցինք նաև ձերբակալված Արման Մխիթարյանի ընկերոջը՝ 21-ամյա Սեդրակին։ Վերջինս տարակուսած էր, ասում էր, որ ինքը դեպքի վայրում է եղել, իսկ Արմանը եկել է այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտվել էր, բայց տարօրինակ է՝ ընկերոջը ձերբակալել են, իրեն՝ ոչ։

«Նույն հաջողությամբ կարող էին ինձ տանել, ինձ ավելի շատ առիթ ունեին տանելու, որովհետև ես ավելի վաղուց էի էնտեղ»,- ասաց Սեդրակը։

Բուն իրադարձություններին ականատես եղած 21-ամյա երիտասարդը ասում է, որ իր տպավորությամբ՝ Շանթ Հարությունյանը չէր ցանկանում, որ բախումներ լինեին, հակառակը՝ խուսափում էր այդ ամենից։

«Ես շուտ էի գնացել, էնտեղ կանգնած էի, Շանթը որ ելույթ ունեցավ, արդեն ջղանյացած էր չգիտեմ ինչի վրա, ասաց՝ ստեղ սադրիչներ կան... ես հնարավոր եմ համարում, որ կռիվը սկսվեց հենց ինչ-որ մեկի դիտավորությամբ։ Ես ինչքան նայեցի վիդեոները, ինքը՝ Շանթը փորձում էր խուսափել կռվից։ Այսինքն ինքը փորձեց, քաշեց, էնտեղ սկսեցին հրել, ինքը հետ քաշեց իր տղաներին։ Ինձ թվում է՝ սկզբնական լիցքը կռվի համար իրար հրելու և քաշքշելու՝ ինքը չէր նախաձեռնել»,- ասաց Սեդրակը.- «Ես գնացել էի էդ երթի հետ, բայց ես դիմակ չէի հագել, ձեռքս բան չէի վերցրել, ուղղակի հետևից քայլում էինք։ Շանթի գաղափարները կիսում եմ, մանավանդ այն, որ մեզ արժեքային հեղափոխություն է պետք, մարդկանց մեջ է պետք հեղափոխությունը։ Իսկ այն առումով, թե ինչ մեթոդով, դա չգիտեմ... ամեն դեպքում Շանթի ասածը նույնիսկ իրատեսական չէր, ինքը տասը հոգով չէր կարող հեղափոխություն անել»։

Հավելենք, որ քիչ առաջ Արման Մխիթարյանի կինը մեզ փոխանցեց, որ ամուսնուն ազատ են արձակել։
XS
SM
MD
LG