Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Փարիզում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի համաժողովին


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 29-րդ նախարարական համաժողովին, որին ներկա էին կազմակերպության 77 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ համաժողովի օրակարգում էին անցած տարվա հոկտեմբերին կայացած Կինշասայի գագաթնաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ տարի Դաքարում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Իր ելույթում խոսելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածության մասին՝ Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք ուրախ ենք մաս կազմել ֆրանկոֆոն համայնքին, որը համագործակցության կարևոր միջազգային հարթակ է հանդիսանում՝ բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների և երկրների միջև համերաշխության ամրապնդման համար, նաև՝ հնարավորություն ընձեռում առավել միասնական գործել միջազգային բեմահարթակում»։

«Արդեն մի քանի տարի շարունակ Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում ամենից շատ միջոցառումները կազմակերպվում են հենց Հայաստանում», - նշել է Նալբանդյանը:

Անդրադառնալով տարբեր աշխարհամասերում կայունության ապահովման ուղղությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից գործադրվող ջանքերին՝ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է, որ Կինշասայի գագաթնաժողովին կազմակերպության անդամ երկրները իրենց լիակատար աջակցությունը հայտնեցին ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման նպատակով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ հորդորելով շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա` կոչ անելով հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG