Մատչելիության հղումներ

logo-print
Արարատի քաղաքապետի եզրափակիչ օրվա գլխավոր հերոսները խնամիական հարաբերություններով կապված Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը դարձան։ Նրանք եկել էին իրենց առաջադրած թեկնածուներին պաշտպանելու, բայց արդյունքում ողջ ուշադրությունն իրենց վրա սևեռեցին։

Հայկ Հայկյանին՝ իշխող Հանրապետականի թեկնածուին Սերժ Սարգսյանը չգնաց տեղում սատարելու:

«Մեր սիմվոլներից մեկն է երկրի նախագահը, և այնքան զբաղված անձնավորություն է, որ ապահովում է մեր երկրի անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը այդքան ժամանակ կունենա փոքրիկ քաղաքի ընտրություններում մասնակցություն ցուցաբերելու համար»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հայկյանը։

«Բարգավաճ Հայաստանը» Արարատի կենտրոնական հրապարակում այդպես էլ հնարավորություն չունեցավ ընտրարշավ անցկացնել, ասաց ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով տեղական իշխանությունների պատճառաբանությունը, թե քաղաքապետարանը արարատցիների մշակութային կյանքն է կազմակերպում։

«Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ օրվա որևէ ժամի որևէ օր ոչ սպարտակիադա, ոչ օլիմպիադա, ոչ տարածաշրջանային գրանդիոզ մշակութային միջոցառումներ չեն անցկացվել, ընդամենը եղել են, երբ ինչ-որ մի ձայնագրիչ են միացրել, և այդ մշակութային տարածաշրջանային հզոր միջոցառման միակ հանդիսատեսը եղել է արևածաղիկ վաճառող տատիկը»,- ասաց Զոհրաբյանը։

Արարատի քաղաքապետի պաշտոնակատարից փորձեցինք ճշտել՝ այն ինչ կարելի է ՀՀԿ-ին, ինչո՞ւ չի կարելի ԲՀԿ-ին։ Պաշտոնյան ասաց՝ ինքը քաղաքապետարանում ընտրությունների կազմակերպչական աշխատանքով է զբաղված, հանդիպման ժամանակ չունի։

Արարատի քաղաքապետի պաշտոնի համար իշխող ՀՀԿ-ի առաջադրել է անկուսակցական, «Արարատյան ավտոկայանի» տնօրեն Հայկ Հայկյանին, իսկ ԲՀԿ-ն՝ «Արարատցեմենտ» գործարանի արտադրության պետ Սամվել Բարսեղյանին։

Հայկյանը 2007-ին էլ պայքարել Արարատի քաղաքապետի պաշտոնի համար՝ Հանրապետականի դեմ։ Հանգուցյալ քաղաքապետ Աբրահամ Բաբայանն է եղել նրա մրցակիցը, այժմ՝ ՀՀԿ-ն Հայկյանին է սատարում։ Հայկյանն ասում է՝ արարատցին իրեն ճանաչում է, մարդկանց վերաբերմունքից է զգում, իսկ ՀՀԿ-ի շարքերը համալրելու համար «պետք է դեռ վստահություն շահի, որ արժանի լինի կուսակցություն մտնելուն»։

ԲՀԿ-ի թեկնածուին, ինչպես քարոզարշավի ողջ ընթացքում, այսօր էլ հանդիպել չհաջողվեց։ Տարածքում անծանոթ մարդ տեսնելով նա արագ թաքնվեց շտաբի մուտքին ամենամոտ սենյակում՝ խոհանոցում։ Շտաբի աշխատակիցներն էլ շտապեցին ասել՝ Սամվել Բարսեղյանը տեղում չէ։

Ընտրարշավային 11 օրերի ընթացքում երբեմնի համախոհ կուսակցությունների մոտ փոխադարձ մեղադրանքների պակաս չզգացվեց։ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ հաշվի առնելով այն, թե «ինչ որակի մրցակցի հետ գործ ունեն, մտահոգություններ պարզ են»։

«Գործի են դրվում բոլոր այն մեթոդները, որ գործի է դնում տվյալ քաղաքական ուժը բոլոր ընտրությունների ժամանակ, այնպես որ բարի ավանդույթները շարունակվում են»,- ասաց նա։

Հանրապետականի թեկնածուն հակադարձում է. - «Նրանք իրենց գործարանի աշխատողներին ազատում են աշխատանքից, երբ մարդիկ բացահայտ իրենց կարծիքն են հայտնում, որ ընտրելու են ինձ»։

Նաիրա Զոհրաբյանը հերքում է մեղադրանքը.- «Ամսվա կտրվածքով մոտավորապես 25-30 աշխատակից դուրս է գալիս աշխատանքից և մոտավորապես 40 աշխատակից ընդունվում է աշխատանքի։ Դրանք քաղաքական ենթատեքստ տալը առնվազն անլուրջ է»։

Արարատցիները երկու թեկնածուներին էլ ճանաչում են, ասում էին՝ քարոզարշավային հանդիպումներին մասնակցել են, բայց կողմնորոշվելու հարցում դրանք հստակություն չեն մտցրել։

«Ժողովուրդը ոչ մեկին չի հավատում հիմա, սովորական քարոզարշավ է, ասում են էն՝ անում են հակառակը, լավ բաներ խոսք են տալիս, բայց էդ նույն օրն ենք տեսնում, հետո էլ չենք տեսնում»,- ասում էր մեր զրուցակից արարատցին։

«Մեր քաղսովետի նախագահին պիտի ընտրենք, խոստում է տվել՝ էս շենքերը պիտի սարքեն, չգիտես ինչ պիտի անեն, հլա տենանք ինչ կանեն։ Սաղ սուտ է, ամոթ իրանց, որ 2 միլիոն մարդ չեն կարում պահեն»,- ասում էր մեկ ուրիշ արարատցի։
XS
SM
MD
LG