Մատչելիության հղումներ

logo-print

Մաշտոցի պողոտայի բախումների գործով ութ մարդ է կալանավորվել


Ոստիկանները Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկում քաղաքացիներին, 5-ը նոյեմբերի, 2013

Ոստիկանները Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկում քաղաքացիներին, 5-ը նոյեմբերի, 2013

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախումներից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում 8 մարդ կալանավորվել է:

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության լրատվական կայքէջը, նրանց մեղադրանք է առաջադրվել 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի, տվյալ դեպքում ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:

Առայժմ կալանավորվածների մեջ չէ Շանթ Հարությունյանը. չի բացառվում, որ այսօր մինչև երեկոյան ժամը 6-ը նրան նույնպես մեղադրանք ներկայացվի:

Հիշեցնենք, նոյեմբերի 5-ին ոստիկանության, Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների միջև Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո 38 մարդ բերման էր ենթարկվել: Նրանց մի մասն ազատ էին արձակվել, 20 մարդ ձերբակալվել էր: Այժմ այդ 20-ից 8-ին մեղադրանք է առաջադրվել, իսկ խափանման միջոցը ընտրվել է երկամսյա կալանքը:

Կալանավորվածների մեջ է նաև ազատամարտիկ Վարդան Վարդանյանը, ով Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել էր, որ իրեն անձամբ բռնությունների է ենթարկվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այսօր մեզ հաջողվել է զրուցել կալանավորվածներից Ավետիս Ավետսիյանի քրոջ՝ Սաիդայի հետ: Ձերբակալվածների մեջ է նաև Սադիայի ամուսինը՝ Արման Մխիթարյանը:

Երիտասարդ կինը պատմեց, որ կալանավորված եղբայրը ընդամենը 24 տարեկան է, նա ունի նորածին երեխա: Սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքի միակ հույսը Ավետիսի աշխատանքն էր:

Ինչ վերաբերում է ձերբակալված ամուսնուն՝ 31-ամյա Արման Մխիթարյանին, ապա Սաիդայի փոխանցմամբ՝ նա ընդհանարապես կապ չունի այդ իրադարձություների հետ, Արմանը դեպքի վայր է հասել այն բանից հետո, երբ ամեն ինչ ավարտվել էր:

«Ավետիսը 24 տարեկան է, ունի ութ օրական բալիկ։ Ավետիսի հայրը մահացած է, շատ ծանր վիճակում է գտնվում ընտանիքը, մայրը չի աշխատում, ունեն ծեր պապիկ, միակ կերակրողը Ավետիսն էր։ Աշխատում էր, բայց՝ ժամանակավոր, մեկ աշխատում էր, մեկ չէր աշխատում, Գիտությունների ազգային ակադեմիայի կայքի վրա էր աշխատում՝ որպես կայքի պատասխանատու»,- ասաց Սաիդան՝ շարունակելով.- «Ճիշտն ասած, մենք չգիտեինք, որ Ավետիսը այդտեղ էր գտնվում, բայց հավատացել էր մի գաղափարի, Շանթ կոչեցյալին, իսկ ինքը հիմա կհայտնվի ազատության մեջ կամ գժանոցում, իսկ այն անձինք..., որ իրենց խաբված են զգում, որովհետև նա ասել էր՝ միայն լինելու է խաղաղ ցույց, իսկ ժողովուրդը հավատալով էնտեղ էր գտնվել»։
XS
SM
MD
LG