Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 8-ի մամուլ


Անդրադառնալով օրեր առաջ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերին` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Անհնար է չխոստովանել, որ մի հարցում Շանթի հետ պետք է համաձայնել կատարելապես. այսպես շարունակել չի կարելի, Հայաստանը գնում է ոչ այն ուղղությամբ, որ պիտի հանգեցնի ժողովրդավարական, իրավական, սոցիալական, ինքնիշխան պետության կայացմանը: Սա նաև արձանագրումն է մեկ ուրիշ կարևոր փաստի. Հայաստանում չկա ընդդիմություն և ընդդիմադիր քաղաքական պրոցես, որովհետև նման պարագայում մարդը ոչ թե կգնար գիտակցված պարտության, այլ կգնար օգնելու ընդդիմադիր պրոցեսին, որ հաղթանակ տոնի»:

«Եթե մենք ներսում կարողանայինք լուծել սոցիալական, տնտեսական խնդիրները, համերաշխություն ձևավորեինք քաղաքական հարցերում և օրենքը աշխատեր բոլորի համար, նման միջադեպ չէր լինի», - իր հերթին «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ասել է նախագահի նախկին խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և հավելել. - «Հասարակությունը ելքեր է փնտրում: Պետք է հեղափոխություն լինի վերևից, եթե դա չլինի, բնական է, կլինի ներքևից»:

«Առավոտ»-ի խմբագիրը փաստում է. - «Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր էր գալիս, երբ ՀՀՇ-ականները ջարդել էին ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը, երբ Ալբերտ Բաղդասարյանը սպառնում էր Լևոն Տեր-Պետրոսյանին «ռումինական տարբերակով» (գնդակահարությամբ ), երբ Շանթը սպառնում էր գրավել պետական շենքերը, ինչպես նաև փայտերով ու ճայթրուկներով երթ էր կազմակերպել: Ժողովրդին այդ ամենը դուր է գալիս այն պարզ պատճառով, որ այս 22 տարիների ընթացքում ու դրանից առաջ էլ իշխանությունն իրեն խիստ բացասաբար է դրսևորել՝ այն ծայրաստիճան կոռումպացված է և լպիրշ, որ վերը թվարկած (ինչպես նաև բազմաթիվ այլ՝ չթվարկած) դրսևորումները ժողովրդի «սիրտը հովացնում են»: Ինձ այդ ամենը դուր չի գալիս, որովհետև ինձ համար ակնհայտ չէ այն սահմանագիծը, որը կա «արդար ընդվզման» և խուլիգանության, բռնության կոչերի և նույնիսկ ահաբեկչության միջև»:

«Հայաստանում բավական հետաքրքրական պրակտիկա է ձևավորվում: Բողոքի ակցիաներ են սկսում կազմակերպել իշխանությունները», - իր հերթին նկատում է «Ժամանակ»-ը և մանրամասնում. - «Սամվել Ալեքսանյանն իր «պաշտպաններին» հանում է «Փակ շուկայի» մասով օրենքի կիրառում պահանջող քաղաքացիների դեմ: Տարոն Մարգարյանն էլ արդեն սկսել է գծատերերի միտինգներ կազմակերպել: Եվ քանի որ, ըստ ամենայնի, սա արդեն դառնում է կիրառական պրակտիկա իշխանությունների զինանոցում, կարող ենք ասել, որ իշխանական ղեկը յուրացրած օլիգարխիան պարզապես պատերազմ է հայտարարել Հայաստանին և սկսել է ներսից գրոհը Հայաստանի դեմ»:

«Չորրորդ իշխանություն»-ն անդրադառնում է Արարատի ընտրություններին` փաստելով, որ «թեև դրանք բացառապես համայնքային նշանակություն ունեն, այդուամենայնիվ կիրակի սպասվելիք իրադարձությունները կարևոր են նաև մի շարք քաղաքական իրողություններ հասկանալու առումով»: «Կասկածից դուրս է, որ ընտրությունները խայտառակ ընթացք են ունենալու: Եվ միանշանակ է, որ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է իր ձայնի տերի լինելու համար», - գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ը, մինչդեռ, փաստում է, որ Արարատի ընտրություններից բացի, որտեղ ԲՀԿ-ն իր թեկնածուն է առաջադրել, խորհրդարանի` մեծությամբ երկրորդ կուսակցությունը կարծես ընդհատակ է անցել: Թերթի թղթակիցը Ծառուկյանի խոսնակից հետաքրքրվել է, թե որն է եղել նրա վերջին քաղաքական հայտարարությունը, ինչին ի պատասխան Տիգրան Ուրիխանյանն ասել է, թե ԲՀԿ յուրաքանչյուր ներկայացուցչի հայտարարություն համաձայնեցվում է Գագիկ Ծառուկյանի հետ. - «Չի կարող որևէ բան լինել առանց Ծառուկյանի հսկողության: Նա այն առանցքն է, որի շուրջը տեղի են ունենում ԲՀԿ գործողությունները»: «Իսկ թե ինչ գործողություններ են պտտվում այդ առանցքի շուրջը, միայն «Բարգավաճ Հայաստան»-ին է հայտնի», - ընդգծում է թերթը:

«Ամբիցիաների պայքար սպորտի տիրույթում», - գրում է «Հրապարակ»-ն ու նկատում, որ վերջին սկանդալը` Վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ, անորոշ ավարտ ունեցավ. - «ՀԱՕԿ-ը նախ հայտարարեց, որ չի ճանաչում Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի «խախտումներով անցկացված» ընտրությունների արդյունքը և իրավունք ունի «հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը», իսկ երեք օր առաջ Ծառուկյանի մամուլի քարտուղարն անհաջող ձևով լղոզեց հարցը` ասելով, թե «խնդիրն ընթացակարգային փուլում է», և որ Վոլեյբոլի ֆեդերացիայի հարցը Գագիկ Ծառուկյանի օրակարգից դուրս է: Ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանի հարցում վերին միջամտություն է եղել, բայց նաև, որ քաղաքական «բիլակները» դեռ բացվելու տեղ ունեն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG