Մատչելիության հղումներ

Հնարավոր է՝ ՄՄ մտնելու համար Հայաստանը հրաժարվի ԵՄ ստանդարտներից


Հնարավոր է Հայաստանը հրաժարվի Եվրամիության այն ստանդարտներից ու ընթացակարգերից, որոնք նախորդ տարիներին ընդունել է մեր երկիրը և որոնք հակասում են Մաքսային միության ստանդարտներին ու ընթացակարգերին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ըստ էության, նման տարբերակ չբացառեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

«Ազատության» այն հարցին (ընդ որում, հարցը կրկնեցինք մի քանի անգամ), թե Հայաստանը հրաժարվելո՞ւ է ԵՄ այն ստանդարտներից ու ընթացակարգերից, որոնք հակասում են Մաքսային միության նորմերին, Էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանեց- «Ես մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ, և ասել, որ սկզբունքորեն եթե սա հակասում է, ուրեմն այսպես պետք է լինի, եթե նա հակասում է, ուրեմն այսպես չպետք է լինի, դեռևս վաղ է, որովհետև այդ ամեն ինչը կախված է բանակցային գործընթացից»։

Փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նաև ասաց, որ «որոշակի ընդհանուր պատկեր, թերևս, արդեն իսկ հանրավոր է լինում ուրվագծել», թե Եվրամիության որ նորմերն են հակասում Մաքսային միության նորմերին:

Գաղտնիք չէ, որ նախորդ մոտ երեք տարիների ընթացքում, ինչ Հայաստանը բանակցում էր Եվրամիության հետ, Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի շուրջ, մեր երկիրը ընդունեց Եվրամիության տարբեր ստանդարտներ ու ընթացակարգեր, և այժմ, երբ Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը, պետք է ընդունի արդեն Մաքսային միության համապատասխան նորմերը:

Նախորդ տարիներին ոչ քիչ միջոցներ, ջանքեր ու ժամանակ է պահանջվել հայաստանյան պետական մարմիններից, բիզնեսից՝ ընդօրինակելու ԵՄ ստանդարտները: Օրինակ, Պետեկամուտների կոմիտեում «հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացնելու» համար, որը պետք է ավարտվի 2014-ի հունիսին, ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակում հատկացվել է մեկ միլիոն եվրո, և այսպես բազմաթիվ ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են Բրյուսելի կողմից:

Տնտեսագետ Սամվել Ավագյանի ներկայացմամբ, այժմ այդ ամենի մի մասը կարող է ջուրը ընկնել:

«Եթե մենք կարողանանք աշխատել ԵՄ ստանդարտներով, մեզ համար ռուսական շուկա մուտք գործելը խնդիր չէ, սակայն ռուսական ստանդարտներով աշխատելու դեպքում մենք դժվար թե կարողանանք անարգել մեր տեղը գրավելով ԵՄ շուկաներում»,- ասաց տնտեսագետը։

Ուկրաինական «Сегодня» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, որը երեկ է հրապարակվել, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշում է, թե Մաքսային միության հետ ինտեգրացիան «կխթանի տնտեսության աճը Հայաստանում»:

Միաժամանակ, վարչապետը խոստովանում է, որ կան նաև ռիսկեր․- «Մաքսային միության դրույքաչափերը ավելի քան երկու անգամ բարձր են, քան մեր մաքսատուրքերը՝ երրորդ երկրների հետ։ Մենք կբախվենք որոշակի բարդությունների»,- ասում է Սարգսյանը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը նշեց, թե այժմ Մաքսային միության հետ քննարկում են, որ Հայաստանի համար բացառություն արվի որոշ ապրանքատեսակների գծով:

«Մաքսային միության հետ համաձայնագրի շրջանակներում քննարկում ենք այն զգայուն ապրանքների ցանկը, որոնք մեր տնտեսության համար կարող են խնդիրներ ստեղծել։ Շատ չեն այդ ապրանքները, ցուցակը դեռևս քննարկման ընթացքում է, և մենք նախնական պայմանավորվածություն ունենք, որ քննարկենք ու որոշ բացառություններ մեր տնտեսության համար կվերցնենք»,- ասաց փոխնախարարը։

Սամվել Ավագյանի խոսքով, անդամակցությունը Մաքսային միությանը «մասամբ կթանկացնի կյանքը Հայաստանում»: Իսկ թե ի՞նչ ազդեցություն կթողնի հայաստանյան տնտեսության վրա մուտքը Մաքսային միություն, տնտեսագետն ասաց, որ կարճատև հեռանկարում դրական, քանի որ հայկական բիզնեսը ավելի դյուրին մուտք կգործի ռուսական շուկա։

«Բայց միջին ու երկարատև հեռանկարում առաջանում են մի շարք հարցեր ու դա առաջին հերթին կապված է որակի ենթակառուցվածքների հետ, քանի որ Մաքսային միության պահանջները շատ բարձր չեն, կարող է ստացվել այնպես, որ Հայաստանի տնտեսությունը ադապտացվի ցածր ստանդարտներ կիրառող տնտեսական համակարգին և այլ համակարգերի նկատմամբ լինի քիչ մրցունակ»,- ասաց տնտեսագետը։
XS
SM
MD
LG