Մատչելիության հղումներ

logo-print

Բախումների հետևանքով ձերբակալվածների հարազատներն անորոշության մեջ են


Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված ակտիվիստներից Արման Մխիթարյանի, Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի և Հայկ Հարությունյանի ընտանիքները հայտնվել են անորոշության մեջ։ Նրանք ահազանգում են, որ տեղեկություն չունեն իրենց ձերբակալված հարազատների վերաբերյալ, չեն կարողանում նրանց հանդիպել։

31-ամյա ակտիվիստ Արման Մխիթարյանի կինը՝ Սաիդա Պողոսյանն ու Արմանի ձերբակալությանն ականատես Մերի Սաֆարյանը այսօր լրագրողներին պատմեցին, որ իրենց համար ընդհանրապես անհասկանալի է ոչ միայն երիտասարդի ձերբակալությունը, այլ նույնիսկ նրան բերման ենթարկելը. Մերի Սաֆարյանի հավաստմամբ, Արմանը նույնիսկ դեպքի պահին այդ տարածքում չի եղել։

«Արման Մխիթարյանի ձերբակալությունը աբսուրդ ձևով տեղի ունեցավ, որովհետև ինքը այդ գործողություններին բացարձակապես չի մասնակցել, եկել է ուշացումով, նույնիսկ հեռու կանգնած էր։ Հետո Ազատության հրապարակի կողմից գոռացին՝ ինչ-որ մեկին խփում են, ու հավաքված տղաները, այդ թվում՝ Արմանը միանգամից գնացին այդ կողմ։ Մինչև ես իրենց հետևից հասել եմ, Արմանին տանում էին, ու պիտի նշեմ, որ գրեթե դիմադրություն չկար Արմանի կողմից, ինքը շատ հանգիստ էր, որովհետև վստահ էր, որ ինքը ոչինչ չի արել»,- ասաց Մերի Սաֆարյանը։

Արման Մխիթարյանի կին էլ հավելեց, որ նա ընդհանրապես ակցիային մասնակցելու ծրագրեր այդ օրը կարծես չի ունեցել.- «Քանի որ ինքը ժամը 6-ին մեր ընկերներից մեկի հետ արդեն ուներ ժամադրություն, իսկ ես իր հետ խոսել եմ երևի 5։30... իսկ ինքն այնքան ճշտապահ մարդ է, որ եթե ասում է, պետք է ներկա լինի»։

Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի և Հայկ Հարությունյանի հարազատներն ավելի քիչ տեղեկություններ ունեին նրանց ձերբակալության մասին։ 25-ամյա ակտիվիստ Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լյուսյա Մարտիրոսյանն անընդհատ լալիս էր, դժվարությամբ էր խոսում, ասում էր, որ Ավետիսն առողջական խնդիրներ ունի, մորը հայտնի միակ տեղեկությունն այն է, որ ձերբակալված որդին պատրաստվում է հացադուլ հայտարարել։ Որևէ այլ տեղեկություն և տեղեկատվության աղբյուր ընտանիքը չունի։

Ակտիվիստների հարազատները միաձայն պնդում էին, որ նրանք նախապես չեն իմացել ոչ մահակների ու պայթուցիկների, ոչ էլ Մաշտոցի պողոտայում տեղի ունենալիք զարգացումների մասին. եկել են Ազատության հրապարակ, ինչպես նախկինում մշտապես ներկա են եղել և Փակ շուկայի կառուցապատման, և տրանսպորտի թանկացման դեմ և Թեղուտի պաշտպանության և մյուս նմանատիպ ակցիաներին ու շարժումներին։ Հետո իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, ստեղծվել է քաոս։ Ձերբակալվածների հարազատները կասկածներ ունեին, որ սադրանքի նպատակով հատուկ ներդրված մարդիկ են հրահրել ու ստեղծել այդ քաոսը, իսկ ձերբակալությունները եղել են «ընտրովի»։

«Իրենք կոնկրետ մարդկանց էին բռնում. ես չգիտեմ դա վերևից էր թելադրված, թե ով էր, ինչ էր, բայց իմ տպավորությունը դա է եղել...Այսինքն ժողովրդին շղթայով այնքան էին այս կողմ, այն կողմ անում, մինչև իրենց պետք եղած մարդուն բռնում էին, գտնում էին, տանում էին, ու դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև բոլորին իրենք հավաքեցին»,- ասաց Մերի Սաֆարյանը։
Նշելով, որ 20 ձերբակալվածների մի մասին ճանաչում է Փակ շուկայի կառուցապատման դեմ բողոքի ակցիաներից, նա նաև կարծիք հայտնեց, որ գուցե այսպիսով միաժամանակ նաև քաղաքացիական շարժումները չեզոքացնելու փորձ է արվել։

«Ուշադիր նայեք՝ կտեսնեք, այն մարդիկ, ովքեր կողքից հայհոյանք են տալիս, սադրում են և այլն, կադրերով երևում է, նույն մարդիկ ոստիկանության դեմը սարքեցին, բրդելով բերեցին (ես այնտեղ եմ եղել) ու այդ մարդիկ այսօր ոչ մի պատասխանատվություն չեն կրում։ Ինչո՞ւ, ովքե՞ր էին դրանք»,- հարցնում էր ձերբակալված 40-ամյա Հայկ Հարությունյանի եղբայրը՝ Վարդան Հարությունյանը.- «Պարզ երևում է, ինչո՞ւ են ազատ, ինչո՞ւ դրանց չեն բռնում»։

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի նստացույցին հաջորդած այս իրադարձությունների հետևանքով 20 ձերբակալվածներին մեղադրանք առաջադրելու համար սահմանված 72-ժամյա ժամկետը լրանում է սեպտեմբերի 8-ին, որից հետո պարզ կդառնա, թե քանիսը կմնան անազատության մեջ և քանիսը խափանման այլ միջոցներով ազատ կարձակվեն։
XS
SM
MD
LG