Մատչելիության հղումներ

Երևանի գլխավոր ճարտարապետը՝ հրապարակի վերակառուցման և Փակ շուկայի մասին


Երևանի քաղաքապետարանը ամփոփել է Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի արդյունքները։ Ո'չ եկեղեցի, ո'չ խաչ, ո'չ էլ ժամանակակից լուծումներով որևէ շենք հրապարակում չի կառուցվի. նախագծերից որևէ մեկը հաղթող չի ճանաչվել։

Մրցութային հանձնաժողովը, որը ղեկավարում է Երևանի գլխավոր ճարտարպետ Տիգրան Բարսեղյանը, միայն երկու խրախուսական մրցանակ է տվել։

Բարսեղյանը կարծում է, որ պետք է հնարավորինս պահպանել հրապարակը, քանի որ այն մշակութային և պատմական ժառանգություն է։ Նրա փոխանցմամբ` հայտարարված մրցույթով առաջին հերթին ցանկանում էին լուծել հատակագծային հարցեր, որպեսզի տարածքն ավելի արդյունավետ օգտագործվեր։

«Մարդկանց մեջ ցանկությունը մեծ է, առաջարկներ ներկայացնելու, ինչ-որ տեղից մի արձան բերեն դնեն այնտեղ, ազգային հերոսների արձանը դնեն, համալիրներ կառուցեն, բայց առ այսօր 5-6 մրցույթ եղել է, բայց նմանօրինակ մի արժանի լուծում չի գտնվել։ Եվ այդպիսի շտապողականություն էլ չկա, որպեսզի անպայման մի բան կառուցենք», - պատասխանեց Բարսեղյանը «Ազատության» հարցին, թե գլխավոր ճարտապետի առջև դրվա՞ծ է Լենինի արձանից մնացած դատարկ տարածքը որևէ կերպ լցնելու խնդիր:

Սուպերմարկետի վերածված Փակ շուկան Երևանի նոր գլխավոր ճարտարապետը համարում է «դեֆորմացված», վերականգնման կարիք տեսնում է, բայց առայժմ միայն տեսականորեն է խոսում այդ մասին։

«Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է. նույնիսկ ավերված հուշարձանները կարելի է վերականգնել։ ժամանակ մեջ տեսնում եմ լույսը, որ երկարատև կամ ավելի խորը բանակցությունների ընթացքում, կառուցապատողի և հասարակության շերտերի կարծիքը հաշվի առնելով, միասին կարողանանք ընդհանուր լուծումներ գտենք», - ասաց գլխավոր ճարտարապետը։

Շուկայի սեփականատիրոջ հետ տարվող որևէ բանակցություն հիմա չկա։ Տիգրան Բարսեղյանն ասաց, որ ինքը կսկսեր բանակցել, եթե առաջարկ լիներ` առանց մանրամասնելու թե ում կողմից: Բայցև հիշեցրեց, որ շուկան ձևափոխելու թույլտվություն քաղաքապետարանը չէր տվել։

Անդրադառնալով քաղաքի կանաչապատ տարածքներին` Բարսեղյանն ասաց, որ դրանք ավելիացնելու «ձգտում ունեն», բայց «շատ դժվար է», ու այս պահին միայն փորձում են պահպանել եղածը։

Քաղաքապետարանը նաև սկսելու է Հյուսիսային պողոտայի վերանորոգման ծրագիր. պատրաստվում են փոխել հատակի սալիկները, որովհետև եղածը որակյալ չէ: Ստորգետնյա ավտոկայանատեղի հարկերից մեկը դառնալու է խանութների տարածք։

Հարցին, թե կանաչ մակերեսը Հյուսիսային պողոտայում վերանորոգման արդյունքում կավելանա՞, թե՞ ոչ, մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը պատասխանեց. - «Կանաչի տոկոսը ավելի կընդարձակվի։ Հյուսիսային պողոտայի միջավայրը ավելի հյուրընկալ կդառնա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG