Մատչելիության հղումներ

ԵՀԽ-ն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով


Ամենայն Հայոց, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները և Հայաստանի նախագահը այս տարվա սեպտեմբերին Էջմիածնում անցկացված Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ

Ամենայն Հայոց, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները և Հայաստանի նախագահը այս տարվա սեպտեմբերին Էջմիածնում անցկացված Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովի երեկվա նիստում շուրջ 345 եկեղեցիների 3000 պատվիրակները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունել են հատուկ բանաձևը, որն արդյունքն էր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների պաշտոնական դիմումների, ինչպես նաև ԵՀԽ-ի կենտրոնական կոմիտեում Հայ եկեղեցու նվիրակների հետևողական աշխատանքի: Այդ մասին այսօր հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Այդ բանաձևով, ըստ հաղորդագրության, որոշվել է 2015 թվականի ապրիլի 24-ի շրջանին Ժնևում կազմակերպել միջազգային կոնֆերանս ԵՀԽ-ի անդամ եկեղեցիների, միջազգային զանազան կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների մասնակցությամբ, այդ կոնֆերանսին զուգընթաց կազմակերպել միջեկեղեցական աղոթք Ժնևի Մայր տաճարում, կոնֆերանսի օրերին հրավեր ուղղել աշխարհի բոլոր եկեղեցիներին` աղոթել հայոց նահատակների համար:

«Բանաձևը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վերահաստատեց 1983 թվականին ընդունած ԵՀԽ դիրքորոշումը, նշանակալի ձեռքբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը 30 տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը ԵՀԽ-ի համաժողովում «Պետականազուրկ ժողովուրդների իրավունքի մասին» հայտարարության քննարկման ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսության պատվիրակության կողմից բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը: Պատվիրակությունը կոչ է արել ԵՀԽ-ին դատապարտել այս հարցի առնչությամբ աշխարհում կիրառվող երկակի չափանիշները:

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը այս շաբաթ ընտրվել է ԵՀԽ-ի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG