Մատչելիության հղումներ

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև բանակցությունները շարունակվում են, բայց «դեռ որևէ որոշում չկա»


Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկաս
Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկաս
Վիլնյուսում փաստաթղթի ստորագրման շուրջ բանակցությունները Հայաստանի ու Եվրամիության միջև շարունակվում են, բայց մինչ օրս հայտնի չէ, թե ինչ փաստաթղթի կամ միգուցե փաստաթղթերի մասին է խոսքը։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ Բրյուսելը շարունակում է բանակցությունները Երևանի հետ՝ փաստաթղթի ստորագրման շուրջ: Դեսպանը, սակայն, հրաժարվեց մանրամասնել, թե ինչ փաստաթղթի կամ փաստաթղթերի մասին է խոսքը:

Օրերս հայտնի դարձավ, որ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածը դատարկ է: Տեղեկությունը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ Եվրամիության պաշտոնյաները լրագրողներին էին տրամադրել փաստաթղթի նախնական տարբերակը:

«Հայաստանի ու Եվրամիության միջև բանակցությունները դեռևս շարունակվում են, բանակցություններն ընթանում են ամեն օր՝ երեկ, նախորդ օրը և ընթանալու են վաղը, այսօր դեռ որևէ որոշում չկա: Բանակցությունները գնում են վիլնյուսյան հռչակագրի, ապագայի վերաբերյալ: Այնպես որ, երբ փորձում են ասել, թե ամեն ինչ որոշված է, ճիշտ չէ»,- ասաց Լիտվայի դեսպանը։

Հարցին, թե Վիլնյուսում Հայաստանի ու Եվրամիության միջև Ասոցացման ու Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի փոխարեն հռչակագի՞ր է ստորագրվելու, դեսպանը պատասխանեց.- «Չեմ ցանկանում զբաղվել սպեկուլյացիաներով, թե ինչ կլինի, բայց հույս ունենք, որ ինչ-որ մի բան կլինի»:

«Ազատության» հարցին, թե իսկ ի՞նչ կտա կողմերին Վիլնյուսում Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրվելիք փաստաթուղթը, դեսպան Պետրիկասը պատասխանեց.- «Գիտեք, երեք տարի բանակցություններ վարել․․․ մեծ ժամանակահատված է և կան լուրջ ձեռքբերումներ, ուստի ամրագրել այն, ինչ ձեռք ենք բերել, կարծում եմ՝ բոլորն էլ ցանկանում են այդ անել: Իսկ թե ի՞նչ ձևով դա կարվի․․․ սպասենք, արդեն քիչ ժամանակ է մնացել: Չեմ կասկածում, որ Եվրամիությունը ուղիներ կգտնի Հայաստանի հետ ապագայում համագործակցելու համար, անպայման, դա մեր առաջնահերթությունն է»:

Ինչպես հայտնի է նոյեմբերի 28-29-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կկայանա Եվրամիության Արևելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովը, որի ժամանակ Եվրամիության ու գործընկերության մաս կազմող երկրներից Ուկրաինայի հետ նախատեսվում է ստորագրել Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը, իսկ Մոլդովայի ու Վրաստանի հետ նշված փաստաթղթերը պետք է նախաստորագրվեն:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը միանալու հայտնի հայտարարությունից հետո Եվրամիության ներկայացուցիչները բացառում են, որ վերոհիշյալ փաստաթղթերը կնախաստորագրվեն նաև մեր երկրի հետ:

Բացի այդ երեկ Երևանում վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Մաքսային միության ղեկավար մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի կողմից ստորագրվեց Հայաստանի ու հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման հուշագիր, որը Մաքսային միությանը մեր երկրի միանալու ֆորմալ սկզիբն է:

Անդրադառնալով Մաքսային միություն-Հայաստան ընթացող գործընթացին՝ Լիտվայի դեսպանը ասաց.- «Լիտվան միշտ էլ հարգանքով է մոտենում ինքնիշխան, անկախ որևէ երկրի որոշմանը, յուրաքանչյուր երկրի իրավունքն է որոշում կայացնել: Ուստի, մենք ապագային ենք նայում: Արևելյան գործընկերների հետ մեր հարաբերությունները չեն ավարտվում վիլնյուսյան գագաթնաժողովով և շատ կարևոր է, թե ինչ կլինի Վիլնյուսից հետո: Կարծում եմ Եվրամիությունն ամեն ինչ կանի, որպեսզի գտնի հետագա հարաբերությունների ձևերը: Մենք երբեք չենք փակի մեր դռները [մեզ հետ համագործակցել] ցանկացողների առջև: Ամենակարևորն այն է, որ Վիլնյուսից հետո շարունակություն կլինի»:
XS
SM
MD
LG