Մատչելիության հղումներ

Համագործակցության համաձայնագիր Հայաստանի և Իրաքի միջև


Հայաստանի վարչապետը ընդունում է Իրաքի փոխվարչապետին, լուսանկարը՝ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջից
Հայաստանի վարչապետը ընդունում է Իրաքի փոխվարչապետին, լուսանկարը՝ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջից
Երեկ Հայաստանի և Իրաքի միջև ստորագրվել է համաձայնագիր տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին:

Փաստաթուղթը Երևանում ստորագրել են Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ:

Իրաքի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ գործակցության մակարդակից և նշել, որ այն դրական արդյունքներ է տալիս: «Հայաստանը կարևորում է և շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն է վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև գրանցված առևտրաշրջանառության զգալի աճը», - Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Տիգրան Սարգսյանը:

Նշելով, որ Իրաքը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում, Նուրի Շաուեյսին հայտնել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում Երևան է ժամանել իրաքցի գործարարներից բաղկացած մեծ խումբ, որի նպատակն է նոր կապեր ստեղծել հայ գործընկերների հետ:

Կողմերը կարևորել են նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը, մուտքի արտոնագրերի դյուրացումը: Վարչապետի խոսքով՝ շինարարական հայկական կազմակերպությունները ևս շահագրգիռ են մասնակցել Իրաքում այդ բնագավառում իրականացվող ծրագրերին: Իրաքի փոխվարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել քննարկել այն իր երկրի կառավարությունում:

Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրաքի համար ՄՄ-ի անդամ պետությունների հետ կապերի սերտացման գործում: Իրաքի փոխվարչապետը շնորհավորել է ՄՄ-ի վերաբերյալ հայկական կողմի կայացրած որոշման կապակցությամբ:

Իրաքի փոխվարչապետը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ողջույնները: Իր հերթին, Հայաստանի կառավարության ղեկավարը խնդրել է Իրաքի վարչապետին փոխանցել իրեն հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու հրավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG