Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 7-ի մամուլ


Անդրադառնալով նախօրեին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերին` «168 ժամ»-ը գրում է. - «Իրականում Շանթի գործողությունները, մեծ հաշվով, պետության, քաղաքական համակարգի ոչ ադեկվատության հետևանքն են: Մարտի 1-ի արդյունքում ձևավորված Հայաստանի իշխանությանը հաջողվել է փողոցը՝ այդ բառի լայն ու նեղ իմաստներով, դուրս թողնել քաղաքականությունից: Սակայն դա տեղի է ունեցել ոչ թե նախկինում քաղաքականությունը փողոց տեղափոխած խնդիրների լուծման, իրական բարեփոխումների, այլ պարզապես փողոցում քաղաքականություն իրականացնողներին՝ ընդդիմադիրներին, տարբեր ձևերով պայքարի «քաղաքակիրթ» հարթակներ տեղափոխելու ճանապարհով: Այս ամբողջ ընթացքում որևէ խնդիր արմատական լուծում չի ստացել. բոլոր մակարդակի ընտրությունները՝ սկսած գյուղապետից մինչև նախագահական ընտրություններ, շարունակում են կեղծվել, ինչպես նախկինում, տնտեսությանը շարունակում են տիրապետել մի քանի օլիգարխներ, աղքատության մակարդակը շարունակում է աճել»:

«Մեծ հաշվով ոչ ոք չի հասկանում, թե ի վերջո ուր է մեզ տանում Սերժ Սարգսյանը և թե ինչպիսին է լինելու այդ ամենի հետևանքը», - գրում է «Ժողովուրդ»-ն ու շարունակում. - «Իսկ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ուղեղների լվացումը` լրատվական դաշտն անընդհատ ողողելով տեսարաններով` սկսած ակտիվիստների տարբեր բնույթի պայքարներից, ավարտած չկայացած հեղափոխություններով, որպեսզի չձևավորվի այդ հարցը: Եվ պետք է արձանագրել, որ դա հաջողվում է. Հայաստանի շուրջը օրեցօր օղակը սեղմվում է, մինչդեռ մենք բոլորս տարված ենք իշխանությունների մատուցած տեսարաններով»:

«Հայոց Աշխարհ»-ն անդրադառնում է միջադեպի ժամանակ ոստիկանության գործողություններին` փաստելով. - «Առնվազն մի քանի լրատվական կայքում ու մեկ թերթում նոյեմբերի 5-ի առավոտյան զետեղված էին հրապարակումներ, որոնցում Շանթ Հարությունյանն ուղիղ տեքստով ասում է, թե նախագահականի վրա բենզինի շշեր պետք է նետեն: Հարց է ծագում. ինչո՞վ էին զբաղված ոստիկաններն ու անվտանգության ծառայությունը մինչեւ ժամը 16-ը: Լո՞ւրջ չեն ընդունել, սովորական «հայկական» բառադիությո՞ւն է»:

«Չորրորդ իշխանություն»-ը մեջբերում է ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե «քաղբանտարկյալները նրանք են, ովքեր քաղաքական ֆորմատներ են փոխում, բայց մեր երկրում այդ խնդիրը չկա, քաղաքական շրջադարձների նպատակ չկա»: «Այս հարցում Գալուստ Սահակյանը իրավացի է` Հանրապետականի տեսանկյունից», - գրում է թերթն ու հեգնում. - «Բա իհարկե, իշխանական համակարգը ծայրից ծայր կոռումպացված է, տնտեսության 40 տոկոսը ստվերում է, գործազրկությունը 17 տոկոս է, աղքատությունը` 35, իսկ շրջադարձերի նպատակ ընդհանրապես չկա»:

«Առավոտ»-ը զրուցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ այս շաբաթավերջին Արարատում կայանալիք քաղաքապետի ընտրությունների շուրջ, որտեղ պայքարի են դուրս եկել Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստան»-ը: Թերթը հետաքրքրվել է, թե արդյոք օրենքի խախտում չէ Արարատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ անդամ Խաչիկ Մնացականյանի որոշումը՝ տարբեր քաղաքացիների իբրև օգնություն 15-40 հազար դրամ բաժանելու մասին։ Մուկուչյանը պատասխանել է, թե այդ որոշումը տեղական ինքնակառավարման մարմնի որոշում է` հավելելով. - «Եթե ընտրություններ են, դա չի նշանակում, որ կյանքը կանգ է առնում, և պետական կամ ՏԻՄ որևէ մարմին պետք է լիարժեք կերպով դադարեցնի իր գործունեությունը»:

«10 փաստ հայկական ֆուտբոլի մասին» վերտառությամբ հոդվածում «Հրապարակ»-ը գրում է. - «Չնայած հայկական ֆուտբոլը ներդրումների կարիք է զգում, այդուամենայնիվ ֆեդերացիան ձեռք է բերել 240 հազար եվրո արժողությամբ ավտոբուս, որն ընդամենը հավաքականին տարվա մեջ 4-5 անգամ Ֆուտբոլի ակադեմիայից տեղափոխում է Հանրապետական մարզադաշտ և հակառակը: Տարվա մնացած 361 օրը ավտոբուսը կանգնած է ակադեմիայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG