Մատչելիության հղումներ

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Ազատության» հետ զրույցում գնահատելով Ազատության հրապարակին հարակից տարածքում երեկ Շանթ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցածը, վկայակոչեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սահմանումը։

«Բառացիորեն ասում է՝ անհրաժեշտ է, որ իշխանությունները օրենքի ուժով պաշտպանեն և պահպանեն մարդու իրավունքները, որ նա ստիպված չլինի դիմել ըմբոստանալուն կամ հեղափոխություններին՝ որպես վերջին միջոց»,- ասաց Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանի բնորոշմամբ՝ Շանթ Հարությունյանը երեկ դիմել է ծայրահեղ միջոցի: Նա հատկապես կարևորեց միջադեպի բոլոր մասնակիցների գործողությունների դրդապատճառների պարզաբանումը.- «Մենք պետք է հստակեցնենք, թե ինչ է տեղի ունեցել, արդյոք կարող էին ոստիկանները անմիջապես ձերբազատվեին այդ սադրիչներից, որոնց մասին զգուշացնում էր Շանթ Հարությունյանը»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կասկած չհայտնեց, որ երեկվա դեպքը նախապես կազմակերպված էր։

«Ոստիկանությունը նախապես կազմակերպել էր օպերացիա՝ տապալելու այդ երթը, երբ դա կարող էր խաղաղ երթ լինել։ Բայց ներդրել էին սադրիչներ, ոստիկանապետի հայտարարությունները և ճառերը՝ քաղաքակիրթ լինելու, հեքիաթներ են, և այս իրավիճակներում ցույց է տրվում, թե ով է եղել ոստիկանությունը իրականում»,- ասում է Ալեքսանյանը։

Շանթ Հարությունյանի գործողությունները վերլուծելով՝ իրավապաշտպանը ուշադրություն հրավիրեց նրա խառնվածքին.- «Նրան բոլորը Հայաստանում ճանաչում են, գուցե մարդը մի քիչ էմոցիոնալ է, հանգիստ կարելի էր Շանթին տանել, ոչ թե ծեծի ենթարկել»։

Երեկվա միջադեպի մասնակիցների շրջանակին անդրադառնալով՝ իրավապաշտպանը ուշադրություն դարձրեց հանգամանքին, որ Ազատության հրապարակում բացի ոստիկաններից եղել են նաև հանրությանը քաջածանոթ մականունավոր օլիգարխները: Հրապարակված լուսանկարները փաստում են, որ Ազատության հրապարակում են եղել Ռուբեն Հայրապետյանը և Սամվել Ալեքսանյանը։

«Ոստիկանապետը ի ցույց դրեց, որ ինքը նրանց հետ, ոչ թե ժողովրդի հետ կամ ապահովում է մարդկանց անվտանգությունը։ Կարող եմ ասել, որ սա փոքրիկ մարտի 1 էր»,- ասում է Ալեքսանյանը։

Ոստիկաններին վնասվածքներ պատճառելու մասին, մասնավորապես, մի ոստիկանի դանակահարելու մասին չհաստատված լուրերից հետո իրավապաշտպանը եզրակացություններ է արել.- «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փորձում է կեղծիքն ու սուտը պարտադրել մարդկանց, որ իրենք օրինապահ են։ Բայց հենց այսպիսի դեպքերում է հստակ երևում, թե ոստիկանությունն իրականում ինչով է զբաղված»,- եզրափակեց իրավապաշտպանը:
XS
SM
MD
LG