Մատչելիության հղումներ

Լեփ-լեցուն միկրոավտոբուսներ, երբեմն 12 ժամ անընդմեջ աշխատող վարորդներ ու անսարք մեքենաներ. այս պատկերը 66 ամյա Հայկ Գասպարյանը անգիր գիտի։ Մոտ տասը տարի աշխատել է տրանսպորտի ոլորտում և վստահ է՝ եթե գծատերեր չլինեն, շատ հարցեր կլուծվեն՝ անգամ 100 դրամ սակագնով։

«Շղթայի մի օղակը կբացակայի, ուղիղ՝ վարորդ-պետություն»,- ասում է Գասպարյանը։

Նախկին վարորդն այսօր արդեն անարգել է խոսում տրանսպորտի վիճակի մասին, ասում է՝ տարիներ շարունակ ամեն օր 15 ժամ ղեկին է անցկացրել։ Օրվա վերջին վաստակած 27.000-28.000 դրամի գրեթե կեսը, սակայն, մտել է գծատիրոջ գրպանը՝ գիծը սպասարկելու համար։

«13 հազար դուրս էի տալիս գծի համար, մի 6-7-8 հազար գազի, մնացածը մնում է քեզ՝ օրական 5-6 հազար դրամ, օր է լինում 7 հազար, չեմ ժխտում»,- ասում է Գասպարյանը։

Վառելիքի ծախսը փակելուց հետո մնացած 5000-7000 դրամը ուրախությամբ տուն կտաներ, եթե ավտոմեքենայի անսարքության համար ստիպված չլիներ սեփական գրպանից վճարել։ Մեզ շահագործում են, ասում է Հայկն ու նշում, որ տարիներ շարունակ աշխատել է շաբաթվա 7 օրն անընդմեջ՝ առանց հանգստի։

«Մենք չգիտենք ինչ բան է բյուլետենը, պրոֆսայուզը, մի հատ վարորդի հագուկապին նայեք, ձեռքերի կեղտին նայեք, անթրաշ, քունը գլուխը... վարորդների կեսը մեքենայի մեջ են ապրում, որովհետև ռայոնի տղաներ են»,- ասում է նախկին վարորդը։

Կիրակի օրերը գծատերերը թույլ էին տվել վաստակած ողջ գումարը տուն տանել, բայց այդ օրերին ստիպված էր աշխատել ավտոմեքենայի համար կատարած ծախսերի պարտքերը փակելու համար։

Արդեն կես տարուց ավելի տրասպորտի ոլորտում խնդիրների մասին խոսում են նաև գծատերերն ու քաղաքային իշխանությունները։ Ասում են՝ առանց սակագինը բարձրացնելու՝ անհնար է քաղաքակիրթ պայմաններ ապահովել։նախկին վարորդը, մինչդեռ վստահ է՝ առաջին հերթին պետք է ոչ թե թանկացնել, այլ գծատերերի ախորժակը զսպել։

«Նայած ինչ հաստության ցեպ են ուզում գցել իրենց վզին։ Բա էլ ինչի՞ է գծատեր, որ չի ուզում հարստան»,- ասում է Գասպարյանը։

Չդիմանալով այս ոլորտում ստեղծված իրավիճակին ու ըմբոստանալով՝ Հայկ Գասպարյանը 2012 թվականին դուրս է եկել աշխատանքից։ Նա այն եզակի վարորդներից է, ով աշխատանքից դուրս գալուց հետո դատի է տվել գծատիրոջը՝ պահանջելով ի վերջո վճարել իրեն պարտք մնացած աշխատավարձը։ Գործատուի հետ պայմանագրի համաձայն, ինչպես նախկին վարորդն է նշում, նրա ամսական աշխատավարձը կազմել է 47.000 դրամ, բայց ինքը 8 տարվա ընթացքում այդ գումարի երեսը չի տեսել։ Դատարանը մասնակի բավարարել է նրա հայցը։ Գծատերը սակայն, անգամ այդ որոշումից հետո գումարը չի վճարել և բողոքարկել է վերադաս ատյան։
XS
SM
MD
LG