Մատչելիության հղումներ

Կենսաթոշակային ֆոնդերը կառավարելու հավակնորդները 2-ն են


Կենտրոնական բանկի շենքը Երևանում:

Կենտրոնական բանկի շենքը Երևանում:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) երկու հայտ է ստացել:

Այսօր հրապարակվել է, որ դրանցից առաջինը ֆրանսիական «Ամունդի»-ի հայտն է՝ «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկի հետ միասին, մյուսը՝ ավստրիա-գերմանական «Ց-քվադրատ» և «Տալանքս» ընկերություններինը:

Փաստորեն 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների ընտրությունը ընդամենը երկու կառավարիչների միջև է լինելու: Իսկ նրանց փոխարեն, ովքեր ընտրությունը չեն կատարի սահմանված ժամանակահատվածում՝ մինչև հաջորդ տարվա հունվարի կեսը, այդ որոշումը կկայանցնի պետությունը:

Այս ու այլ մանրամասներ «Ազատության»-ը հայտնեց ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը․ - «Յուրաքանչյուր ընկերություն 3 տիպի ֆոնդեր է առաջակելու, որոնք միմյանցից տարբերվելու են իրենց ռիսկայնությամբ: Այսինքն՝ յուրաքանչյուր մասնակից, ելնելով ռիսկայնության իր «ախորժակից», պետք է համապատասխան ընտրություն կատարի ֆոնդերի միջև»:

Հիշեցնենք, որ մասնագետները բազմիցս նշել են, որ համակարգի արդյունավետությունը կախված է ֆոնդերի կառավարիչների աշխատանքից: Ինչպես պետք է, ասենք, միջնակարգ կրթությամբ գյուղաբնակ քաղաքացին հասկանա, թե որն է ռիսկային ֆոնդը, որը՝ ոչ: ԿԲ-ից վստահեցնում են, որ դրանք հեղինակավոր կառույցներ են, բայց այս պահին դրանց մասին տեղեկություն հնարավոր է ձեռք բերել միայն համացնացում, որն էլ վստահաբար հասու չէ բոլորին:

Ինչ վերաբերում է ռիսկերին ու երաշխիքներին, ապա, ըստ Աբրահամյանի, ցանկացած տնտեսական գործունեություն իր մեջ ռիսկ է պարունակում, ուստի իրենք մշակել են դրանք նվազեցնելու մեխանիզմներ․ սահմանված են լինելու հուսալի աղբյուրները, սահմանափակվելու է ոչ բարի համբավ ունեցող ընկերությունների մուտքը Հայաստանյան շուկա:

«Կենսաթոշակային ֆոնդը հանդիսանում է մասնակցի սեփականությունը, այլ ոչ թե ակտիվների կառավարչի: Եվ տեսականորեն, եթե նույնիսկ դեպք լինի, որ, օրինակ, ակտիվների կառավարիչը սնանկանա, դա չի նշանակում, որ կենսաթոշակային ֆոնդի միջոցները փոշիանալու են: Եթե այդ ընկերություններից մեկը ուզենա դուրս գալ այդ բիզնեսից կամ սնանկանա, պարզապես այդ միջոցները փոխանցվելու են այլ ակտիվների կառավարչի, և այդ ակտիվների կառավարիչը, պահպանելով մասնակցի սեփականությունը, շարունակելու է կառավարել»:

Նրա վստահեցմամբ՝ նույնիսկ ամենառիսկային ֆոնդն ընտրելու ու դրա սնանկացման դեպքում պետությունը երաշխավորելու է քաղաքացու կատարած վճարումների վերադարձը:

Տնտեսագետ, Arrow Global ընկերության կառավարիչ-տնօրեն Սամսոն Ավետյանը, «Ազատության» հետ զրույցում թեպետ բարձր գնահատեց ընտրված ընկերությունների վարկանիշը և քիչ հավանական համարեց ֆոնդերի սնանկացումը, այդուհանդերձ, դժվար է պատկերացնում, թե ինչպես է ֆոնդը սնանկ ճանաչվելու դեպքում պետությունը վերադարձնելու գումարը. - «Երբ գումարները մեծ են և հարյուրավոր միլիոնների են հասնում, վերադարձնել այդ տիպի գումարներ, դժվար կլինի, նույնիսկ նոմինալը»:

Սամսոն Ավետյանի ընկերությունը նույնպես դիմել էր ԿԲ` պարտադիր կենսթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար, բայց հայտը չի ընդունվել: Տնտեսագետը, մինչդեռ, վստահեցնւոմ է, որ այսօր շատ ցանկալի կլիներ, որ այդ կապիտալը կառավարվեր հայկական կազմակերպությունների կողմից. - «Դրա օգուտը նաև այն է, որ տեղի տնտեսությունում ստեղծվում է մի նոր ճյուղ, մի նոր ոլորտ, որը զարգանում է, նոր աշխաատատեղեր են ստեղծվում: Հիմա մենք էլի ներկրում ենք ծառայություն ու զարգացնում ենք ուրիշ կազմակերպություններին»:

Այս համակարգի շրջանակում շատ հարցեր են առաջանում: Օրինակ, հստակ չէ, թե ինչու դատավորների, ուժային կառույցների և նրանց հավասարեցված անձանց վրա պարտադիր կուտակային համակարգը չի տարածվում: Եվ առհասրակ ինչու է համակարգը պարտադիր է, այլ ոչ թե կամավոր: ԿԲ-ից պատասխանում են, թե փորձը ցույց է տալիս, որ եթե քաղաքցուն չեն ստիպում խնայել գումարը, ապա ապագայում սա պետության համար լրացուցիչ սոցիալական բեռ է դառնում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG