Մատչելիության հղումներ

logo-print

Բիլդտը դեռ համոզված չէ, որ Ուկրաինան կստորագրի Ասոցացման համաձայնագիրը


Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ, արխիվ

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտ, արխիվ

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը անգամ այժմ համոզված չէ, որ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում Ուկրաինան կստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:

«Դուք դեռ համոզվա՞ծ եք, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Ուկրաինան կստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը», - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակի հարցին Շվեդիայի արտգործնախարարը պատասխանել է․ - «Ոչ, ես երբեք համոզված չեմ եղել, որովհետև դա շատ ծանր է»:

Կարլ Բիլդտը նշել է, որ Ուկրաինայի իրավիճակի մասին նոյեմբերի 14-ին կլսեն Եվրախորհրդի նախկին նախագահ Փաթ Քոքսի և Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկու զեկույցը: Նրանք բանակցային առաքելությամբ այցելել էին Ուկրաինա և հիմա պատրաստվում են զեկույց ներկայացնել: Այնուհետև հարցը քննարկվելու է նոյեմբերի 18-ին կայանալիք Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստում:

«Բայց այս պահին որևէ հնարավորության վրա ես մեծ գումարներ չէի դնի, եթե այս պահին ես որևէ գնահատական ունեմ, ապա դա թեթևակի պեսիմիզմ է», - ասել է Կարլ Բիլդտը:

Ադրբեջանի և Բելառուսի մասով Ռիկարդ Յոզվիակը, նկատի ունենալով, որ երկու երկրների նախագահներն էլ ոտնահարում են մարդու իրավունքները, հարցրել է՝ որդյոք հեգնական չի՞ հնչում, երբ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ոչ, «ո՞րն է նրանց միջև տարբերությունը»: Բիլդտը պատասխանել է․ - «Տարբերությունը, իհարկե, այն է, որ պարոն Լուկաշենկոն կողպում է բոլոր ընդդիմադիրներին՝ ես նկատի ունեմ, որ բոլոր հիմնական ընդդիմադիր առաջնորդները բանտարկված են: Ադրբեջանի իրավիճակը ավելի լավը չէ, բայց այս առումով տարբերվում է»:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա իշխանափոխությունից հետո վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ակնարկեց, թե հնարավոր է՝ քրեական գործ բացվի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ: Արդյոք մտավախություններ կա՞ն, որ կարող է Ուկրաինայում բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործի նման մի նոր գործ բացվել, այս անգամ՝ Վրաստանում: «Կարծում եմ, դա կարող է ամենավատ բանը լինել, և մենք այդ մասին պարզորոշ ասել ենք պարոն Իվանիշվիլիին: Եթե նա այդ ճանապարհով գնա, ապա մի քանի տարով կվնասի երկրի զարգացումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զգուշացրել է Շվեդիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG